Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ

Հուլիս 30,2009 00:00

«Ժամանակն է կոտրել այն սովորույթը, որ ամռանը դասական երաժշտություն չեն լսում: Ավելի քան 50 օր, շուրջ 25 համերգ, այս ամենը մեծ նվեր է դասական երաժշտության սիրահարներին»,- երեկ «Բաց երաժշտություն փառատոնին» նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց փառատոնի ղեկավար եւ համակարգող, Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավար Արամ Ղարաբեկյանը:

Այսօր երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնի ամառային բացօթյա դահլիճում կմեկնարկի «Բաց երաժշտության փառատոնը»: Ա. Ղարաբեկյանի ձեւակերպմամբ՝ փառատոնի ներկաները հնարավորություն կունենան ունկնդրելու այնպիսի ձայնային հնչողություն, ինչպիսին հայ հանդիսատեսը դեռեւս չի լսել. «Փառատոնի հնչյունային ռեժիսորն է «Stage Tach» հնչյունային ինժեներական ընկերության մասնագետ, գերմանացի Գիդո Քաչերը: Այդ ընկերությունը զբաղվում է աշխարհի ամենահայտնի դահլիճների երաժշտական սարքավորումներով: Այս օրերի ընթացքում, երբ մենք փորձեր ենք անում, խոստովանում եմ, որ երբեք չեմ լսել նման հնչողություն»:

«Առավոտի» հետ զրույցում Գ. Քաչերն ասաց. «Երբ առաջին անգամ ծանոթացա Հայաստանի հնչյունային տեխնիկային, զգացի, որ մեծ տարբերություն կա այստեղի եւ մեր կողմից Եվրոպայում կիրառվող տեխնիկայի միջեւ՝ որպես ստանդարտ»: Հնչյունային ռեժիսորի խոսքով, սա իր առաջին այցելությունը չէ Հայաստան. «Մի քանի անգամ եղել էի այստեղ: Ուրախ եմ, որ փառատոնը առիթ հանդիսացավ, որպեսզի կրկին գամ Հայաստան եւ որպես հնչյունային ռեժիսոր առաջին անգամ Հայաստանի համար եվրոպական չափանիշներին համապատասխան հնչունային նախագիծ անեմ, հնչողությունը լինի այն իրականը, որ կատարվում է բեմի վրա»: Գիդո Քաչերը Հայաստանում մնալու է 3 շաբաթ եւ անցկացնելու է առաջիկա համերգները:

Փառատոնը շարունակվելու է մինչեւ սեպտեմբերի 21-ը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել