Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի քայլ ետ»

Հուլիս 30,2009 00:00

\"\"ԶԼՄ-ներում տարածվեց տեղեկություն, որ Ադրբեջանի ձախակողմյան ուղղվածության մի շարք կուսակցություններ մտադիր են դիմել հայ կոմունիստներին՝ 1988-ի կարգավիճակին վերադառնալու կոչով: Ի՞նչ եք նրանց պատասխանելու: Այդպիսի հարցով «Առավոտը» դիմել է ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանին: Վերջինիս պատասխանը հետեւյալն էր. «Հայաստանի կոմունիստական կուսակցության պատասխանը լինելու է միակը՝ պետք է պահպանել այն ամենը, ինչ որ Ղարաբաղի ժողովուրդը ձեռք է բերել 88-ի շարժման արդյունքում, այն, ինչ ձեռք է բերել հանրաքվեների միջոցով (1991-ին եւ 2006-ի Սահմանադրությամբ): Ազգային այդ տեսակետից բացի, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը ուրիշ ասելիք չունի: Մեր ասելիքը սա է՝ ոչ մի քայլ ետ այն արդյունքներից, ինչ այսօր գոյություն ունի: Ես կուզեի, որ ավելի վճռական դառնար Ղարաբաղի ղեկավարությունը: Ես զարմացած եմ, որ այսօր հանդես են գալիս Ղարաբաղի հասարակական, քաղաքական կազմակերպությունները, առանձին անհատներ, սակայն լռում է կառավարությունը, լռում է Ազգային ժողովը, լռում է նույնիսկ նախագահը: Վճռական ոչ մի բան չի ասվում: Իսկ Ղարաբաղը, ինչու չէ, նաեւ Հայաստանը, բավականին զոհեր է տվել, իսկ այդ զոհերի հիշատակի առաջ պատասխանատվությունը ո՞վ է կիսելու: Այնպես որ, ես չգիտեմ, թե Ադրբեջանի կոմունիստները ինչո՞ւ են այդպիսի կոչ ընդունել, այնուամենայնիվ, նրանք մի բան պետք է չմոռանան՝ Ղարաբաղը վաղուց կողմնորոշվել է ազգերի ինքնորոշման սկզբունքով եւ կառուցում է իր ազատ, անկախ եւ փայլուն Ղարաբաղը»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել