Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգ տարեք շների մասին

Հուլիս 30,2009 00:00

Երեկ բնապահպանության նախարարության 2-րդ մասնաշենքում կենդանիների խնդիրներով զբաղվող մի քանի հ/կ-ներ քննարկեցին թափառող շների հետ կապված խնդիրները: Միջոցառման կազմակերպիչ «Օգնել կենդանիներին» հ/կ նախագահ Նունե Մեհրաբյանի խոսքերով, իրենց կազմակերպությունն ունի կացարան թափառող ու անապաստան կենդանիների համար, որը միակն է Հայաստանում: Անապաստան կենդանիներն այդտեղ կարող են ապրել մինչեւ իրենց կյանքի վերջը. «Ներկայումս մեր կացարանում ապրում է 220 շուն»: «Unigrafics» ՍՊԸ-ն էլ արդեն 8 տարի է, ինչ զբաղվում է այս խնդրով, նրա նպատակն է քաղաքակիրթ եղանակներով նվազագույնի հասցնել մայրաքաղաքի թափառող շների թիվը՝ խուսափելով վնասազերծման եղանակից:

Ն. Մեհրաբյանի խոսքերով. «Բնակիչները ահազանգում են բակում ապրող շների հարցը լուծելու համար: Շատերը խնդրում են ստերիլիզացիայի ենթարկել նրանց եւ կրկին բաց թողնել նույն բակում, ինչը մեր կազմակերպությունն անում է անվճար»:

Ի տարբերություն «Օգնել կենդանիներին» հ/կ նախագահ Ն. Մեհրաբյանի՝ քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Միքայելյանը չներկայացրեց ոչ մի միջոցառում, որն իրականացվել կամ իրականացվելու է թափառող շներին վնասազերծելու կամ ստերիլիզացիայի ենթարկելու հետ կապված: Նա այդպես էլ չպարզաբանեց քաղաքապետարանի դիրքորոշումն այս հարցի շուրջ եւ այն հարցին, թե ով է զբաղվում վնասազերծմամբ, մատնացույց արեց «Unigrafics» ՍՊԸ-ին, որը, մասնակցելով քաղաքապետարանի հայտարարած մրցույթին, շահել է այն եւ պայմանագիր կնքելով՝ կատարում է պետական պատվեր: «Unigrafics»-ի փոխտնօրեն Լիլիթ Գրիգորյանի ներկայացմամբ էլ, «2009թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը ընդհանուր հաշվով ստերիլիզացվել է 2047 թափառող կենդանի, վնասազերծվել՝ 20 460-ը»: Կազմակերպության հասցեին հնչած այն մեղադրանքին, թե իրենց աշխատակիցները կենդանիներին գնդակահարում են հենց բակերում կամ հասարակական վայրերում, Լ. Գրիգորյանն ասաց. «Քաղաքապետարանը կազմակերպությանը հատկացրել է հատուկ տարածք, որտեղ էլ իրականացվում են այդ միջոցառումները, այն է՝ գնդակահարումը»: Վերջում մասնակիցները եկան այն համոզման, որ անհրաժեշտ է քաղաքում թափառող շների թիվը հավասարեցնել զրոյի, ինչպես բոլոր քաղաքակիրթ երկրներում, իսկ դրան հասնելու միակ միջոցն է՝ կոչ անել հասարակությանը՝ հոգ տանել շների մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել