«Հայաստանն այսօր ունի բոլոր հնարավորությունները H1N1 վիրուսն ախտորոշելու եւ օպերատիվ բուժօգնություն իրականացնելու համար»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարարության հակահամաճարակային տեսչության գլխավոր մասնագետ Լիանա Թորոսյանը: Ըստ նրա, «H1N1 վիրուսի համաճարակից զգուշանալու համար Հայաստանում մեծացել է պետական սահմանների վերահսկողությունը. Հայաստան ժամանող արտասահմանցիները մանրազնին ստուգումներ են անցնում, ջերմող զբոսաշրջիկներն էլ հոսպիտալացվում են ու բժշկական վերահսկողության տակ են, արտերկրից յուրաքանչյուր ժամանող Հայաստանում գտնվելու ողջ ընթացքում ժամանակ առ ժամանակ բժշկական հետազոտություններ է անցնում»:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով H1N1 վիրուսը արձանագրվել է տարբեր տարածաշրջաններում: Աշխարհում գրանցվել է 134503 վիրուսակիր, որից 800-ը մահացել է: Հայաստանի ԱՆ-ը նախաձեռնությամբ գործում է նախարարության տարբեր ստորաբաժանումներից լավագույն մասնագետներից բաղկացած օպերատիվ շտաբ: ԱՆ-ը վիրուսից զերծ մնալու համար խորհուրդ է տալիս ձեռքերը օճառով հաճախակի լվանալ եւ օգտագործել ախտահանող միջոցներ, նաեւ լվանալ առարկաների մակերեսները ախտահանող կենացաղային միջոցներով: «Խուճապի մի մատնվեք հիվանդությունը շատ նման է սովորական գրիպին եւ հեշտությամբ բուժվում է, մահացության դեպքերը լինում են միայն շնչառության հետ խնդիրներ ունեցող մարդկանց մոտ, իսկ այդպիսի խնդիրներ ունեցողների համար էլ Հայաստանում կան համապատասխան դեղորայք եւ սարքավորումներ»,-կոչ են անում ոլորտի մասնագետները: