Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԱՅՍՕՐ ՀԱՅՀՈՅԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ ԶԲԱՂՎԵԼ»

Օգոստոս 01,2009 00:00

\"\"«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը վստահ է, որ պետք է բանակցել հողերը ետ բերելու եւ ոչ թե զիջելու շուրջ:

– Ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո դուք հայտարարեցիք, որ պայքարը շարունակվելու է, սակայն, համաձայնեք, ստեղծվել է մի տեսակ հրադադարի իրավիճակ, երբ ոչ իշխանությունները եւ ոչ էլ ընդդիմությունն ակտիվություն չեն ցուցաբերում: Ինչպե՞ս է ուրեմն դրսեւորվում ձեր պայքարը:

– Փաստորեն հիմա Հայաստանի համար ծանրագույն ժամանակաշրջան է, հատկապես արտաքին մարտահրավերների հարցում: Միեւնույն ժամանակ պետք է ասեմ, որ ներքին իրավիճակը բավականին անկայուն է, անկայուն է եւ սոցիալ-տնտեսական առումով, եւ բարոյահոգեբանական մթնոլորտով: Այս իրավիճակում, այո, կարծես հրադադարի նման մի բան է: Երկու կողմերի համար փնտրտուքի ժամանակաշրջան է սա: Իշխանությունը, ես հաստատ գիտեմ, գիտակցում է այս անելանելիությունը, ուղղակի չի ուզում ասել: Միաժամանակ, կարծում եմ, հասկանում են, որ այս ձեւով շարունակել հնարավոր չէ, եւ քանի գնում է՝ իրենց կառավարման անհնարինությունը զգացվում է: Մոտավորապես մեկուկես տարվա ընթացքում, նկատի ունեմ նախագահական ընտրություններից հետո, որեւէ էական դրական փոփոխություն երկրում չի զգացվում: Եվ այդ ամենը կապել միջազգային տնտեսական ճգնաժամի հետ, ճիշտ եւ արդարացի չէ:

Հայաստանն այն հզոր երկիրը չէ, որի վրա դա ազդեր, եւ այս սոցիալ-հոգեբանական անկումը ճգնաժամի հետ կապելը ուղղակի անբնական է:

Ես չեմ ուզում այսօր հայհոյախոսությամբ զբաղվել, ուղղակի այն մոտեցումները, որ որդեգրել են օրվա իշխանությունները (ես չեմ էլ ասում, որ նրանք ոչ լեգիտիմ են, ոչ ազգայնական կամ ոչ ժողովրդավարական, այդ որակումները չեմ ուզում տալ, դրա մասին բոլորը խոսում են), որեւէ լավ բանի չի բերում: Կադրային այն քաղաքականությունը, որն իրականացվում է, որեւէ բանի չի հանգեցնի: Կադրին նշանակելով՝ երեւում է, թե ինչ քաղաքականություն է վարվում: Իր նշանակած կադրերով որեւէ տեղ չի հասնի, հատկապես իր առանցքային կադրային քաղաքականության մասին է խոսքը:

– Վերջերս ձեր՝ արդեն նախկին կուսակից ընկեր Գեղամ Հարությունյանը պաշտոնի նշանակվեց պաշտպանության նախարարությունում: Դուք նաեւ ա՞յս նշանակումը նկատի ունեք:

– Ես Գեղամ Հարությունյանին նկատի չունեի: Նա նշանակվել է նախարարի օգնական, որը ես բարձր պաշտոն չեմ համարում: Ես ցավում եմ, որ այդպես ստացվեց, որ Գեղամ Հարությունյանը գաղափարական նահանջ ունեցավ: Գեղամը պատրաստի կադր է, ունակ է, բայց այն օղակը, որ նրան վստահվել է, այն տեղը չէ, որտեղ նա կկարողանա ինչ-որ բան փոխել: Բայց ինքն ի վիճակի է աշխատել: Դա իր անձնական որոշումն է, կուսակցական որոշում չէ: Չգիտեմ՝ ինչ հանգամանքներից ելնելով է նա կայացրել այդ որոշումը: Ուղղակի մարդկայնորեն ցավում եմ, որ ինքը այդ որոշումը կայացրեց: Բայց՝ բարի երթ իրեն:

– Ինչպե՞ս եք գնահատում Սերժ Սարգսյանի վարած արտաքին քաղաքականությունը հայ-թուրքական հարաբերություններում եւ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցություններում: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք Սերժ Սարգսյանը կստորագրի՞ մի փաստաթուղթ, որը չի լինի հայանպաստ եւ արցախանպաստ:

– Հայ-թուրքական, այսինքն՝ ցեղասպանության հարցը եւ Ղարաբաղի հարցերը միմյանց հետ շաղկապված հարցեր են: Թուրքական սահմանի բացման նախապայմաններից մեկը ղարաբաղյան հարցն է: Ես երբեք չեմ մտածել եւ որեւէ մտածող հայ չի կարող պատկերացնել, որ Հայաստանը կունենա այնպիսի նախագահ, որը պատմաբանների հանձնաժողովի ստեղծման առաջարկ կանի կամ այդ առաջարկին կհամաձայնի: Սրա գնահատականը շատ խիստ է լինելու: Ակնհայտ է, որ իշխանությունները զգում են իրենց սխալը, բայց ետ կանգնելու ելքը չեն տեսնում: Կարծում եմ՝ իրենք պետք է դիմեն հասարակությանը եւ ընդդիմությանը: Պետք է փորձեն դրա տակից դուրս գալ, այդ սխալն ուղղել: Որովհետեւ ինչքան երկար մնա այդ սխալը, այնքան դժվար կլինի այն ուղղել: Ստացվում է, որ այսօրվա իշխանությունը սփյուռքի լուծարման խնդիր է դնում, եւ միեւնույն ժամանակ աշխարհի այն պետությունները, որ ընդունել են կամ ընդունելու են ցեղասպանությունը, թշնամական վերաբերմունք են ունենալու Հայաստանի պետության նկատմամբ: Սա պետք է անպայման ուղղել: Սա համազգային խնդիր է, պետք է քննարկել եւ ուղղման ձեւերը գտնել:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հարցին, իմ տեսակետը հետեւյալն է՝ Հայաստանը հակամարտության կողմից պետք է դուրս գա, եւ հակամարտության կողմ պետք է ներկայացվի Ղարաբաղը: Եթե այսպես չի լինելու, ես կողմ եմ, որ միանգամից ճանաչենք ԼՂՀ-ն: Կարծում եմ, որ կարգավորման ընթացքը շատ վատ հունով է գնացել, որովհետեւ այն հայտարարությունը, որ արել են երեք հզորագույն պետությունների նախագահները, անհետեւանք չի կարող լինել: Ես ամբողջությամբ դեմ եմ դրան: Ես ինքս պատրաստ եմ ցանկացած անհավանական քայլերի, միայն ազատվենք այդ հայտարարության հետեւանքներից: Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ նախագահական աթոռը կամ իշխանությունը մի քանի տարվա համար են, իսկ Ղարաբաղի հարցը Հայաստանի զարգացումն է ապահովելու, հայության գոյատեւումն է ապահովելու հազարամյակների համար:

– Սուրեն Սուրենյանցը հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, որ տարածքները պետք է ետ վերադարձնել, իսկ ձեր երբեմնի ընկեր Վահան Շիրխանյանը իր հերթին հայտարարեց, որ դա ամբողջ «Հանրապետություն» կուսակցության կարծիքն է: Իրո՞ք այդպես է:

– Ես կարծում եմ՝ Սուրիկը այլ բան է ասել, որը համարում եմ անհաջող ձեւակերպման արդյունք: Ինքն էլ այդպես չի մտածում, ինչպես իրեն հասկացել են, եւ կուսակցության մեծամասնությունը եւս այդպես չի մտածում: Տարածքները չպետք է տալ, եւ բանակցությունների ընթացքում չպետք է մոռանալ հյուսիսային Արցախի մասին՝ Գետաշենի, Մարտունաշենի, Արարատի, Կամոյի մասին եւ հատկապես՝ մեր բուն հայրենիքի՝ Շահումյանի շրջանի մասին՝ իր տարածքներով: Մենք բավականին շատ տարածքներ ունենք եւ բանակցությունների ընթացքում ոչ թե պետք է զիջենք ինչ-որ բան, այլ պետք է ետ բերենք մեր տարածքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել