Երեկ Երեւանի Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի, Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական-ավիացիոն ինստիտուտի եւ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի 2009թ. շրջանավարտներին սպայական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: Տեղի ունեցավ շքերթ՝ շրջանավարտների մասնակցությամբ: Հանդիսությունն այս տարի համընկավ Վ.Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 15-ամյա տարեդարձի հետ: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը օրհնության խոսք հղեց սպաներին, հիշեցնելով, որ հաղթանակը ձեռք է բերվում ոչ միայն զենքով, այլեւ առ Աստված հավատքով, ազգային սրբազան արժեքները պաշտպանելու նախանձախնդրությամբ եւ հոգու խիզախումներով: