ՀԱԿ անդամ Դավիթ Շահնազարյանի կանխատեսմամբ՝ այդպիսին են լինելու ՄԱԿ-ում սպասվող քննարկումները ԼՂ խնդրի վերաբերյալ:
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը երեկ ՄԱԱ-ում համոզմունք հայտնեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում հանդիպման ժամանակ արդեն սկսել են աշխատանքը ԼՂ հակամարտության կարգավորման մեծ համաձայնագրի վրա: Եվ որպես դրա ապացույց դիտարկեց հանդիպումից հետո համանախագահողների շնորհակալությունների շարանը: «Շատ ուշագրավ էր, իհարկե, Քոչարյանին ու Օսկանյանին հայտնած շնորհակալությունը,- նկատեց պրն Շահնազարյանն ու հավելեց:- Շնորհակալություն են հայտնում այն դեպքում, երբ արդյունք կա»:
Հուլիսի 2-ի հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջիկայում լուրջ զարգացումներ են սպասվում, որոնք, թերեւս, մեզ ստիպեն եւս մեկ արտահերթ հանրահավաք գումարելու»: Երեկ հիշեցնելով այս խոստումը՝ լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն հրավիրում հանրահավաք: Դավիթ Շահնազարյանն ի պատասխան ասաց. «Շատ հնարավոր է, որ մենք եւս մեկ կամ մի քանի արտահերթ հանրահավաքներ անենք՝ կախված իրավիճակի զարգացումներից: Բացի այդ՝ շատ կարեւոր է մեզ համար Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը: Ցավոք սրտի, առայժմ ինչ որ կա՝ այն է, որ նրանք այնուամենայնիվ վստահում են Սերժ Սարգսյանին»: Ըստ նրա, քանի որ ՀԱԿ-ը համարում է, թե ԼՂ հարցը ինքնորոշման հարց է, «ապա չափազանց կարեւոր է Լեռնային Ղարաբաղի դիրքորոշումը»:
Այսուհանդերձ՝ լրագրողներն առավել հակված էին հանրահավաք չհրավիրելը դիտարկել ԼՂ խնդրի վերաբերյալ ՀԱԿ-ում հակասական դիրքորոշումների համատեքստում: Նույն ակումբում «ոչ մի թիզ հող» գաղափարի կողմնակից Ժիրայր Սեֆիլյանը հուլիսի 21-ին ասել էր, թե ՀԱԿ-ում «գերիշխում է մե՛ր, այլ ոչ թե Տեր-Պետրոսյանի գաղափարը»: Դավիթ Շահնազարյանն այս կապակցությամբ ասաց. «ՀԱԿ-ում այսօր ոչ թե գերիշխողը, այլ միակ տեսակետն այն է, որ պետք է իրականացնել իշխանափոխություն՝ ունենալ ժողովրդի իշխանություն եւ ժողովրդի ընդդիմություն: Եվ դրանից հետո քաղաքակիրթ ձեւով որոշել՝ ինչ կարգավորում է որոշում մեր ժողովուրդը, Արցախը: Այդ հարցն այսօր հրատապ չէ, թե իշխանափոխությունից հետո ինչպես է կարգավորվելու: Հրատապ հարցը՝ թե ինչպես կանգնեցնել այդ գործընթացը: Ես այն կարծիքին չեմ, որ «ոչ մի թիզ հող»-ի կողմնակիցները ՀԱԿ-ում ավելի շատ են, քան կարգավորման փոխզիջումային, իհարկե արժանապատիվ կարգավորման կողմնակիցները»:
Անդրադառնալով այն հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ սեպտեմբերին կայանալիք նստաշրջանում ԼՂ-ին առնչվող երկու հարցերի քննարկումներից՝ Դավիթ Շահնազարյանն ասաց. «Սա լրացուցիչ ճնշում է Հայաստանի վրա, եւ Ադրբեջանի ակտիվ քաղաքականության, ցավոք, հերթական ապացույցներից է: Մի փաստի վրա ուշադրություն դարձրեք՝ 90-ականների առաջին կեսին Հայաստանը բոլոր միջազգային ատյաններում բարձրացնում էր ԼՂ քննարկման հարցը, իսկ Ադրբեջանն ամեն ինչ անում էր, որ այն օրակարգ չմտնի: 1998-ից հետո պատկերը լրիվ փոխվել է. երբեմն գալիս էին՝ կուրծքը ծեծելով հայտարարում, թե մեզ հաջողվեց հարցն օրակարգ չմտցնել: Սրանից լավ ապացո՞ւյց, որ դիրքորոշումը թույլ է»: Նաեւ հիշեցրեց, որ Հայաստանը 2008-ի նոյեմբերին ստորագրել է Մայնդորֆյան հռչակագիրը, որի պահանջներից մեկն է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի ոչ միայն միջազգային սկզբունքների, այլեւ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունված որոշումների հիման վրա: «Այստեղ մտնում են բոլոր այն փաստաթղթերը, որոնք ընդունվել են ԵԽԽՎ-ում, ԵԽ-ում: Դրանք բոլորն Ադրբեջանի նախաձեռնությամբ են: Եվ վերջինը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի անցյալ տարվա որոշումն էր,- ասաց Դավիթ Շահնազարյանը:- Բայց գալիս-ասում էին, թե դրանք պարտադի՜ր չեն կատարման համար: Հետո՞»:
Հ. Գ. Դավիթ Շահնազարյանը չհամաձայնեց Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի այն պարզաբանմանը, որով նա պատասխանել էր NEWS.am-ի հարցին, թե «ինչո՞ւ մադրիդյան սկզբունքներում ԼՂ կարգավիճակին վերաբերող կետում չի օգտագործված «ռեֆերենդում» բառը, այլ խոսքը «կամարտահայտության» մասին է»: Մեթյու Բրայզան ասել էր. «Ոչ մի տարբերություն չեմ տեսնում ռեֆերենդումի, պլեբիսցիտի եւ կամարտահայտության միջեւ»: Դավիթ Շահնազարյանն ասաց. «Կա շա՜տ մեծ տարբերություն: Ռեֆերենդումը ենթադրում է պարտադիր իրավական հետեւանք, իսկ պլեբիսցիտն ընդամենը կարծիքի հարցում է: Իսկ կամարտահայտությունը ոչինչ չասող բան է՝ սա կարող է լինել ԼՂՀ-ի խորհրդարանի որոշում, որը նույնպես ունի իրավական հետեւանք: Եթե «ժողովրդի կամարտահայտություն» արտահայտությունը լիներ՝ որակն էապես կփոխվեր, ու նույնիսկ կհամաձայնեի, որ դա կարելի էր հավասարեցնել ռեֆերենդումին»: