Սեւանում 3 օր հանգստանալու գնով զբոսաշրջիկները նախընտրում են հանգստանալ Անթալիայի 5-աստղանի հյուրանոցում՝ 1 շաբաթ:
Աշխարհի բոլոր երկրները, որոնք ուզում են գրավիչ լինել զբոսաշրջիկների համար եւ որքան հնարավոր է շատ այցելուներ բերել իրենց երկիր, այս տարի համաշխարհային ճգնաժամի հետ կապված իրականացնում են այսպիսի քաղաքականություն. թեկուզ ունենան 0 % եկամուտ, բայց կարողանան մի կերպ շուկա պահել: Գրեթե բոլոր երկրներում նախորդ տարիների համեմատությամբ հանգստանալն ավելի մատչելի է դարձել: Հայաստանն այս առումով տարբերվում է աշխարհի բոլոր երկրներից: Այստեղ հյուրանոցները էժանացնելու փոխարեն մի բան էլ թանկացրել են իրենց ծառայությունների գները, ինչի արդյունքում ներկայումս հայաստանյան ներգնա տուրիզմի շուկայում իսկական քաոս է: Համենայնդեպս, այդպես են վստահեցնում «Առավոտի» հետ զրուցած տասնյակ տուրգործակալությունների աշխատակիցներ:
Ներգնա տուրիզմ իրականացնող «Հայկավիա» գործակալությունից դժգոհեցին, որ Դիլիջանով, Սեւանով ու Ծաղկաձորով հետաքրքրվողներին կարելի է մատների վրա հաշվել, իսկ ովքեր էլ ուզում են այդ հանգստյան գոտիներում լինել, գներն իմանալուն պես փախչում են. «Մենք Սեւանա լճի մերձակայքի բոլոր հյուրանոցներից հետաքրքրվել ենք ու պարզել, որ այնտեղ 3 օրը ամենաէժանը 500 դոլար է, իսկ 500 դոլարով մարդիկ Անթալիայում 1 շաբաթ են հանգստանում, Քոբուլեթիում՝ 2 շաբաթ, եւ որակից էլ բացարձակ չեն դժգոհում: Մեր հյուրանոցատերերը ճիշտ քաղաքականություն չեն վարում, միայն իրենց գրպանի ու իրենց փողի տերն են, չեն ուզում մի կոպեկ պակաս գին ասել, բայց գոնե հաճախորդ ունենալ: Սեւանում նույնիսկ ձմռանը 1 գիշերվա հանգստի համար 75 դոլարից պակաս չես կարող վճարել, իսկ դա չափազանց թանկ է: Դիլիջանում գները սկսվում են 45-50 հազար դրամից, ընդ որում՝ միջին կարգի հյուրանոցներում»: «Հակոբյան թրավել» ընկերության տուրգործակալ Վարանդ Բարխուդարյանը նույնպես վստահեցրեց, որ այս տարի մեր երկրում ներգնա տուրիզմը մեծ անկում է ապրում. «Որքան էլ տուրգործակալությունները գովազդներում գայթակղում են պոտենցիալ հաճախորդին, ստից ցածր գներ են նշում, միայն թե հաճախորդը հասնի իրենց օֆիս, ու կարողանան կապել նրան, միեւնույն է, շատ քչերն են համաձայնվում նման թանկ գներով հանգստանալ Հայաստանի տարածքում: Մարդիկ նախընտրում են 1 շաբաթ հանգստանալ Անթալիայի բավականին բարձրակարգ, լողավազանով, բոլոր անհրաժեշտ պայմաններն ունեցող հյուրանոցում՝ դրա համար վճարելով ընդամենը 700 դոլար»:
Այս առնչությամբ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման վարչության պետ Մեխակ Ապրեսյանն «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ պարզապես տուրօպերատորները չեն կարողանում աշխատել ու ստիպված բողոքում են, թե Հայաստանում ներգնա տուրիզմ չկա: Նրա խոսքերով՝ «Անթալիան ու մեր Սեւանը կամ Դիլիջանը կամ Ծաղկաձորը չի կարելի համեմատել, որովհետեւ դրանք տարբեր մեծություններ են: Առաջինը ծովափնյա հանգիստ է, իսկ Դիլիջանը, Ծաղկաձորը՝ բոլորովին այլ տիպի հանգիստ է»:
Պարոն Ապրեսյանը նույնպես ընդունեց, որ Հայաստանում գները չափազանց բարձր են, բայց, ըստ նրա, դա արդարացված է. «Անթալիայի սեզոնն 9 ամիս է, իսկ Սեւանինը՝ ընդամենը 2 ամիս: Պատկերացրեք, մարդիկ բիզնես են դրել, կլոր տարին պահպանման, էլեկտրաէներգիայի եւ այլ ծախսեր են անում, աշխատողներ են պահում, որ այդ 2 ամիսը փող աշխատեն, ուստի մեր հյուրանոցատերերի համար ձեռնտու չէ էժան գին դնելը»: Պարոն Ապրեսյանը վստահեցրեց, որ մեր ներգնա տուրիզմի վիճակն այնքան էլ վատ չէ, մեր կադրերը շատ լավն են. «Քոբուլեթիում ու Աջարիայում մեզնից պրակտիկանտ ուսանողներ են խնդրում, որ վարձեն ու նրանցից մատուցման կուլտուրա սովորեն»: Հարցին՝ մենք բացարձակ ժպտացող ազգ չենք, մեզնից ի՞նչ պիտի սովորեն, պարոն Ապրեսյանը պատասխանեց. «Իրենց մոտ ավելի վատ են ժպտում, քան մենք, նույն լեռնցիներն են, մի բան էլ պակաս»: Ինքը՝ Մ. Ապրեսյանը, չի պատրաստվում իր արձակուրդներին մեկնել Անթալիա: Նա նախընտրում է Ջերմուկի կամ Ղարաբաղի հանգիստը:
Ի տարբերություն պարոն Ապրեսյանի, արտագնա տուրիզմի կազմակերպման գործակալություններից մեր կատարած հարցման արդյունքում պարզեցինք, որ այս տարի հայերն ավելի շատ նախընտրում են հանգստանալ հենց Անթալիայում, որովհետեւ այնտեղ գներն իսկապես ամենաէժանն են: «Աէրոսթար» ընկերության տուրիզմի մենեջեր Մարո Բզնունու խոսքերով՝ չնայած էժան գներին, այս տարի հանգստանալ ցանկացողների թիվը 70-80%-ով նվազել է. «Դա ճգնաժամի հետ է կապված, որովհետեւ տուրիզմի համար նման պասիվ տարի դեռ չի եղել: Այնուամենայնիվ, մեր տվյալներով, ամենաշատը մեկնում են Անթալիա, որտեղ երկու անձի համար 7-օրյա հանգիստը մոտ $1500 է արժենում: Անթալիայից հետո շատ են մեկնում նաեւ Բուլղարիա՝ 1600 եվրոյով»:
Շատ տուրգործակալություններ նշեցին, որ հանգստանալուց հետո հայերի միակ դժգոհությունը սննդից է լինում, որովհետեւ խորոված-քյաբաբի սովոր մեր հայրենակիցներն իրենց հանգիստը չեղյալ են համարում, երբ հյուրանոցներում ճաշի ժամին փլավ ու աղցան են առաջարկում: Մարո Բզնունու տեղեկացմամբ, հատկապես սնունդը հաշվի առնելով, հայերը նախընտրում են Անթալիայի միայն 5-աստղանի հյուրանոցները: Բացի այդ, այնտեղ 5-աստղանի հյուրանոցում հանգստանալն ավելի էժան է նստում տուրիստի վրա, քան 3-աստղանիում, որովհետեւ վերջինները տեղակայված են ծովափից բավականին հեռու, ուստի հանգստացողները ստիպված են լինում օգտվել քաղաքային ծովափից, ինչի համար հավելյալ վճարումներ են կատարում:
«Հատկապես երեխաների հետ հանգստացողի համար Անթալիան իդեալական տարբերակ է, որովհետեւ այնտեղ մանկական լողավազաններ կա, գործում են մանկական ակումբներ, կազմակերպվում են զանազան շոուներ, կա մանկական մենյու»,- ասվածներին հավելեց «Լեւոն թրավելի» երեւանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Փափազյանը: Որքան էլ տուրգործակալությունները, որպես հանգստի ամենամատչելի տարբերակ նշում էին Անթալիայի փաթեթները, «Էնջոյ» ընկերությունից առաջարկեցին ավելի էժան հանգիստ՝ Քոբուլեթիում. 7 օրը մեկ անձի համար ընդամենը 80 հազար դրամ: