Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Իմ երեխու կյանքը չպիտի կորեր իրենց աթոռների համար»

Օգոստոս 01,2009 00:00

Ներկայացնում ենք «Մարտի 1»-ի զոհերից՝ զինծառայող Տիգրան Աբգարյանի մոր «Ա1+»-ին տված հարցազրույցի սղագրությունն ըստ տեսագրության:

Տիգրան Աբգարյանի մայրը՝ Ռուզաննա Հարությունյանը, չի բացառել այն վարկածը, թե իր որդուն կարող է սպանած լինել Ոստիկանական զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանը: «Ես ամեն վարկածի էլ հավատում եմ եւ չեմ հավատում ոչ մեկի։ Ես ամեն ինչ… միայն ապացուցեն ինձ,- ասել է զոհված զինվորի մայրը:- Ես կորցրել եմ իմ հավատը բոլոր մարդկանց նկատմամբ՝ սկսած վերնախավից մինչեւ վերջին զինվորականն ու զինվորը, որ կանգնած են եղել իմ երեխու կողքին։ Եթե բաներ են պարզվում, որ իրենք իմանալով հանդերձ, իմ աչքերին նայելով՝ ինձ ստել են, ուրեմն՝ ես էլ այստեղ անելու բան չունեմ: Ես երեւի պիտի իրերս հավաքեմ՝ գնամ կա՛մ տղայիս գերեզմանի կողքին նստեմ, որ ոչ մեկի երեսը չտեսնեմ՝ մինչեւ մեռնեմ-գնամ տղայիս մոտ, կա՛մ էլ ընդհանրապես այս երկրից պիտի իրերս հավաքեմ-գնամ: Բայց ես տեղ չունեմ գնալու, որովհետեւ իմ երեխու գերեզմանաքարը չեմ կարող թողնել-գնալ ուրիշ տեղ։ Իսկ էս անօրեն ու չգիտեմ ինչ երկրում, որ մենք ենք ստեղծել՝ ի՜նչ երազանքներով ենք ապրել, երեխա բերել, որ Հայրենիքին ծառայի՝ այսօրվա օրը ինձ այսպես փաստի առաջ են կանգնեցրել։

Ես հավատում եմ Փաստահավաք խմբին, որ թերություններ եղել են, շա՛տ են եղել: Ինձ համար շատ անսպասելի էր, եւ ես իհարկե ողջունում եմ այս երկու ընկերներին, որ գրել են՝ ես անգամ չէի ճանաչում իրենց: Բայց մի քիչ ինձ համար էլ նորություն է իրենց գրածները, ես դեռ պետք է ընկալեմ այս տեղեկատվությունը… Ինքս այնտեղ եմ եղել, երեխուս տկլոր վիճակում տեսել եմ հիվանդանոցում, էդ ո՞նց է եղել, որ ես էդ կապտուկներն ինքս չեմ նկատել, միգուցե իրո՞ք սթրեսի մեջ եմ եղել, չեմ նկատել, կամ ընենց լավ են քողարկել, որ չեմ նկատել։

Ես ինքս էլ շատ զարմացած ու զայրացած եմ եղել, որ մի՞թե չեն կարողացել էդ գնդակի տրամաչափի… մենք հո քարի դարո՞ւմ չենք ապրում. հիմա հեռուստատեսությամբ էնքա՜ն բաներ են ցույց տալիս, մազով մարդ են գտնում, մարդասպան են գտնում, բայց մեր երկիրն ի՞նչ է՝ չունի՞ ոչ մի բան, որ պարզի, թե էդ գնդակն ի՞նչ հեռավորությունից է եկել, ո՞ւր է գնացել»: Լրագրողի հարցին՝ չե՞ն կարողացել պարզել, թե՞ չեն ցանկացել՝ Տիգրան Աբգարյանի մայրը պատասխանում է՝ երեւի երկուսն իրար հետ. «Ինչ-որ բաներ արել են. կա՛մ ոչ մասնագետներ են եղել անողները, կամ էլ թե չէ՝ չեն ուզել անել, մտածել են՝ զինվոր է, էլի՝ մեռել է-մեռել է, ինչ անենք…

Համենայնդեպս, հույս ունեմ, որ կբացահայտվի։ Ես չեմ կարող հանգստանալ մինչեւ չբացահայտվի: Ես պիտի տեսնեմ էդ մարդուն, ես պիտի նայեմ նրա աչքերի մեջ… Ես պիտի տեսնեմ էդ մարդասպանին, որ կարողացավ զինվորի վրա կրակել: Ես մենակ դրանով եմ հիմա ապրում, իմ ամուսինն էլ: Նա հիմա վաղուց ոտերը ձգած կլիներ երեւի: Բայց մեզ մենակ էդ մի բանն է պահում»:

Հարցին, թե Հատուկ քննչական խումբն իրենց երբեւէ կանչե՞լ է 10 զոհերի գործով՝ Ռուզաննա Հարությունյանը պատասխանում է. «Չէ, ոչ մեկը ինձ ո՛չ կանչել է, ո՛չ էլ զանգել, ո՛չ ասել որեւէ բան։ Ո՛չ փաստահավաք խումբն է ասել, ո՛չ Հատուկ քննչական խումբը: Հատուկ քննչական խումբը մինչեւ վերջերս իրենց հետաքննությունն անցկացնելուց՝ մեկ էլ «7»-ի գործով ինձ մի անգամ կանչեցին՝ որպես զոհվածի մոր ստորագրություն վերցրեցին»:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում, որ սկզբում այդ սպանությունները վերագրեցին այդ 7 քաղբանտարկյալներին՝ Տիգրան Աբգարյանի մայրը պատասխանում է. «Ախ, 7 քաղբանտարկյալները սպանության հետ ի՞նչ կապ պիտի ունենային: Նրանք կարող է ինչ-որ ոգեւորված, դրդած լինեն ժողովրդին, բերած լինեն: Իրենք իրենց գործն են արել, իրենց հեղափոխությունն էին ուզում անեին: Բայց հո չէի՞ն ասել՝ գնացեք-կանգնեք ու զինվորին դիմահար կրակեք կամ դիպուկահարներ դնեին, որ կրակեն երեխուն… Ես համարում եմ հնարավոր դիպուկահարները, որովհետեւ իմ երեխան զրահապատ է եղել՝ գլխին զրահ է ունեցել, զրահաբաճկոն է եղել իր վրա: Երեւի իմ երեխու բախտը չի բերել, որ վիզը երկար է եղել՝ վիզը 3 սմ բաց է եղել… Ես միշտ ասել եմ՝ Նիկոյանին էլ, բոլորին էլ՝ ես 3 սանտիմետրանոց պատահականություններին չեմ հավատում: Ինձ փորձում են հավաստիացնել, որ դա պատահական գնդակ է եղել, ժողովրդի միջից պատահական կրակել են, պատի անկյունից կրակել են՝ ավտոմատ է եղել: Եթե ավտոմատի կրակահերթ է եղել՝ կողքի կանգնածներին էլ ինչ-որ մեկին պիտի կպներ: Էդ մարդը հո ուղի՞ղ չի կրակել. ավտոմատը, որ կրակում է՝ կրակահերթով է գնում, չէ՞»:

Զոհվածի մայրն ամփոփում է. «Էդ գործը չպիտի փակվի՝ ինչքան էլ ապաշնորհ լինեն մեր կառավարությունը, մեր էս դատախազության քննիչները: Մենք հիմա քարե դարում չենք՝ իրենք ի վիճակի՞ չէին, թող ուրիշ տեղից մարդիկ կանչեին, որ բացահայտեին իմ երեխու սպանությունը: Իմ 18 տարեկան երեխու, անմեղ երեխու կյանքը չպիտի գնա՝ հենց այնպես կորի ինչ-որ պատահական ինտրիգների, թե աթոռների, թե ինչերի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել