Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողի «շուխուրը»

Հուլիս 30,2009 00:00

\"\"

Երկու անգամ համաներել են նույն անձին

«Առավոտ» եւ «ՉԻ» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը երեկ դիմում-բողոք է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ գլխավոր դատախազին եւ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահին:

Ըստ մեր գործընկերոջ, հուլիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի, դատավորներ Արմեն Դանիելյանի ու Մասիս Ռեհանյանի մասնակցությամբ, դռնբաց դատական նիստում կայացրել է դատավճիռ, որով որոշվել է կիրառել ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը: «Ինձ ազատեցին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի 2009-ի ապրիլի 17-ի դատավճռով նշանակված (դատավոր Արմեն Խաչատրյան) եւ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009-ի հունիսի 15-ի որոշմամբ անփոփոխ թողնված 350 հազար դրամ տուգանք պատժից: Հիշեցնեմ, որ նշված վճիռներն իմ նկատմամբ կայացվել էին այն բանի համար, որ ես իբր 2008-ի օգոստոսի 5-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի թիվ 5 նիստերի դահլիճում դատական նիստի ժամանակ դատարանի նկատմամբ ցուցաբերել եմ անհարգալից վերաբերմունք, որը, ըստ հարուցված քրեական գործի, դրսեւորվել է դատավորին վիրավորելով, ինչն արտահայտվել է դատավորի հասցեին հնչեցված «հորթ», «տխմար», «դամբուլ» եւ այլ որակումներով»,- ասվում է Գ. Շամշյանի դիմումում:

Ըստ վերջինի, վերաքննիչ քրեական դա տարանը իր նկատմամբ չպետք է կիրառեր ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» օրենքը: «Եռյակին ուղղված իմ պնդմանը, թե դուք, խախտելով օրենքը, իմ նկատմամբ կայացնում եք անօրինական դատավճիռ, նրանց արձագանքն իսկական զավեշտ էր: Դահլիճից ճողոպրելով, նրանք շպրտեցին. «Շուխուր մի արա, քեզ լավություն ենք արել»: Իսկ իմ պնդմանը, թե լավությունը կլինի այն, որ առաջնորդվեք օրենքով եւ պաշտպանեք օրենքի տառը, նրանք չպատասխանեցին», շարունակում է ֆոտոլրագրողը: Նա տեղեկացրել էր, որ դեռեւս 2007թ. մայիսի 27-ի որոշմամբ իր նկատմամբ կիրառվել էր ՀՀ Անկախության հռչակման 7-րդ տարեդարձի կապակցությամբ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 15.09.1998 թվականի որոշման 2-րդ կետը, ինչպես նաեւ 2007թ. ապրիլի 27-ի որոշմամբ կիրառվել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ «Համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ 12.06.2001թ.-ի որոշման 2-րդ կետը, ինչի առթիվ դեռ այն ժամանակ կիրառվել է համաներում, եւ ֆոտոլրագրողի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը եւ նա ազատվել է քրեական պատասխանատվությունից: Խնդիրն այն է, որ եթե քաղաքացու նկատմամբ մեկ անգամ համաներում է կիրառվել, երկրորդ անգամ օրենքն արգելում է դրա կիրառումը: Լրագրողը գտնում է, որ դատավորները «օրենք են խախտել» «Հանուն Հայաստանի Հանրապետության»: Հետեւաբար, նա պահանջում է օրինական միջոցներ նշված դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ իրականացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել