Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՆՕՐԵՆԻՆ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՊԵՏՔ ՉԷ

Հուլիս 31,2009 00:00

Նրան հեռացրել են աշխատանքից

Գյումրիի «Բալատոն» վարժարանում պատմություն եւ իրավունք դասավանդող Ռուզաննա Կիրակոսյանը Շիրակի մարզի այն եզակի ուսուցչուհիներից է, ում անցած տարի նախագահ Սերժ Սարգսյանը արժանացրել է վաստակավոր մանկավարժի կոչմանը: Սակայն, ըստ ուսուցչուհու, «Բալատոն» վարժարանի նորանշանակ տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանը, արհամարհելով վերոհիշյալ փաստը, այս տարվա մարտ ամսից «ընկել է» իր հետեւից, ապա անհիմն ազատել աշխատանքից: «Ես 25 տարի աշխատել եմ տարբեր դպրոցներում, բոլոր տնօրենների հետ աշխատել եմ մեծ հարգանքով, վստահությամբ, իսկ նա 1,5 տարի է, ինչ «Բալատոն» վարժարանի տնօրենն է եւ այդ օրից սկսել է հալածել վաստակաշատ մանկավարժներին, աշխատելուց մի ամիս անց սկսել է նկատողություններ տալ ուսուցիչներին, օրինակ՝ Աբգարյան Անահիտին հետեւյալ կերպ հալածեց. մի ծնողի համոզեց, զրպարտություն գրել տվեց ու խիստ նկատողություն տվեց, եւ այդպես ամիսը մեկին նկատողություն էր տալիս՝ ահուսարսափ տարածելով «Բալատոն» վարժարանում: Անկեղծ ասած, ես իրեն որպես ավագ ընկեր հիշեցնում էի, որ չի կարելի այդպես վարվել վաստակաշատ մանկավարժների հետ, ասում էի՝ չես կարող ոչինչ անել, որովհետեւ նրանք երկար տարիների փորձ ունեին՝ ե՛ւ Աբգարյան Անահիտը, ե՛ւ Քոչարյան Լալան, ե՛ւ Շալավադյան Լուսաբերը, ե՛ւ ես: Ինքը ծիծաղում էր, ասում էր՝ տիկին Կիրակոսյան, ճիշտ է՝ ես չեմ կարող աշխատանքից ազատել, բայց այնպիսի պայմաններ կստեղծեմ, որ իրենք կթողնեն-կգնան, եւ այդ պայմանը ինքը ստեղծեց ինձ համար: Արտասահմանում գտնվող երեխաներ կային, նրանց ինքը պահում էր դասամատյաններում եւ խոստացել էր ուսուցիչներիս, որ 2-րդ կիսամյակին այդ աշակերտներին դուրս կգրի, եւ ամեն ինչ կվերջանա, եկավ 2-րդ կիսամյակը, եւ նա շարունակեց պարտավորեցնել կոնկրետ ինձ՝ գնահատել արտասահմանում գտնվող Հարությունյան Սուրենին եւ Ռուսաստանում գտնվող Աբգարյան Հասմիկին, այստեղից ծագեց տնօրեն եւ դասավանդող ուսուցիչ կոնֆլիկտը: Ես հրաժարվեցի նրանց գնահատել՝ եթե ես 25 տարի նման կեղծիքներ թույլ չեմ տվել, հանկարծ ինչո՞ւ պիտի նման բան անեմ»,- «Առավոտին» պատմեց Ռ. Կիրակոսյանը: Ըստ նրա՝ ինքը մարտին տնօրենի «անմարդկային» վերաբերմունքի մասին դիմում-բողոք է գրել Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանին, ինչն ավելի է զայրացրել տնօրենին: «Դրանից հետո սկսվեցին հալածանքներ: Ես, ասես, Խորհրդային Հայաստանում գտնվեմ, ինքն էլ, ասես, ՀԽՍՀ ներքին գործերի ժողկոմ Խաչիկ Մուղնուցը լինի՝ շինծու նյութեր է հավաքում: Ես «Սամարիթեր» հիվանդանոցում պառկած, իմ կոլեգաներն ինձ այցելում էին, իսկ ինքը ակտ է գրում, թե ես իրեն տեղյակ չեմ պահել, եւ սա այն դեպքում, երբ ինձ շտապօգնությունը հիվանդանոց տեղափոխեց «Բալատոնից»՝ իր անմարդկային վերաբերմունքի պատճառով, որովհետեւ ճնշումս բարձրացել էր մինչեւ 220: Ես հրապարակավ հայտարարում եմ, որ ինձ վախեցնել չի հաջողվի՝ ո՛չ ոստիկաններով, ո՛չ էլ որեւէ մեկով»,- շարունակեց վաստակավոր ուսուցչուհին: Մեզ, ցավոք, չհաջողվեց այս թեմայի շուրջ զրուցել վարժարանի տնօրենի հետ, նա կտրուկ հրաժարվեց պարզաբանումներ տալուց՝ հեռուստալրագրողներին մեղադրելով ոչ օբյեկտիվ լուսաբանման մեջ: Փոխարենը պարզաբանում տվեց նրա փաստաբան Թամարա Յայլոյանը, ով ասաց. «Ուսուցչուհին ազատվել է աշխատանքից 6 օր անհարգելի բացակայելու, իր աշխատանքը ոչ պատշաճ կատարելու, ժամանակին աշխատանքի չներկայանալու համար: Բացի դրանից՝ վստահությունը կորցնելու համար. վճարվել է մի սեմինարի համար, մի հատ էլ բյուլետեն է բերել, որպեսզի բյուլետենով վճարվի, ցանկացել է ՊՈԱԿ-ից լրացուցիչ գումար ստանալ, ինչը ՊՈԱԿ-ին կդներ ֆինանսական լրացուցիչ ծախսի առաջ, եւ տնօրենը իրավունք ուներ նրան այս փաստի կապակցությամբ անվստահություն հայտնել»:

Դատարանում արդեն իսկ սկսվել է Ռուզաննա Կիրակոսյանի հայցի քննությունը: Նիստերն անցնում են բավականին լարված, անգամ Արուսյակ Հովհաննիսյանի շահերի պաշտպանը դատավորից խնդրեց այնպես անել, որպեսզի դատական նիստերի ընթացքում եւ հետո չվիրավորեն իր վստահորդին: Տնօրենը դատարանում մասնավորապես հայտարարեց, որ վաստակավոր ուսուցչուհին հաճախակի է բացակայել դասերից՝ առանց իրեն տեղյակ պահելու, իսկ նրա բացակայությունների պատճառով տուժել են աշակերտները, օրինակ՝ 9-րդ դասարանցիներին Ռուզաննա Կիրակոսյանը թեեւ բարձր գնահատականներ է նշանակել, սակայն ավարտական քննություններին այդ երեխաները ցածր են ստացել, եղել են նաեւ կտրվողներ: Ուսուցչուհին էլ հակադարձում էր, թե 9-րդ դասարանում ինքը պարապել է ընդամենը 7 ամիս, եւ եթե 23 հոգու հաջողվել է քննություն հանձնել, ապա՝ իր շնորհիվ: Արուսյակ Հովհաննիսյանը դատարանի դահլիճում ասաց, որ ուսուցչուհին «խայտառակ» խոսքեր է ասել զինղեկին, փոխտնօրենին: Դատը կշարունակվի օգոստոսի 6-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել