Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲԱՑՎԵՑ «ԴՅՈՒՊԼԵԿՍ» ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲԸ

Օգոստոս 01,2009 00:00

«Այստեղ չի լինելու հաճելի եւ ոչ հաճելի հյուր, հյուրը մնում է հյուր»,- երեկ ակումբի բացման ժամանակ հայտարարեց ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը։ Երեւանում գործող մամուլի ակումբների թիվն ավելացավ եւս մեկով: Մամիկոնյանց 27 Ա հասցեում երեկ հանդիսավոր բացվեց «Դյուպլեկս» ակումբը, որը կհամակարգի մեր գործընկեր Էմանուել Մարգարյանը: Վերջինս ասաց, որ պատրաստ է աշխատել ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների հետ: Ակումբի հետ անմիջականորեն համագործակցող ԱԼՄ հոլդինգի ղեկավար, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանի հետ զրույցում «Առավոտը» նկատեց, որ այսօր մեր հանրապետությունում մամուլի ակումբների պակաս չկա, ասուլիսների պակաս՝ նույնպես, ուրեմն ինչո՞վ է պայմանավորված այս հերթականի բացումը: Ի պատասխան՝ պարոն Կարապետյանն ասաց, որ իրենք «որոշակիորեն» համագործակցելու են այս ակումբի հետ. «Ասեմ, որ կա անոնսների պակաս, ժողովրդին տեղեկատվություն մատուցելու պակաս, բացի դա, լինելու են ասուլիսներ, որոնց ոչ մի հեռուստաընկերություն չի գալիս, փաստորեն լինում է պատվեր իշխանության կողմից, որ այս մեկին չգնա՝ չեն գնում: Մեզ մոտ այդպիսի բան չի լինելու, որովհետեւ մենք, ինչ հյուր ուզում է լինի, լուսաբանելու ենք, ԱԼՄ-ն, որը համագործակցում է այս ակումբի հետ, անպայման ուղարկելու է իր լրագրողներին, եւ անոնս ենք տալու: Մեզ մոտ լինելու են հզոր անոնսներ, լինելու են լավ պայմաններ, ինչու չէ՝ նաեւ նոր ասուլիսների ֆորմատ կունենանք, նախապես չասեմ, բայց դուք կտեսնեք նոր, հետաքրքիր ձեւաչափ»:

«Դյուպլեկս» մամուլի ակումբի հովանավորներն են «Սիլ-Կոնցեռնը» եւ «Ալոկոզեյ» թեյի ֆիրման:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել