Լրահոս
Օրվա լրահոսը

Անձնագրայինի պետի եւ փաստաբանի դեմ

Հուլիս 31,2009 00:00

2008թ. հոկտեմբերի 13-ին հատուկ քննչական ծառայությունը հարուցել էր քրեական գործ Մարիամ Մկրտչյանի նկատմամբ: Նա աշխատել է ՀՀ ոստիկանության ՎՁՄՎ Ջերմուկի բաժնի անձնագրային բաժանմունքում որպես պետ: Այսինքն, հանդիսացել է պաշտոնատար անձ: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ կատարելու միջոցով, անձամբ կամ միջնորդներից խոշոր չափերով կաշառք ստանալով, Վրաստանի եւ Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների կեղծ հիմքերով ՀՀ քաղաքացու անձնագիր տալու մեջ:

Նախաքննության մարմինը գտնում է, որ 2008թ. հուլիսին, քննությամբ չպարզված օրը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանն իր ազգական Լեւոն Մանասյանի անձնագիրը կարճ ժամկետում փոխանակելու համար, ՀՀ ոստիկանության Ջերմուկի բաժնի անձնագրային բաժանմունքի նախկին պետ, պաշտոնատար անձ Մարիամ Մկրտչյանի աշխատասենյակում նրան անձամբ տվել է 60902 ՀՀ դրամին համարժեք $200 կաշառք:

Քրեական գործ էր հարուցվել նաեւ փաստաբանի նկատմամբ: Սակայն հուլիսի 3-ին Ստեփան Ոսկանյանը դիմում է ներկայացրել, որով խնդրել է համաներում հայտարարելու որոշման հիման վրա իր նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:

Ըստ ՀՔԾ աղբյուրների՝ «Չնայած, Ստեփան Ոսկանյանի արարքը համապատասխանում է պաշտոնատար անձին կաշառք տալու հանցակազմին, որի համար օրենսդիրը պատիժ է նախատեսել առավելագույնը 3 տարի ժամկետով ազատազրկում, սակայն, նկատի ունենալով, որ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային Ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 5-րդ մասի 1-ին կետի համաձայն, անհրաժեշտ է քրեական հետապնդում չիրականացնել այն անձանց նկատմամբ, որոնք մինչեւ 2009թ. հունիսի 1-ը կատարած հանցագործություններով կարող են մեղադրվել այնպիսի հանցագործություններ կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ՝ ոչ ավելի, քան 3 տարի ժամկետով ազատազրկում, ուստի վերոգրյալի հիման վրա», Ստեփան Ոսկանյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում է ընդունվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել