Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒԲՅԵԿՏԻՎԻԶՄԸ ՎԵՐԱՑՐԵԼ ԵՆՔ

Հուլիս 30,2009 00:00

\"\"Ըստ ԳԹԿ փոխտնօրեն Արսեն Բաղդասարյանի՝ թեստային համակարգն անհամեմատ մեծ առավելություններ ունի

– Պարոն Բաղդասարյան, տեղյակ ենք, որ ԳԹԿ-ն արդեն սկսել է վերլուծել այս տարվա պետական միասնական քննությունների արդյունքները՝ տարբեր պարամետրերով: Մինչ այդ վերլուծությունները կամբողջանան, կարո՞ղ եք ասել՝ սպասելի՞ էին Ձեզ համար այն արդյունքները, որ եղան:

– Ես կասեմ, որ ինձ համար անբնական, տարօրինակ էին անցյալ տարիների բարձր գնահատականները. ոչ միայն այն, որ 18-20 միավորներն էին շատ, այլեւ այն, որ միջին գնատականներն էին շատ բարձր. որեւէ առարկայից միջինը 16-17-ը անհասկանալի էր: Այնպես որ, այս տարվա արդյունքները սպասելի եւ բնական էին, թեեւ՝ նախորդ տարիների ֆոնի վրա մի քիչ աղմկահարույց: Իհարկե, նաեւ այն պահը կա, որ բոլոր առարկաներից համատարած թեստավորում եղավ, եւ, այո, մի քիչ էլ բարդ էին թեստերը: Այլ հարց է, որ այս տարի «կտրվողներն» են շատ եղել, բայց ինչքան էլ բարդ լինեին թեստերը, միեւնույն է, քննությանը պատրաստված երեխայի համար մինիմալ շեմը հաղթահարելի էր, եւ կտրվողները միայն անպատրաստները կարող էին լինել: Սակայն ինձ համար այլ բան էր տարօրինակ. զամանալի էր, որ այս տարվա քննություններից բողոքողները չխոսեցին այն մասին, որ դասագրքերում կամ ձեռնարկներում որեւէ թեստ չկար, եւ երեխաները իրենց ուսումնառության 10 տարիների ընթացքում թեստ չեն լուծել: Ստացվում է, որ նրանք 10-11 տարի սովորում են մի ձեւով ստուգել իրենց գիտելիքները, բայց ավարտելիս լրիվ այլ ձեւով են քննություն հանձնում: Կարծում եմ, որ դա մի քիչ անարդար է երեխաների հանդեպ: Դա վերաբերում է նաեւ կրկնուսույցներին. եթե նախկինում լավ կրկնուսույց էր համարվում նա, ով ոչ թե լավ գիտելիք էր տալիս, այլ սովորեցնում էր, թե ոնց քննություն հանձնեն, ապա հիմա կրկնուսույցը չի կարողանում երեխային փոխանցել քննություն հանձնելու ճիշտ ձեւը: Հիմա կրկնուսույցը պիտի միայն գիտելիք տա, իսկ դա արդեն լուրջ բան է, ավելին, գիտելիքը բավարար չի, երեխայի վրա էլի գործ է մնում՝ ինքնուրույն մտածել եւ կողմնորոշվել, որովհետեւ թեստում կարող է այնպես ձեւակերպված լինի հարցը, որ նա ստիպված լինի մտածել եւ որոշում կայացնել:

– «Առավոտին» տված հարցազրույցում ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանն ասաց, որ տարբեր առարկաների թեստերի որակից երեւում է, թե թեստ գրողը թեստոլոգիայից գաղափար ունի՞, թե՞ չէ: Գուցե դա՞ էլ էր որոշ առարկաներից ցածր արդյունքների պատճառներից մեկը:

– Գաղտնիք չէ, որ թեստոլոգիայի մասնագետները մեզ մոտ քիչ են, եւ մեր առարկայական լավագույն մասնագետները, որոնց մասնագիտական ունակությունների եւ առարկան իմանալու վրա ոչ ոք չի կասկածում, փորձ չունեն թեստ կազմելու գծով, եւ իրենց համար դա նորություն էր: Մեր վերջնական վերլուծությունը դա ցույց կտա, բայց ձեւակերպումների, հարցադրումների տեսանկյունից շատ բան արդեն իսկ երեւում է: Կա նաեւ խնդրի մեկ այլ կողմը. ցանկացած գրավոր տեքստում՝ լինի գիրք, հոդված կամ որեւէ այլ բան, հնարավոր չէ, որ գրես եւ մեջը մի վրիպակ կամ սխալ չլինի, դրա համար գրողից հետո նայում է ընդդիմախոսը, սրբագրիչը, խմբագիրը, համակարգչային ձեւավորողը, մի վերջին անգամ էլի ինքը՝ հեղինակը… Եվ եթե մի 3 օր հետո նորից նույն տեքստը ձեռքը վերցնի, կրկին շտկումների կարիք կզգա: Այնինչ, այն գաղտնիության պայմաններում, որ աշխատում էին մեր թեստերի հեղինակները (նրանք անգամ իրենց տանը չէին գրում թեստերը, բերում էին կեսգիշերին այդ մարդկանց, մտցնում մի սենյակ, նստեցնում, ասում՝ գրիր), ես համարում եմ, որ վրիպակների ու թերությունների առումով մենք ուղղակի հրաշալի արդյունք ենք տվել:

– Իսկ այդ սխալների վրա աշխատելո՞ւ եք:

– Իհարկե: Այս բոլոր առաջադրանքների անճշտությունը պիտի փորձարկման ժամանակ հայտնաբերվեր եւ կամ վերափոխվեր, կամ ընդհանրապես դեն շպրտվեր: Բայց մենք այդ հնարավորությունը չենք ունենում՝ մեր այս 3 միլիոնանոց երկրում մի բան փորձարկես, նույն օրը ամեն ինչ կտարածվի: Բայց չի բացառվում, որ այս առաջադրանքների միջից հաջողները պահենք եւ մի քանի տարի հետո դրանք օգտագործենք, ու այդպես կուտակելով, մի քանի տարվա մեջ լավ, հաջող փորձարկում անցած առաջադրանքների մի բազա կունենանք: Այդ առումով քննությունը ամենալավ փորձարկումն էր: Եթե մենք տանեինք առաջադրանքները դպրոցներ եւ ասեինք՝ գիտես բալիկ ջան, սա քեզ պետք չի, բայց մեզ է պետք, խնդրում ենք մի հատ փորձարկիր, նա այնպեսի ջանք չէր թափի դրա վրա, ինչպես աշխատեց քննություների ժամանակ, երբ հենց իրեն էր պետք:

– Ավելի նպատակահարմար չի՞ լինի, որ թեստը գրող խմբի մեջ միանգամից ընդգրկվի ԳԹԿ-ի մասնագետ-թեստոլոգը:

-Այդ որոշումները ես չեմ ընդունում, բայց իհարկե, ավելի նպատակահարմար կլինի, որ խմբում ե՛ւ թեստոլոգ լինի, ե՛ւ լեզվի մասնագետ, բայց ես նաեւ հասկանում եմ, որ ինչքան շատ մարդ լինի, այնքան գաղտնիությունը կորում է՝ որակը կբարձրանա, բայց գաղտնիությունը կխախտվի:

– Քննություններից բողոքների մեջ հնչում էր նաեւ այսպիսի բողոք՝ թեստային համակարգը վատն է, պետք է վերադառնալ հնին:

– Դա ամենավտանգավոր խոսակցությունն է: Մարդն իր բնույթով լավը միանգամից հեշտ ընդունում է, կարծես այդպես էլ պիտի լիներ, իսկ վատը ուռճացնում է: Ոչ ոք չի հիշում, որ ընդամենը երեք տարի առաջ 11 հազար երեխաների աշխատանքները 30 օր շարունակ հանձնաժողովի 300-400 հոգանոց անձնակազմը ստուգում էր: Ես պատրաստ եմ գրազ գալ. վերցնենք ցանկացած առարկայից ցանկացած գրավոր, որը ստուգել է մարդը, եւ նույն ստուգողին կամ մեկ ուրիշին նորից տանք ստուգի, անպայման միավորը կփոխվի: Ընդ որում ես չեմ ակնարկում ինչ-որ խարդախություններ կամ այլ բաներ, ուղղղակի շեշտում եմ սուբյեկտիվիզմի գործոնը: Մենք նման փորձարկում ենք արել. նույն պատմաբանը իր ստուգած գրավորը մի քանի օր հետո ստուգեց եւ 4 միավորի տարբերություն տվեց: Թեստային համակարգով մենք պրոբլեմների մի ամբողջ շերտ ենք մեջտեղից դուրս հանել, եւ դա չտեսնելը նշանակում է դիտավորությամբ միայն վատը տեսնել: Քննությունը առաջ հանձնում էին, հետո ամբողջ տնով-տեղով օրերով սպասում էին՝ տեսնես ինչ կստանա երեխան: Իսկ հիմա՝ գրեցիր, պատճենդ վերցրեցիր, գնացիր տուն, մի ժամից ինտերնետում դրված է՝ ինքդ ստուգիր ու քեզ գնահատիր: Կամ՝ հիմա մի առարկայից քննությունը նույն օրը բոլորը հանձնում են, վերջացնում, առաջ մի քանի օր անընդհատ նույն առարկայի քննությունն էր: Կամ՝ եթե նախկինում, ասենք, 100 հարցից չպարապեիր միայն 4-5-ը, ու քեզ հենց այդ հարցերով տոմս ընկներ, միանգամից կտրվում էիր, չնայած մնացած 95-ը գիտեիր: Իսկ հիմա 80 առաջադրանք է, 5-6-ն էլ չիմանաս, դա քո հիմնական արդյունքի վրա լուրջ ազդեցություն չի կարող ունենալ: Կամ՝ համարժեքությունը: Հիմա բոլորը նույն թեստն են գրում, չի կարող մեկինը բարդ լինել, մեկինը՝ ավելի հեշտ: Այս բոլոր արժանիքները չտեսնել եւ ուռճացնել որոշ շտկելի թերություններ՝ ուղղակի դիտավորություն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել