Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի հորինած պատմությունը»

Հուլիս 30,2009 00:00

\"\"Վերջին հիսուն տարիներին ադրբեջանական մամուլում եւ գիտական աշխատություններում տեղ գտած հակահայկական քարոզչություններին ի պատասխան՝ այս տարի լույս է տեսել Լոնդոնի «Armenian Institute» կազմակերպության հիմնադիր Ռուբեն Գալիչյանի «Ադրբեջանի հորինած պատմությունը. Ադրբեջան եւ Հայաստան, երեւակայություններ եւ փաստեր» գիրքը: Ադրբեջանցիների տարածած տեղեկություններին, թե հայերը տարածաշրջանում նորեկներ են եւ Հայաստանն էլ հազարամյակներ շարունակ եղել է Ադրբեջան, ի պատասխան՝ Ռ. Գալիչյանն իր գրքում ներկայացրել է ոչ միայն հայ պատմաբանների ու ազգագրագետների ճշգրիտ ուսումնասիրություններ, այլեւ ներառել է 18-19-րդ դարերի թուրք պատմաբանների գրքերից մեջբերումներ: Ռ. Գալիչյանին մտահոգում է հատկապես ադրբեջանցիների՝ վերջին տարիներին հսկայական չափերի ու չափազանցությունների հասնող հակահայկական գործունեությունը, ինչն էլ հովանավորվում է «Ալիեւ» հիմնադրամի կողմից: «Ադրբեջանական հրատարակություններն արվում են անգլերենով ու անվճար ցրվում ամբողջ աշխարհի համալսարաններում, քաղաքական կառույցներում ու գրադարաններում. մի քանի սերունդ հետո գրադարան այցելող ուսանողությունը կտեսնի միայն ադրբեջանական կողմի ներկայացրածը, եւ դրանք հակասող նյութերի բացակայության պատճառով կընկալվեն իրողություն եւ փաստ»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գրքի հեղինակ Ռուբեն Գալիչյանը: Նրա համոզմամբ՝ իր նոր աշխատությամբ ինքը լավագույնս պատասխանել է նաեւ երկու տարի առաջ Բաքվում լույս տեսած «War against Azerbaijan. Targeting cultural monuments» գրքին. «Ադրբեջանցիների տարածած հերյուրանքներին՝ հայերը ոչնչացնում են ադրբեջանական հուշարձանները, ներկայացրել եմ հակասող լուսանկարներ ու փաստեր: Գիրքս ավարտել եմ Ադրբեջանի կողմից իրականացվող ավերածություններով. Ադրբեջանի ու Նախիջեւանի հայկական եկեղեցիների ոչնչացումը, Ջուղայի խաչքարերի բնաջնջումը եւ Բաքվի հայկական գերեզմանատան քանդելը»,- ասաց Ռ. Գալիչյանը: Ռ. Գալիչյանին շատ է բարկացրել հատկապես ադրբեջանցիների՝ վերջերս հրատարակած մեկ այլ՝ «Արեւմտյան Ադրբեջանի հուշարձանները» աշխատությունը. Հայաստանի քարտեզի ներքեւում գրված է Արեւմտյան Ադրբեջան, եւ Հայաստանի բոլոր պատմական հուշարձաններն ու եկեղեցիները ներկայացված են թուրքական: Թե ինչու մինչեւ հիմա հայկական կողմը ադրբեջանցիների հերյուրանքներին որեւէ հակահարված չի տվել կամ գոնե այս դեպքերը եվրոդատարան չի ներկայացրել, Ռ. Գալիչյանն առայժմ հապաղում է տարբերակներ ներկայացնել, միայն համոզված է, որ եթե հայերը աչք են փակում նման կարեւոր փաստերի աղավաղման վրա, ապա ադրբեջանցիները կշարունակեն աղավաղել ու ավերել հայոց պատմությունը:

Ռ. Գալիչյանի աշխատությունը առայժմ հրատարակվել է միայն անգլերեն, 25000 օրինակով: Առաջիկայում նախատեսվում է նաեւ ռուսերեն ու հայերեն թարգմանությունները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել