Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնակազմը չի վստահում

Հուլիս 31,2009 00:00

ՀՀ ոստիկանության պետական պահպանության վարչության ջրամատակարարման կառույցների պահպանության գնդի հետ կապված ծառայողական քննությունը դեռ չի ավարտվել:

Գնդի անձնակազմը էլի աշխատավարձ չի ստանում, նրանց աշխատեցնում են առանց պայմանագրի մեջ փոփոխություններ կատարելու:

Երեկ գնդի ոստիկաններն «Առավոտին» փոխանցեցին, որ կառավարության որոշմամբ պայմանագրային հիմունքներով իրենց գունդը պահպանում է «Երեւանջուր» ՓԲԸ-ի Երեւանի եւ մարզերում գտնվող ջրամբարները:

2008թ. հունվարի 1-ից կառավարության որոշմամբ բարձրացվել են ոստիկանության աշխատակիցների աշխատավարձերը: Ըստ ոստիկանության աշխատակիցների, «Երեւանջուրը», չենթարկվելով կառավարության որոշմանը, պայմանագրային գումարը չի բարձրացրել, ինչի հետեւանքով գնդի անձնակազմի աշխատավարձը չի բավականացնում: Այն կազմում է 3 մլն դրամ:

«Գնդի հրամանատարը՝ գնդապետ Զաքարյանը, այդ ուղղությամբ բացարձակապես քայլեր չի ձեռնարկում: Նրա միակ քայլն այն է, որ գունդը որոշել է գումարտակ դարձնել, չմտածելով 30- հոգանոց անձնակազմի մասին: Իսկ այդ 30-ի ետեւում կանգնած են երեխաներ, կանայք ու ծնողներ»,- ասում են նրանք: Ըստ նրանց, գումարտակի դեպքում անհնար է ծառայությունն իրականացնել, իսկ մայրաքաղաքում խմելու ջրերի անվտանգությունը հարցականի տակ կդրվի: Ոստիկանները նշում էին նաեւ ռեսուրսների ոչ ճիշտ օգտագործման մասին. շահագործվող 1 մեքենայի փոխարեն արդեն 6 տարի է, ինչ դուրս է գրվում 7 մեքենայի բենզին, այն դեպքում, երբ, ըստ աշխատանքային շահագործման ենթարկվող ոստիկանների, այդ մեքենաները գոյություն չունեն:

«Առավոտի» տեղեկություններով այս պահին վտանգված է մոտ 10 ջրամբարների պահպանությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել