Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԿԻՍԱՏ ԳՈՐԾԻ ԿԱՐԵՎՈՐ ՓԱՍՏԵՐՆ Ո՞Վ է ՀԱՎԱՔԵԼՈՒ

Հուլիս 31,2009 00:00

\"\"Հարցնում է Փաստահավաք խմբում «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրած փորձագետ՝ փաստաբան Սեդա Սաֆարյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը երեկ տարածած հաղորդագրությամբ պատասխանեց Փաստահավաք խմբի նախկին անդամներ Անդրանիկ Քոչարյանի եւ Սեդա Սաֆարյանի զեկույցին՝ մարտի 1-ին ստացած հրազենային վնասվածքներից մահացած ոստիկանության զորքերի զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքների վերաբերյալ: Ըստ ՀՔԾ-ի՝ զեկույցի հեղինակները «բացահայտ խեղաթյուրել են քրեական գործի նյութերի փաստական հանգամանքները»: Եվ մասնավորապես նշել են. «Անտրամաբանական, նույնիսկ աբսուրդի հասնող աստիճանի անհեթեթություն է այն «եզրահանգումը», թե «Տիգրան Աբգարյանին հասցված հրազենային վնասվածքները պատճառվել են ավտոմատ ընդհուպ կրակահերթով»: Մեջբերված է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, թե Տիգրան Աբգարյանի պարանոցի շրջանում ընդամենը մի կրակոցից առաջացած վերքային խողովակ կա. «Նման պայմաններում տվյալ անցքով մեկից ավելի գնդակներ չէին կարող անցնել՝ նույնիսկ ընդհուպ կրակոցի դեպքում»:

Փաստաբան Սեդա Սաֆարյանն «Առավոտի» հետ զրույցի ընթացքում դեռ չէր ուսումնասիրել ՀՔԾ-ի պատասխանը: Եվ մեր փոխանցմամբ տեղեկանալով վերոհիշյալ գնահատականներին՝ պնդեց. «Մեր զեկույցը բխում է քրեական գործի այն նյութերից, որոնք տրամադրվել են, նաեւ այն նյութերից, որոնք փաստահավաք խումբն էր ձեռք բերել: Եվ հղումներ ենք արել այդ կոնկրետ նյութերին: Ուստի լուրջ չեմ համարում այն մեկնաբանությունները, որոնք տրվել են: Փաստ է, որ այդ սպանությունը չեն կարողացել բացահայտել, իսկ այսօր ավելորդ արդարանում են: Թող փորձեն հերքել այդ նյութերը եւ ներկայացնեն այնպիսի արժանահավատ հերքում, որ մարդիկ հավատան: Ես ուսումնասիրել եմ քրգործի բոլոր նյութերը եւ տեսել, թե ինչպես են գործը քննել: Եվ դա բավարար է, որ սեփական կարծիքս ունենամ, թե ինչու է տապալվել նախաքննությունը»:

Տիգրան Աբգարյանի վիրավորվելը «ՀԺ»-ն դիտարկել էր այն լուրերի համատեքստում, թե մարտի 1-ի գիշերը, երբ ոստիկանության զինվորներին արդեն մեկ անգամ ստիպել էին հարձակվել ցուցարարների վրա, եւ նրանք նահանջել էին դեպի Պարոնյան փողոց, կրկին գրոհելու հրամանից հետո զինվորների շրջանում բունտ էր բարձրացել: Զինվորները հրաժարվել էին հարձակվել ժողովրդի վրա, շատերը գցել էին իրենց վահանները, հեռացել ու ապաստանել տարածքի շենքերի բակերում կամ ընդհանրապես գնացել տուն: Նշենք, որ այդ օրը դեպի Սուրբ Սարգիս եկեղեցի փախչող զինվորների մասին լուրերը հասել են նաեւ մեզ: Վարկած է առաջադրվում, թե անհնազանդությունը կանխել փորձած հրամանատարների ջանքերի հետեւանքն էր զինծառայող Տիգրան Աբգարյանի ստացած հրազենային վնասվածքը: «Թող նախաքննական մարմինը պարզի, թե ո՛ր հրամանատարն է, որ այդ միջադեպի հետ կապված՝ ունեցել է կասկածելի վարքագիծ: Նրա շուրջ հուշող բավական փաստական հանգամանքներ են ձեռք բերվել,- ասաց Սեդա Սաֆարյանը:- Պետք է շաղկապված ու լավ նայել մեր կողմից ձեռք բերված տեսանյութերը եւ այլ նյութերը, որպեսզի գտնեն այդ անձնավորությանը, որը կարող է կասկածվել Տիգրան Աբգարյանի սպանության կատարման մեջ»: Նա հրաժարվեց տալ այդ հրամանատարի անունը, որը ենթադրաբար՝ փորձել է կանխել զինվորների փախուստը: Իսկ այդ միջադեպի՝ իրենց հայտնի հանգամանքները շարադրելու խնդրանքին ի պատասխան էլ ասաց. «Դեպքի հանգամանքները նկարագրելու համար ես պետք է հղումներ անեմ ոստիկանության զորքերի նախկին շտաբի պետ Գեղամ Պետրոսյանի եւ այն սպաների ցուցմունքներին, որոնք առնչություն են ունեցել Տիգրան Աբգարյանի այդ օրվա ծառայությանը: Այդ իսկ պատճառով ես իսկապես կխուսափեմ հրապարակել այդ մարդու անունը: Թող նախաքննական մարմինը քննի, հակասությունները հարթի, այդ մարդուն հրավիրի հարցաքննության, նաեւ առերես հարցաքննի մնացած անձանց հետ, եւ կպարզվի այդ կրակոցի հեղինակը»:

Վերջերս նաեւ «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանն էր հայտնել, թե հանձնաժողովի՝ սեպտեմբերի երկրորդ կեսին ներկայացվելիք եզրակացության մեջ տալու են գնահատականներ պետական մարմինների աշխատանքներին, որոնք պարտավոր էին անել այս կամ այն գործողությունը, ու չեն արել: «Այդպես էլ չիմացանք, թե ով էր այն ցուցարարը, ում վրա կրակել էր դիպուկահարը, եւ որը փախել էր,- E-channel-ին տված հարցազրույցում ասել է Սամվել Նիկոյանը:- Չիմացանք, թե ով էր այն մեքենայի ղեկին, որը վրաերթի էր ենթարկել քաղաքացուն: Պարզ չէ, թե ցուցարարների միջից ովքեր են կրակում՝ ի պատասխան ոստիկանների՝ օդ արձակած կրակոցների, մինչդեռ տեսանյութում երեւում է, որ կրակողներ կան»: Մեր հարցին ի պատասխան, թե արդյոք փաստահավաք խումբը ուշադրություն դարձրե՞լ էր նաեւ վերոհիշյալ առկախ մնացած հարցերին՝ Սեդա Սաֆարյանը զայրացավ. «Փաստահավաք խումբն ուսումնասիրություններ արել է, բայց ամեն ինչ կիսատ է մնացել, հասկանո՞ւմ եք: Մենք հասել էինք այն մարդուն, որը պիտի գար ու հստակ ասեր, եզրահանգումը տար՝ փաստահավաք խումբը ցրեցին: Այդ նույն փաստերի կապակցությամբ մենք բազմաթի՜վ մարդկանց ենք լսել, հիմա ես անգիր հիշե՞մ, թե 50-60 տեսանյութերում ո՛վ ի՛նչ է ասել: Մենք պիտի վերջում նորից նայեինք, ամփոփեինք այդ ամբողջը: Մեզ զրկե՛լ են այդ հնարավորությունից: Ու չգիտեմ, թե մեր կիսատ գործի այդ շատ կարեւոր փաստարկներն ո՞վ է հավաքելու: Խնդիրն այն է, որ երբ նրանք հասկացան, թե իսկապես ընկել ենք այն հետքերի վրա, որոնցով կարող ենք վերջնական ու հստակ պատկերացում տալ, թե ով ինչ է արել (որոշ մարդիկ էին մեզ մոտ ուրվագծված, այդ կապակցությամբ սկսել էինք ապացույցներ հավաքել)՝ շատ լավ հասկանալով, թե դեպի ուր ենք գնում՝ ցրեցին փաստահավաք խումբը: Եվ մինչ այժմ դեռ չենք էլ անդրադարձել, թե ինչքա՜ն շատ արհեստական արգելքներ էին մեր առջեւ հարուցվում, ու չենք ասել, որ այս կամ այն պաշտոնյան խանգարում էր բացահայտել ճշմարտությունը: Բայց իրականում խանգարողներ եղել են»:

Հ. Գ. Փաստահավաք խմբում ՀԱԿ-ը ներկայացրած փորձագետ Անդրանիկ Քոչարյանն էլ ՀՔԾ-ի պատասխանի վերաբերյալ ասաց. «Գնահատականներ է տալիս այն մարմինը, որը մարտի 1-ի դեպքերի առնչությամբ իր աշխատանքի արդյունքում ողջ պետությունը հասցրել է իրավական կոլապսի եզրին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել