Հուլիսի 23-25-ը ԼՂՀ էին այցելել Հանրային խորհրդի 9 անդամները՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։ Նրանք հանդիպել են Ղարաբաղի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների, հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, որ ՀՀ կառավարության հետ աշխատանքում որեւէ խնդիր չունեն, փոխարենը դժգոհ են Հայաստանի հանրությունից: «Իրենք չեն տեսնում, որ Հայաստանի հանրությունն իրենց մեջքին կանգնած է։ Կարդալով Հայաստանի թերթերը, նայելով հեռուստատեսությունը՝ տպավորությունն այն է, որ մեզ միայն երկու հարց է հետաքրքրում՝ պատերազմ լինելու է-չի լինելու, հողերը տալու են-չեն տալու՝ ով ում է ծախում։ Այսինքն՝ Ղարաբաղն իր բազմաթիվ խնդիրներով դուրս է մղված մեր հանրության հետաքրքրություններից եւ այդ հարցերի շուրջ գնում է միայն եւ միայն սպեկուլյացիա, որ Հայաստանում առաջացնում է ներքին ճեղքվածք, անվստահություն իրար նկատմամաբ,- ըստ 7or.am-ի, նշել է Վ. Մանուկյանը՝ հավելելով, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն էլ իրեն ասել է. «Ձեր Աբովյան փողոցով քայլողները հասկանո՞ւմ են, որ իրենց անվտանգության ճակատը մեր ռազմաճակատն է։ Այդ գիտակցությունը եթե մեր ժողովրդի մեջ չլինի, մենք որեւիցե խնդիր լուծել չենք կարող»: