Պարզվում է, որ Երեւանի մանկավարժական համալսարանում վճարովի սովորող ուսանողը, համալսարանից դուրս մնալու դեպքում, չի կարող հետ ստանալ իր միջնակարգ կրթության վկայականը, քանի որ համալսարանում հայտարարում են, որ ուսանողը պարտք է մնացել վերջին կիսամյակի վարձը: Գաղտնիք չէ, որ վճարովի սովորող ուսանողները, որպես կանոն, դուրս են մնում վարձը չվճարելու պատճառով:
ԵՊՄՀ-ն ուսանողին չի հեռացնում մինչեւ քննությունների ավարտը, պարզապես վարձը չվճարելու դեպքում թույլ չի տալիս մասնակցել քննություններին: Այդպիսով ուսանողը հեռացվում է համալսարանից կիսամյակի ավարտից հետո: Հատկանշական է, որ բուհը ոչ մի պահանջ չի ներկայացնում ուսանողին, քանի դեռ նա չի պահանջել իր սեփականությունը հանդիսացող միջնակարգ կրթության վկայականը: Եթե իսկապես բուհի պահանջն օրինական է, ինչո՞ւ են բուհի պատասխանատուները, պարտքերը օրինականորեն պահանջելու փոխարեն, խախտում նախկին ուսանողի սահմանադրական իրավունքը (ՀՀ սահմանադրություն, հոդված 31)՝ առանց որեւէ իրավական հիմքի չվերադարձնելով նրա միջնակարգ կրթության վկայականը:
Պրոռեկտոր Այվազյանն իրենց պահանջը հիմնավորում է նրանով, որ ուսանողը տվյալ կիսամյակում համարվել է բուհի ուսանող, ուրեմն պետք է վճարի: Ոչ մի նշանակություն չունի՝ ուսանողն ընդհանրապես դասերին մասնակցել է, թե ոչ: Մինչդեռ ըստ «ՀՀ կրթության մասին» օրենքի, քննական գործընթացն ուսումնառության անբաժան մասն է, ինչից հետեւում է, որ բուհն իրավունք չունի տվյալ կիսամյակի վարձը պահանջելու, քանի որ ուսանողին թույլ չի տալիս մասնակցել քննություններին: Եթե պարոն Այվազյանն ու բուհի իրավաբանը ինչ-որ կերպ դեռ փորձում են համոզել իրենց պահանջի օրինական լինելը, ապա վկայականը չվերադարձնելը ոչ մի կերպ չեն հիմնավորում, թեեւ պարոն Այվազյանը հիանալի տեղյակ էր, որ վկայականը գրավ դիտվել չի կարող: Իսկ ԿԳՆ իրավաբանն ուղղակի պատասխանեց, որ բուհերը չեն վերադարձնելու փաստաթղթերը, եթե պահանջներ ունեն: Ստացվում է, որ ըստ նախարարության իրավաբանի՝ ՀՀ օրենքները չեն տարածվում բուհերի վրա:
Երեւանի պետական համալսարանի համապատասխան մասնագետների խոսքով, իրենք առանց որեւէ խոչընդոտի վերադարձնում են անվճարունակության պատճառով համալսարանից դուրս մնացած ուսանողների փաստաթղթերը: Նույնը, իմ տեղեկություններով, ԵՊՃՇՀ-ում է: Ուրեմն, ինչո՞ւմ է բանը: Չէ՞ որ ուսանողների հետ բուհերի կնքած պայմանագրերում, որպես կանոն, վարձի վճարման ժամկետ սահմանվում է կիսամյակի սկիզբը, եւ բուհը կարող է հեռացնել վարձը չվճարող ուսանողին, եթե նա դեկանատից չխնդրի երկարացնել վճարման ժամկետը:
Ինչո՞ւ է բուհն այնպիսի կարգ սահմանել, որ հեռացված ուսանողները պարտք մնան բուհին (եթե վարձը մուծեն՝ չեն հեռացվի), եւ ինչո՞ւ տարիներ շարունակ այն չեն պահանջում օրինական միջոցներով: Ակամայից կասկածներ են ծագում, որ այդ «պարտքերն» ամենեւին չեն գնում համալսարանի բյուջե: Իսկ եթե բուհի պահանջն օրինական է, որտե՞ղ են համապատասխան վերահսկող մարմինների աչքերը: Չէ՞ որ խոսքը պետական հիմնարկի եւ պետական գումարների մասին է: