Երեկ հայտարարեց Հայաստանում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը
ՀԺԿ գրասենյակում սոցուժերի կազմակերպած «Հետմադրիդյան զարգացումներ» թեմայով» երեկվա քննարկման ժամանակ Հայաստանում ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահան Շիրխանյանը հայտարարեց, թե Մադրիդյան սկզբունքներով միայն Արեւմուտքի եւ Թուրքիայի շահերն են սպասարկվում. «Քանի որ իրենք շատ լավ գիտեն (ավելի լավ, քան մեր հասարակության որոշ անդամներ), որ այդ սկզբունքները հակահայկական, հակահայաստանյան եւ հակաարցախյան են՝ նրանք պետք է մեր հասարակությանը նախապատրաստեին ընդունել դրանք ու չընդվզել: Իսկ դրա համար ի՞նչ պետք էր անել: 10-12 տարի անընդհատ իրենք նախապատրաստում էին այսօրվա հողը. դա անօրինական ընտրությունների, կեղծիքների, բռնությունների լեգիտիմացումն էր, (ի դեպ, ավելի ուշ պրն Շիրխանյանը նշեց, թե Հայաստանը պարտավոր է հիմնավորապես վերանայել իր հարաբերությունները ԵԱՀԿ-ի եւ ԵԽ-ի հետ.- Ա. Ի.) Հայաստանի ու հայության դեմ տեղեկատվական ագրեսիա սկսելն էր, որը ո՛չ միայն անպատասխան մնաց ՀՀ իշխանությունների կողմից, այլ նաեւ իրե՛նք սկսեցին մասնակցել այդ ագրեսիային՝ սեփական ժողովրդի դեմ. ապատեղեկատվությամբ բարոյազրկմամբ, բարոյալքմամբ, արտագաղթի հողը պարբերաբար պարարտացնելով եւ այլն: Սրանք բոլորը կոչված էին մի բանի՝ նախապատրաստել հայ հասարակությանը, որ ընդունի իր պարտությունն այդ պատերազմում ու համաձայնի, որ ԼՂ-ն պետք է մնա Ադրբեջանի կազմում, որ այդ հողերը պետք է անմիջապես վերադարձնել, որ պետք է հավատալ, թե այնտեղ իբր թե կլինի հանրաքվե, եւ դա Արցախին ինչ-որ կարգավիճակ կտա: Մեզ փորձում են հավատացնել, եւ այսօր ունենք դրա պտուղները, որովհետեւ այսօր ոչ միայն իշխանությունն է ասում, թե սա շատ ավելի լավն է, քան 1998-ի տարբերակն ու նախկինները, այլ նաեւ ընդդիմության մարդիկ են ասում, թե սա շատ ավելի լա՜վն է, սա ընդունելի՜ է եւ պետք է գնալ այդ ճանապարհով»։
Վահան Շիրխանյանը 10 կետանոց բանաձեւային մոտեցումներ ներկայացրեց, որոնցից մեկով պնդում էր, թե Ռոբերտ Քոչարյանը եւ Վարդան Օսկանյանը պետք է Մադրիդյան սկզբունքների համար պատասխան տան ԼՂՀ դատարանում։ «Հայաստանը Ադրբեջանին վերադարձնելու հող չունի։ Ունի Նախիջեւանը վերադարձնելու խնդիր,- նաեւ նշված էր այս բանաձեւում:- Ադրբեջանի ռազմաշունչ հայտարարություններին հայության պատասխանը մեկն է՝ 900 պատերազմական օրերի վերջում մենք եղել ենք 2 օրվա հեռավորության վրա Ռուսաստանի սահմանից եւ կանգ ենք առել մեր բարի կամքով։ Եթե Ադրբեջանը նոր ագրեսիա նախաձեռնի, ապա այս անգամ հասնելու ենք այդ սահմանին»: Եվ վերջապես՝ պնդում կա, թե «Մադրիդյան սկզբունքները ստեղծվել են բացառապես Արեւմուտքի էներգոռեսուրսային, կոմունիկացիոն ու խիստ վտանգավոր գեոքաղաքական՝ հակառուսաստանյան, հակաիրանական, հակաչինական շահերի դաշտում»: «Առավոտի» խնդրանքով պարզաբանելով իր վերջին պնդումը՝ պրն Շիրխանյանն ասաց. «Հակաչինականը շատ ակնհայտ երեւում է այստեղ: Ուրեմն, Թուրքիայի ելքը Հայաստան, Նախիջեւան, Ադրբեջան ու Միջին Ասիա, Չինական Ույգուրիա՝ իրենց հայրենիքը: Սա՝ մեկ: Երկրորդը. Արեւմուտքի՝ ԱՄՆ, Եվրոպա, ՆԱՏՕ՝ ուղիղ ճանապարհը դեպի Միջին Ասիա, Աֆղանստան եւ Ռուսաստանի կապը Չինաստանի հյուսիսային սահմանին: Ու այս բոլորի մեջ՝ Արցախը եւ Հայաստանն ունեն իրենց դերակատարումը: Հեշտ կլինի դա իրականացնել, թե դժվար՝ սա է»:
Նկատեցինք, թե իր այս մոտեցումը՝ «Հայաստանը Ադրբեջանին վերադարձնելու հող չունի», նույն «ոչ մի թիզ հողն է», որի վերաբերյալ անգամ որոշ ընդդիմադիրներ են պնդում, թե այն զուտ զգայական դիրքորոշում է եւ շատ մոտ է Ռոբերտ Քոչարյանի իրականացրած՝ կարգավորման սառեցման քաղաքականությանը (հիշեցնենք, որ նման տեսակետ մեր թերթին տված հարցազրույցում հայտնել էր «Հանրապետության» քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը): Ի պատասխան՝ Վահան Շիրխանյանն էլի պնդեց. «Ընդդիմության որոշ ներկայացուցիչների եւ իշխանության տեսակետները կարծես թե նույնանում են Մադրիդյան սկզբունքների շուրջ: Ընդգծում եմ՝ դա հետեւանք է Հայաստանի դեմ իրականացված տեղեկատվական ագրեսիայի»: Նաեւ հավելեց. «Դեսպանները հանդիպել են կուսակցությունների ղեկավարների, կազմերի, շտաբների, իշխանության ներկայացուցիչների հետ եւ ասել, որ այս հարցերին քննադատաբար չմոտենա՛ք, եւ եթե այդպես լինի՝ դուք կշահեք: Խոստումներ են տվել նրանց, որ ձեր քաղաքական ծրագրերին կարող եք հասնել, եթե մեզ լսեք ու քննադատաբար չմոտենաք, այլ ողջունեք դրանք: Եվ նրանք դա անում են: Ընդամենը սա է բացատրությունը: Ես ասում եմ՝ «ոչ մի թիզ հող», որովհետեւ պրագմատիկ վերլուծություն ենք մենք անում եւ տեսնում, որ հողերի զիջումը պատերազմի վերսկսում է՝ խաղաղության սկիզբ չի՛: Եվ դրա համար եմ ասում, որ մենք զիջելու հող չունե՛նք»: