Արդարադատության նախարարը Արման Բաբաջանյանի վերաբերյալ նման միջնորդություն չի ստացել
Արման Բաբաջանյանի
ճակատագիրն առայժմ անորոշ է:
Human Rights Watch-ի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի մասնաճյուղի գործադիր տնօրեն Հոլի Քարտները բաց նամակով դիմել է Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ ակնկալելով նրա անհապաղ միջամտությունը Արման Բաբաջանյանին հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրելու համար:
Նամակում գրված է. «Մենք գրում ենք Ձեզ հայտնի լրագրող եւ խմբագիր Արման Բաբաջանյանի կապակցությամբ, ում զինվորական ծառայությունից խուսափելու համար երեքուկես տարվա ազատազրկման ժամկետը մոտենում է ավարտին։ Մենք տեղյակ ենք, որ պրն Բաբաջանյանի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցք, որն ազդում է նրա տեսողության վրա, եւ անհրաժեշտ է հրատապ բժշկական միջամտություն։ Մեզ խորապես մտահոգում է նրա առողջական վիճակը, եւ այդ պատճառով խնդրում ենք Ձեզ անհապաղ միջամտել եւ հորդորել պատասխանատու անձանց նրան հնարավորինս բարձր որակի բժշկական օգնություն տրամադրելու համար»։ Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը դատապարտված է զինվորական ծառայությանը վերաբերող փաստաթղթերը կեղծելու համար։ Նա ընդունել է մեղադրանքը եւ ենթարկվել է երեքուկես տարվա ազատազրկման։ Բաբաջանյանը կրել է ազատազրկման մեծ մասը եւ պետք է ազատ արձակվի մոտավորապես մեկուկես ամիս անց: Դեռ 2008թ. հուլիսին Human Rights Watch-ը կոչ էր արել Հայաստանի իշխանություններին Արման Բաբաջանյանին վաղաժամկետ ազատել լավ վարքագծի համար։
«Առավոտը» դիմեց արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին, պարզելու՝ մտադի՞ր է նախարարը որեւէ կերպ ընդառաջել իրավապաշտպան այս կառույցի նամակին: Ի պատասխան մեր հարցման՝ ստացանք նախարարի հետեւյալ գրավոր պարզաբանումը. «Որեւէ միջազգային ոչ պետական կազմակերպության կողմից արդարադատության նախարարությունում դատապարտյալ Արման Բաբաջանյանի առնչությամբ միջնորդություն, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով, չի ստացվել: Արման Բաբաջանյանը Դատապարտյալների քրեակատարողական հիվանդանոց է տեղափոխվել ս.թ. հուլիսի 6-ին՝ նրա առողջական վիճակի վատթարացման կապակցությամբ: Դրանից անմիջապես հետո իմ միջնորդությամբ Ա. Բաբաջանյանը քաղաքացիական համապատասխան բուժհաստատությունում արտահերթ ենթարկվել է համակարգչային եղանակով իրականացվող համալիր հետազոտման: Բնականաբար, իրավասու չեմ խոսելու հիվանդության կոնկրետ հանգամանքների մասին եւ ցավում եմ, որ էթիկայի կանոնների եւ օրենսդրության պահանջների խախտմամբ այդ տեղեկատվությունը լրատվության միջոցները անկաշկանդ տարածում են:
Ներկայումս Ա. Բաբաջանյանը գտնվում է ինչպես մասնագիտացված ՔԿՀ-ի, այնպես էլ իր կողմից հրավիրված բժիշկների անմիջական հսկողության ներքո: Ըստ հիշյալ մասնագետների, հիվանդության բուժման հիմնարար եղանակը տվյալ դեպքում վիրահատությունն է, ինչի առնչությամբ մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել, մասնավորապես՝ պատրաստ ենք ներգրավելու լավագույն մասնագետներին: Ա. Բաբաջանյանը առայժմ հրաժարվել է վիրահատությունից՝ ակնկալելով այն կազմակերպել արտասահմանում: Այսպիսով, որեւէ արտաքին միջամտության կարիք չկա: Արդարադատության նախարարության իրավասու կառույցները գործում են իրավիճակից թելադրվող պահանջներին համապատասխան: Ներկա դրությամբ ՔԿՀ-ի ադմինիստրացիան համապատասխան միջնորդություն է ներկայացրել անկախ հանձնաժողովին, որի նիստը կկայանա մոտակա օրերին»:
Հիշեցնենք նաեւ, որ խորհրդարանական «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանն այցելել էր «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արման Բաբաջանյանին, որից հետո նամակով դիմել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում ասվում է. «Արման Բաբաջանյանի առողջության մասին բազմիցս բարձրաձայնել ենք, սակայն մեր հորդորները չլսվեցին: Եվ այսօր ունենք առողջության ծայրահեղ կորստի փաստի առջեւ կանգնած հայ երիտասարդ: Հետեւությունս մեկն է՝ չհարգվեցին ոչ միայն նրա մարդկային իրավունքները, այդ թվում՝ պայմանական վաղաժամկետ ազատման, այլ նաեւ չպահպանվեց նրա առողջությունը»: Պատգամավորը ակնկալում է նախագահի աջակցությունը նախագահի լիազորությունների շրջանակում Արման Բաբաջանյանին ազատություն շնորհելու հարցում: