Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱԿԸ ԵՎ «ՈԶՆԻՆԵՐԸ» ՀԱԿ-Ի ՀԱՅՏՆԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՉԵՆ

Հուլիս 30,2009 00:00

\"\"Հեգնում է ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որն այժմ համակարգում է Հայ ազգային կոնգրեսի պետաիրավական հանձնաժողովի եւ իրավական աջակցության կենտրոնի աշխատանքները:

– «Մարտի 1»-ի գործի նախաքննության ղեկավարը 2008-ի ապրիլին հրապարակել էր, թե բավարար տվյալներ կան, որ զանգվածային անկարգությունների նախապատրաստումն իրականացվել է արտաքին ուժերի ֆինանսավորմամբ: Ձեր կարծիքով, որո՞նք էին այն գործոնները, որ ստիպեցին նախաքննության մարմնին հրաժարվել սկզբնապես շրջանառության մեջ դրված այս վարկածը զարգացնելուց:

– Կարծում եմ, որ դա «Մարտի 1»-ի գործերը քննող քննչական խմբի եւ հսկողություն իրականացնող դատախազի անհեթեթ վարկածներից կամ պնդումներից մեկն է եղել: Այդպիսի պնդումները մի քանիսն էին, որոնք հերթականությամբ, որպես արհեստական փչած փուչիկներ, պայթեցին: Պայթեց նաեւ այդ պնդումը: Քանի որ անցել է շուրջ 1,5 տարի այդ հայտարարությունից հետո, ավարտվել են առաջին ատյանի դատարանում «7-ի գործով» բոլոր դատավարությունները, ու որեւէ մեկին մեղադրանք ներկայացված չի եղել, թե նրանք ֆինանսավորվել են դրսից: Միակ նման հիշատակումը Ալեքսանդր Արզումանյանին ավելի վաղ ներկայացված «փողերի լվացման» մեղադրանքն էր. իբր թե նա դրսից ինչ-որ փողեր էր ստացել ու պատրաստվում էր դրանք օգտագործել ինչ-ինչ քաղաքական նպատակներով: Փառք Աստծո, այդ փողերն Ալեքսանդր Արզումանյանը ստացել էր Ռուսաստանից, որը մեր պետության հետ ռազմավարական դաշնակցային հարաբերությունների մեջ է: Եվ չեմ կարծում, թե որեւէ խոչընդոտ է եղել ՌԴ-ում քննչական կամ օպերատիվ գործողությունների կատարման համար: Այնպես որ՝ մեր Հատուկ քննչական ծառայությունը փառահեղորե՛ն տապալեց նաեւ այդ մեղադրանքը: Սա նույնպես ապացուցում է, որ իրականում մեր համաժողովրդական շարժումը չի ունեցել որեւէ արտաքին ֆինանսավորում, հատկապես՝ տվյալ դեպքում Ռուսաստանից:

– Այսուհանդերձ, որպես արտաքին մասնակցության հիմնավորում՝ նախաքննական մարմնի ղեկավարն այդ ժամանակ «ԱրմԻնֆո»-ին ասել էր, թե «մարտի 1-ի առավոտյան եւ երեկոյան կիրառված մեթոդիկան, ինչպես նաեւ «ոզնիների», մահակների օգտագործումը արդեն օգտագործվել էին այլ երկրներում համանման անկարգությունների ժամանակ»:

– Ճիշտն ասած, մահակներ նախնադարում նույնպես օգտագործվել են, եւ մարդանման կապիկները մահակների միջոցով ծառերից պտուղներ էին վայր գցում: Ինչ վերաբերում է «ոզնիներին»՝ ինչքան որ ես հետեւել եմ «Discovery» հեռուստաալիքին՝ «ոզնիներ» առաջին անգամ կիրառվել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ ռազմական գործողություններում էլի առաջին անգամ գործածվեցին հրասայլեր, որոնք այն ժամանակ ունեին շատ թեթեւ կոնստրուկցիա: Այնպես որ՝ ո՛չ մահակը, ո՛չ «ոզնիները» Համաժողովրդական շարժման կամ ժողովրդավարական շարժումների հայտնագործությունները չեն: Գուցեեւ՝ ցավոք սրտի:

– Նախաքննական մարմնի գլխավոր վարկածն էր, թե իշխանության զավթման նպատակով անկարգությունները կազմակերպված են եղել մի կենտրոնից, որի ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: Իշխանական գործիչները մարտի 1-ից հետո առաջին ամիսներին պնդում էին, թե Տեր-Պետրոսյանի արարքը քրեորեն պատժելի է, եւ նա պիտի ենթարկվի պատասխանատվության: Ձեր կարծիքով, ի՞նչ գործոններ դեր խաղացին, որ նախաքննական մարմինն անգամ հարցաքննելու փորձ չարեց Լեւոն Տեր-Պետրոսյանին:

– Նախ՝ օբյեկտիվ իրականության մեջ թե՛ փետրվարի 19-ից սկսած գործընթացներում, թե՛ մարտի 1-2-ին իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված որեւէ գործողություն չի կատարվել, տեղի չի ունեցել: Եթե ուսումնասիրեն «Քրեական օրենսգրքի» նախկին խմբագրությամբ 300 հոդվածի դիսպոզիցիան, ապա նույնիսկ ոչ իրավաբան ու թերի միջնակարգ կրթություն ունեցող անձի համար ակնհայտ կլինի, որ համաժողովրդական այդ ընդվզման՝ ցույցերի, բողոքների, երթերի ժամանակ չի կատարվել իշխանության զավթմանն ուղղված բռնի որեւէ գործողություն:

Նրանք ասում էին, թե այդ ծրագիրը մշակված է եղել մի կենտրոնում, որի գլխին՝ բնական է, պետք է կանգնած լիներ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Բայց հիշեցնեմ, որ այն 7 հոգին, որոնք առանձնացվեցին ու մեղադրվեցին այդ չեղած գործողություններն իբր թե նախապես ծրագրելու, մշակելու եւ իրականացնելու համար՝ այդ անձանցից մի քանիսն իրար նույնիսկ չէին էլ ճանաչում: Եվ մի մասն առաջին անգամ իրար տեսան դատարանում: Ինչպե՞ս կարող են իրար անծանոթ ֆիզիկական անձինք միասին նախապատրաստել իշխանության զավթմանն ուղղված բռնի գործողություններ: Ի վերջո, մեր իշխանությունները ճնշման ու նաեւ փաստաբանական, իրավաբանական բացատրական գործունեության շնորհիվ եկան այն համոզման, որ իրականում իրենց չի հաջողվելու իշխանության զավթման մեղադրանքով՝ նույնիսկ այս կամակատար դատական համակարգի պայմաններում, ունենալ մեղադրական դատավճիռ, ինչը նրանց թելադրեց գնալ օրենսդրական փոփոխությունների ճանապարհով: Բայց այդտեղ չկա՛ր մեղադրանք. այն չէին կարողանալու հիմնավորել երկու ոստիկանի ցուցմունքներով:

Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանին չհարցաքննելու պատճառը, կարծում եմ՝ այն էր, որ այդ մեղադրանքն այնքա՜ն անհեթեթ ու ծիծաղելի էր, որ իրենց համարձակությունը բավարարեց միայն երկրորդ սանդղակում գտնվող մեր քաղաքական ընկերների համար: Նույնիսկ իրենք հասկացան, որ այդ հարցադրումներով Լեւոն Տեր-Պետրոսյանին դիմելն արդեն իսկ իրենց պարտությունն է լինելու:

– Ինչպե՞ս եք վերաբերվում այն հեռանկարին, որ ինչպես պարզ է դառնում «Մարտի 1»-ի ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարություններից՝ իր եզրակացության մեջ այս հանձնաժողովը պատրաստվում է տալ նաեւ ցուցարարների ղեկավարների վարքագծի բարոյական գնահատականը, եւ մասնավորապես անդրադառնալ հետեւյալ հարցին՝ «Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանը չեկավ եւ չուզեց վերցնել վերահսկողությունը, ինչի դեպքում կարող էր չլինել այն, ինչ եղավ»:

– Կարծում եմ, Նիկոյանի հանձնաժողովի առջեւ ո՛չ ԱԺ այդ ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման որոշմամբ եւ ո՛չ էլ ԵԽԽՎ բանաձեւերով «բարոյական» գնահատականներ տալու խնդիր դրված չէ:

Վերջերս նրա հարցազրույցից տեղեկացա, որ Նիկոյանն արդեն իսկ հրաժարվել է մարտի 1-ին իրականացված սպանությունների դեպքերին գնահատական տալուց, քանի որ, ըստ նրա, այդ ուղղությամբ հանձնաժողովին ոչինչ չի հաջողվել բացահայտել: Մինչդեռ հենց սա էր այդ հանձնաժողովի խնդիրներից մեկը՝ զոհվածների մահվան հանգամանքների ճշտումը: Հանձնաժողովը նաեւ պիտի եզրակացությունում գնահատական տա տեղի ունեցած բռնությունների, ինչպես նաեւ ոստիկանության գործողությունների իրավաչափության եւ համաչափության վերաբերյալ: Այս առումով ոստիկանության գործողությունները ու նաեւ բանակի մասնակցություն մարտի 1-ի դեպքերին կդիտարկեի միասին, քանի որ թե՛ զինված ուժերի մասնակցությունն է եղել հակաիրավական, թե՛ հատուկ դրությունն է մտցվել հակասահմանադրական ճանապարհով, եւ թե՛ ոստիկանության գործողություններն էլ ի սկզբանե՝ մարտի 1-ի լուսաբացից կրել են բացարձա՛կ ապօրինի բնույթ: Ու հիմա չի կարողանալու Նիկոյանի հանձնաժողովն այդ գործողությունները տեղավորել ո՛չ «Քրեական դատավարության» օրենսգրքի, ո՛չ «Ոստիկանության մասին» օրենքի, ո՛չ էլ «Ժողովներ, հանրահավաքներ, երթեր ու ցույցեր անցկացնելու մասին» օրենքի շրջանակներում: Եվ կարծում եմ, Նիկոյանի հանձնաժողովը չի կարողանալու լղոզել կամ թաքցնել այդ հանգամանքը, որ նման լիազորություններ ՀՀ ոստիկանությունը չի ունեցել եւ գործել է լիակատար ապօրինի դաշտում:

Իսկ ՀԱԿ-ն իր կառույցներով, նաեւ իրավական աջակցության մեր կենտրոնով ու պետաիրավական հանձնաժողովի ջանքերով նպաստելու է, որ օբյեկտիվ իրականությունը ջրի երես դուրս գա: Բացահայտելու ենք այդ ապօրինություններն ու տեղեկացնելու թե՛ հանրությանը, թե՛ ԶԼՄ-ներին, թե՛ Սամվել Նիկոյանի հանձնաժողովին:

– Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն էլ անցած տարվա մարտի 14-ին Լեւոն Տեր-Պետրոսյանին մեղադրել էր հայրենիքի դավաճանության մեջ՝ նշելով, թե մարտի 1-ին Երեւանում զանգվածային անկարգությունների հիմնական նպատակը Հայաստանի թուլացումն էր եւ այդ ֆոնի վրա Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը. «Տեր-Պետրոսյանը կատարեց իր խնդիրը, որը երկրի թուլացումն է: Սակայն նրան չհաջողվեց հասնել գլխավորին` Ղարաբաղը զիջել Ադրբեջանին»: Մարտի 1-ին կատարվածը ԼՂ խնդրի լուծման հետ կապելու փորձերը ռացիոնալ հատիկ ունեի՞ն, թե՞ ոչ:

– Իհարկե, Հայաստանում ժողովրդավա րության վիճակը, իշխանությունների լեգիտիմության իսպառ բացակայությունն ազդել եւ ի վերջո ազդելու են ԼՂ հակամարտության կարգավորման վրա: Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին, գուցե հենց աշնանը, մենք դրա ականատեսը կլինենք: Այն, որ իշխանությունների գործադրած բռնությունների, ժողովրդի քվեի զավթման հետեւանքները ծանր են լինելու ԼՂ հարցի համար՝ կարծում եմ, նույն Գալուստ Սահակյանը եւ մյուսներն էլ են արդեն տեսնում: Եթե չեն տեսնում՝ իրենց պրոբլեմն է: Կարծում եմ՝ դա շատ տեսանելի է:

Իսկ որ 2008-ի փետրվար-մարտի իրադարձությունները մեր ընդդիմությունը հեռահար նպատակներով օգտագործում էր, որ Ղարաբաղի հարցում վնասի՝ կարծում եմ, կլինիկա ունեցող մարդու եզրակացություն է: Իսկ ես հոգեբուժության բնագավառում շատ սահմանափակ գիտելիքներ ունեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել