Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նյարդերը խնայեք, որ չհիվանդանաք

Օգոստոս 01,2009 00:00

«Նեւրոզները, որոնք առավել տարածված են երիտասարդության շրջանում, տարածվածության առումով 2-րդ տեղն են զբաղեցնում: Նեւրոզների պարագայում մեծ դեր ունեն մարդու անհատական հատկանիշները՝ բնավորությունը, խառնվածքը, դաստիարակությունը: Այս 3 գործոններով է պայմանավորվում մարդու ինքնավերահսկումը, նրա հավասարակշռվածությունն ու սթրեսների եւ կյանքի դժվարությունների հանդեպ կայուն լինելը»,-«Առավոտի» հետ զրույցում ասաց Էրեբունի բժշկական կենտրոնի Նյարդաբանության կենտրոնի նյարդաբան Հասմիկ Ամրոյանը: Նրա ներկայացմամբ՝ նյարդաբանական հիվանդություններից ամենատարածվածը ինսուլտներն են. «Ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումներն ավելի շատ հանդիպում են տարեցների մոտ՝ 45 եւ ավելի տարեկան, քանի որ ռիսկի գործոնները, որոնք կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն բերել նյարդաբանական հիվանդությունների առաջացման, առավել արտահայտված են այդ տարիքային խմբում»:

Հ. Ամրոյանի խոսքերով՝ նյարդաբանական հիվանդությունների հիմքում ընկած են սթրեսները. «Սթրեսային գործոնը մեծ կարեւորություն ունի բժշկության բնագավառում: Նաեւ շատ մեծ կարեւորություն ունի հոգեբանների կարիք ունենալը: Մարդիկ խուսափում են հոգեբաններին դիմելուց եւ շատ հաճախ, եթե ժամանակին դիմեն հոգեբանի եւ ստանան համապատասխան օգնություն, կարող է չհասնեն սուր վիճակի, չընկնեն հոգեբուժարան եւ այլն»: Հ. Ամրոյանի կարծիքով, այս բացը պետք է լրացնել սոցիալականացման ագենտների միջոցով: «Պետք է բարձրացնել հասարակության սանիտարական կուլտուրան: Մարդկանց պետք է ագիտացիա անել դպրոցների, մամուլի, հեռուստատեսության եւ հատկապես ընտանիքի միջոցով, քանի որ ինֆորմացված լինելն է, որ զինում է մարդուն»: Նյարդաբան Վազգեն Մնացականյանի խոսքերով էլ, նեւրոզների հիմքում հիմնականում ընկած են սոցիալական, նյութական եւ ընտանեկան խնդիրները. «Մեկ բառով սա կարելի է բնութագրել որպես անբավարարվածություն ամեն ինչից, այդ թվում՝ աշխատանքից, աշխատավարձից, հասարակության մեջ ունեցած դիրքից ու ստատուսից, իր հանդեպ այլ մարդկանց ունեցած վերաբերմունքից, ընտանիքում տիրող լարված մթնոլորտից, կողակցի անհանդուրժողական վերաբերմունքից եւ այլն»:

Բժիշկները հատկապես կարեւորում են ընտանիքի գործոնը մանկական նեւրոզների պարագայում. «Երեխաները շատ զգայուն են ընտանիքում առկա երեւույթների նկատմամբ: Ծնողների միջեւ առօրյա կենցաղային վեճերը, սոցիալական եւ նյութական խնդիրները իրենց բացասական հետեւանքներն են ունենում երեխաների վրա: Նրանց մոտ կարող է սկսվել անքնություն, մղձավանջային երազներ, տրամադրության երկարատեւ անկում եւ այլն»: Այս առումով նյարդաբանները կարեւորում են հոգեբանական ճիշտ մոտեցումները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել