Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈԼՈՐԻ ՎՃԻՌՆԵՐԸ ՄՆԱՑԻՆ ԱՆՓՈՓՈԽ

Օգոստոս 01,2009 00:00

Վերաքննիչ դատարանը երեկ քննության առնելով Ալեքսանդր Արզումանյանի, Սուրեն Սիրունյանի, Մյասնիկ Մալխասյանի, Հակոբ Հակոբյանի ու Սասուն Միքայելյանի գործերով ներկայացված բողոքները՝ մերժեց դրանք եւ նրանց նկատմամբ կայացրած վճիռները թողեց անփոփոխ: Հիշեցնենք, որ այդ գործիչների պաշտպանները վիճարկել էին ընդհանուր իրավասության դատարանների վճիռներն ու արդարացում պահանջել: Ալեքսանդր Արզումանյանը դատական նիստի ընթացքում հայտարարեց. «Հաշվի առնելով, որ պարտադրված եմ արդարադատություն փնտրել Հայաստանի սահմաններից դուրս՝ ես ստիպված եմ դիմելու եւ անցնելու դատական բոլոր ներպետական ատյանները, ինչն ինձ թույլ կտա դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան»: Նա նշեց նաեւ, թե որպես նախկին արտգործնախարար համակարգելով մի շարք եվրոպական կոնվենցիաներին Հայաստանի միանալը՝ ցավ է ապրում, որ արդարադատության հասնելու համար ստիպված է «ապացուցել, որ ուղտ չեմ»: Պաշտպանները պատրաստվում են վճիռները բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Վերաքննիչ դատարանում քննությունն առիթ դարձավ, որ ցուցմունք տա 8 տարվա ազատազրկման դատապարտված ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը, որին ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանվելու եւ վերջին խոսք ասելու հնարավորություն չտրվեց: Նա մասնավորապես առաջին անգամ պատմեց, թե որտեղից է իր մոտ հայտնվել զինամթերքը: Ըստ Սասուն Միքայելյանի՝ ինքը Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին հայտնել էր, թե որտեղ է պահված այդ զինամթերքը, որը մինչ այդ չէր հաջողվել հայտնաբերել ոստիկաններին: Նաեւ պնդեց, թե այն իրեն էին հանձնել պաշտպանության նախարարությունից՝ Վազգեն Սարգսյանի հրահանգով:

Նշենք նաեւ, որ դատարանի դիմաց բազմամարդ էր: Այստեղ էին հավաքվել ընդդիմության ակտիվիստները՝ նախկին քաղբանտարկյալների նկարները պարզած, եւ պահանջում էին արդարացնել նրանց, իսկ դատարանի շենքը պաշարված էր ոստիկաններով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել