Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՐԳԵՎԻՑ

Հուլիս 31,2009 00:00

«Առավոտը» դժգոհություն ստացավ արդեն 5-րդ տարին ՏՀՏ ոլորտում անցկացվող՝ ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւի մրցանակաբաշխությանը մասնակցած որոշ ուսանողների ծնողներից: Ծնողները դժգոհում էին, որ մրցանակաբաշխությունը օբյեկտիվ չի անցկացվում, տարին տարվա վրա ընտրվում են հիմնականում այն ուսանողները, որոնք կրթություն են ստանում «Սինոփսիս Արմենիա» ընկերության մագիստրոսական ծրագրերում: Ծնողներից ոմանք էլ դժգոհում էին, որ լավագույնների ընտրության դեպքում չի պահպանվում ֆակուլտետների միջեւ համամասնությունը, օրինակ՝ այս տարի ռադիոֆիզիկա ֆակուլտետից երկու մրցանակակիր կա: Քանի որ մրցանակաբաշխության գլխավոր կազմակերպիչն ու հովանավորը «Սինոփսիս Արմենիա» ընկերությունն է, այս դժգոհությունները «Առավոտը» փոխանցեց ընկերության PR պատասխանատու Գայանե Մարկոսյանին: Նա տեղեկացրեց. «Ընտրված են հայաստանյան այն բուհերն եւ դպրոցները, որոնք պատրաստում են ՏՏ ոլորտի մասնագետներ: Այդ ցանկը հայտնի է, տեղադրված է www.sinopsis.am կայքում: Օրինակ՝ այդ բուհերից է ՀՊՃՀ-ն, ԵՊՀ-ն, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիան: Կանոնակարգի համաձայն՝ յուրաքանչյուր բուհ կամ դպրոց ներկայացնում է հավակնորդներին ներկայացվող չափանիշներին համապատասխանող՝ իր կողմից ընտրված 10 լավագույններին, իսկ վերջնական որոշումը նախագահական պարգեւի մրցանակաբաշխության հանձնաժողովինն է»: Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ սկզբունքներով են նրանք ընտրություն կատարում: Գ. Մարկոսյանը պատասխանեց. «Պարտադիր պայման է բարձր առաջադիմությունը, օլիմպիադաներին մասնակցությունը, գիտահետազոտական հոդվածների առկայությունը, ակտիվ հասարակական աշխատանքը եւ այլն: Նախ բուհը ներկայացնում է իր լավագույն տասնյակին, որոնք գրում են շարադրություն, հետո անցնում հարցազրույց: Հանձնաժողովի խնդիրն է ընտրել նրան, ով իրենից ներկայացնում է վառ անհատականություն, բազմակողմանի զարգացած է, ոչ միայն ունի բարձր գնահատականներ, այլեւ ունի ՏՏ ոլորտի մասին լայնածավալ տեղեկություններ ու տեսակետներ, ով կարող է լինել լիդեր»: Անցնելով այն դժգոհությանը, թե հիմնականում հաղթողները «Սինոփսիսի» մագիստրատուրայում ուսանող մասնակիցներն են, Գ. Մարկոսյանն ասաց. «Հանձնաժողովի անդամների առջեւ դրված ցուցակում չի երեւում՝ հավակնորդը որ դեպարտամենտից է: Ավելին, այս տարի «Գրան պրի» չի տրվել, այսինքն՝ հանձնաժողովը կարող էր մեկին պարզապես տալ այդ պարգեւը, բայց չի գտել մեկին, ով արժանի է, չի տրվել նաեւ լավագույն մագիստրոսի 2-րդ անվանակարգ Ամերիկյան համալսարանում, Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայում: Նույնիսկ 5 տարիների վիճակագրության համաձայն՝ 30 լավագույն մագիստրոս-մրցանակակիրներից ընդամենը 6-ն է «Սինոփսիսի» մագիստրոսական ծրագրի ուսանող, ավելին, 2007-2008-ին «Սինոփսիսից» ոչ մի հաղթող մագիստրոսների շրջանում չի եղել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել