Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշառքը» դատավորին չէր տվել

Հուլիս 31,2009 00:00

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Արտավազդ Փարսադանյանի նկատմամբ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ: Նրա մեղադրական եզրակացությունը կազմվեց օրեր առաջ՝ հուլիսի 23-ին: Գործն ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Նա մեղադրվում խարդախությամբ՝ խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով, կաշառք տալու պատրվակով, ուրիշի գույքի խոշոր չափի հափշտակության մեջ։

Արտավազդ Փարսադանյանը, որը եղել է կալանքի տակ գտնվող Արման Մարտիրոսյանի պաշտպանը, ըստ նախաքննությունն իրականացրած մարմնի, չարաշահել է մեղադրյալի մոր՝ Շամամ Եղիազարյանի եւ քրոջ՝ Հասմիկ Մարտիրոսյանի վստահությունը. կալանքի ժամկետի երկարացման միջնորդության քննության ժամանակ գրավ կիրառելու համար Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավորին կաշառք տալու պատրվակով, խաբեությամբ Շ. Եղիազարյանից եւ Հ. Մարտիրոսյանից 2008թ. մայիսի 29-ին դատարանի բակում «ստացել է խոշոր չափի՝ 612 հազար ՀՀ դրամին համարժեք $2000 գումար եւ հափշտակել այն»։

Այս գործի մեկ այլ դրվագով, դատաքննության ընթացքում Ա.Փարսադանյանը, Արման Մարտիրոսյանի նկատմամբ մեղմ պատիժ սահմանելու համար ՀՀ Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավորին կաշառք տալու պատրվակով, 2008թ. սեպտեմբերի 26-ից սեպտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում խաբեությամբ նրանցից ստացել է խոշոր չափի՝ 2 275 950 ՀՀ դրամին համարժեք $7500 եւ հափշտակել այն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել