Ու դուրս եկավ «Հանրապետությունից»
«Հանրապետության» ստեղծումից ի վեր այդ կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Գեղամ Հարությունյանը երեկ ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: Հիշեցնենք, որ պրն Հարությունյանը ՊՆ նախկին փոխնախարարն է: Բացի այդ՝ նա 2008-ի ապրիլի 2-ին Ավան եւ Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտվել էր 1,5 տարվա պայմանական ազատազրկման՝ ապօրինի զենք պահելու համար: Որպես ապօրինի զենք դատախազությունը ներկայացրել էր 1998-ին պաշտպանության նախարարի հրամանով Գեղամ Հարությունյանին պարգեւատրած զենքը, որը գրանցված չէր ոստիկանությունում: Ատրճանակի համար պայմանական ազատազրկման մասին լուրն այդ ժամանակ ԶԼՄ-ները համադրել էին փաստերի հետ, որ մի քանի փամփուշտի համար ԵԿՄ Արաբկիրի կառույցի ղեկավար Հովհաննես Հարությունյանին նույն շրջանում դատապարտեցին 1,5 տարվա, իսկ ԵԿՄ Մասիսի կառույցի ղեկավար Հուսիկ Բաղդասարյանին՝ 3 տարվա ազատազրկման: Թեեւ նրանք 3-ն էլ դատապարտվել էին ՔՕ 235 հոդվածի 1-ին մասով, որի վրա տարածվեց համաներումը:
Դատավճռից հետո Գեղամ Հարությունյանն «Ազատություն» ռ/կ-ին տված հարցազրույցում ասել էր. «Վերջին ժամանակներս ակտիվ քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվել, քաղաքականությունը շարունակում է հետաքրքրել ինձ, ես կորոշեմ իմ մասնակցության ձեւն ու չափը»:
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը երեկ երեկոյան «Առավոտի» թղթակցի հետ զրույցից տեղեկացավ, որ Գեղամ Հարությունյանն ընտրվել է ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ: Սակայն մեր զրույցից կես ժամ անց հայտնեց, որ Գեղամ Հարությունյանը նույն օրը եւեթ դադարեցրել է կուսակցությանն իր անդամակցությունը: «Իր որոշմանը մենք նորմալ ենք վերաբերվում»,- ասաց Սուրեն Սուրենյանցը:
Ինքը՝ Գեղամ Հարությունյանը, մեր հարցին, թե ինչու դադարեցրեց անդամակցությունը «Հանրապետությանը»՝ պատասխանեց. «Այս խորհուրդը, որի նախագահն եմ ընտրվել՝ ապակուսակցական մարմին է, գործառույթները կապված են լինելու պաշտպանության ոլորտի հետ: Եվ այդ պատճառով ես գտա, որ դա անհամատեղելի է որեւէ կուսակցականության հետ: Այդ իսկ պատճառով դադարեցնում եմ իմ անդամությունը «Հանրապետություն» կուսակցությանը: Չնայած այս պահին չէ, որ ես հեռացա ակտիվ քաղաքականությունից: Վերջին 2 տարիներին, ըստ էության, ակտիվ քաղաքականությամբ չեմ զբաղվել, հրապարակային ելույթներ չեմ ունեցել, հարցազրույցներ չեմ տվել ու հոդվածներով հանդես չեմ եկել: Այսինքն՝ 2007-ի մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն ինձ համար յուրօրինակ սահմանագիծ էին: Եվ վերջին 2 տարիներին փոխել եմ հանրային օգտակարության իմ ծառայությունը՝ զբաղվել եմ ուսուցչությամբ: Հիմա ընդլայնում եմ այդ ծառայության շրջանակները՝ անդամակցելով այս խորհրդին եւ ընտրվելով դրա նախագահ»: