«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը երեկ դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու մասնավորապես հայտնել, թե հուլիսի 31-ին հեռախոսազրույց է ունեցել դատապարտյալ Սարգիս Հացպանյանի հետ եւ տեղեկացել, որ Ֆրանսիայում ապրող քաղցկեղով հիվանդ նրա հայրն արդեն մահվան եզրին է. «Հոր առողջական վիճակի վատթարացումը հաստատեցին նաեւ ընտանիքին մոտ կանգնած այլ մարդիկ»: Ստյոպա Սաֆարյանը նախագահին գրել է. «Խնդրի լուծումը Ձեր իրավասության ներքո է. Սարգիս Հացպանյանը պետք է իր վերջին հրաժեշտը տա ծնողին՝ կատարելով հոր վերջին ցանկությունը եւ իր որդիական պարտքը: Մեր պետությունը Ձեր բարձր երաշխավորությամբ կարող է դա կազմակերպել: Դուք ի զորու եք ավելին անել. այն է՝ դիմել ԼՂՀ ղեկավարությանը եւ խնդրել հաստատելու Սարգիս Հացպանյանի վերաբերյալ տարբեր պատկան մարմիններին իրենց իսկ տված պարզաբանումները, որտեղ խոստովանել են հայրենիքի սահմանների պաշտպանության գործում նրա մասնակցությունը: Նրանք ընդամենը պետք է հաստատեն իրենց պաշտոնական գրությունները՝ Սարգիս Հացպանյանի վերաբերյալ տրվող տեղեկանքի տեսքով: Այդ դեպքում Հացպանյանը համաներմամբ ազատություն կստանա ու կվերադառնա իր ընտանիք: Խիզախ, ճիշտ եւ մարդասեր քայլ կատարելու պատեհ պահն է»: