Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեղծվել են հավերժության համար

Հուլիս 29,2009 00:00

Սիստեմը ելավ Տերտերյանի դեմ եւ նպաստեց նրա անմահությանը

Եկատերինբուրգում 1994թ. դեկտեմբերին, իրեն նվիրված փառատոնային համերգաշարի փորձերի ժամանակ, 65 տարեկանում հանկարծամահ եղավ Ավետ Տերտերյանը՝ 20-րդ դարի մեծանուն կոմպոզիտորներից մեկը: Այսօր նրա ծննդյան օրն է:

Իր կենսակերպով փոքր-ինչ առեղծվածային, հաճախ մենությունը գերադասող կոմպոզիտորը ստեղծել է փոքր ու մեծ կտավի գործեր, այդ թվում՝ օպերաներ, բալետ, սիմֆոնիաներ, վոկալ-գործիքային երկեր եւ այլն, որոնք ավանգարդիստական նորարարության վառ արտահայտություն են: Պատահական չէ, որ Տերտերյանի արվեստը, ինչպես նրա ժամանակակիցներ Շնիտկեինը եւ Գուբայդուլինայինը, համարվում էր այլախոհական, հեռու սոցիալիստական ռեալիզմի կաղապարներից ու դրույթներից: Որքան էլ շատերը պնդեին, թե Տերտերյանի երաժշտությունը հեռու է ազգայինից, իսկ նման կարծիքներ հնչում էին հատկապես խրուշչովյան «ձնհալի» տարիներին, երբ մոդեռնիստական ամեն մի երեւույթ կոսմոպոլիտիզմի դրսեւորում էր համարվում, այնուհանդերձ, տերտերյանականը իր բովանդակությամբ ազգային էր, կարծես գալիս էր Նարեկացու հոգեւոր աշխարհից: Կոմպոզիտորի 5-րդ սիմֆոնիայի որոշ հատվածներ օգտագործելով «Սկիզբ» ֆիլմում, նշանավոր կինովավերագրող Արտավազդ Փելեշյանն ասել է. «Ես այնպիսի զգացողություն ունեմ, կարծես ողջ 20-րդ դարի նյարդերը կուտակված են այս երաժշտության մեջ»:

Տերտերյանը կյանքում «հրապարակային» մարդ չէր, օրինակ, չէր սիրում մասնակցել բանավեճերի եւ այլն, սակայն նրա երաժշտությունը զարմանալի ուժով իրեն էր ձգում ունկնդրին: Շոստակովիչը փիլիսոփայություն է որակել Տերտերյանի երկերը, իսկ այդ փիլիսոփայությունը կոմպոզիտորի մոտ ձեւավորվել է միջնադարից եկող ազդակներով եւ այն ժամանակի զգացողություններով, որոնց հետ էր նա միշտ:

Իսկ, օրինակ, խորհրդային կուսակցական վերնախավն ու ԽՍՀՄ կոմպոզիտորների միությունը՝ Տիխոն Խրեննիկովի ղեկավարությամբ, ժամանակին «արշավանք» կազմակերպեցին Տերտերյանի, Շնիտկեի, Գուբայդուլինայի դեմ, թեեւ տարիներ անց նույն Խրեննիկովը ստիպված էր խոստովանել, որ հենց այս ստեղծագործողներն են ձեւավորել նոր շարժում՝ առաջ մղելով խորհրդային երաժշտությունը, եւ հենց Խրեննիկովի միջնորդությամբ էլ «Մելոդիա» ֆիրման հրատարակեց Տերտերյանի ալբոմը, որը երեւույթ էր ժամանակի երաժշտական կյանքում: Այո, կոմպոզիտորի ստեղծագործությունները գրված էին ոչ թե կոնկրետ ժամանակի, այլ, ինչպես ընդունված է ասել՝ հավերժության համար: Այդ պատճառով է, որ նրա մահից հետո էլ դրանք հնչում են համերգային դահլիճներում, երաժշտական թատրոններում, հրատարակվում են CD-ներ եւ մինչ օրս արեւմուտքի երաժշտագետների ուսումնասիրության եւ ուշադրության կենտրոնում են:

Մշակույթի նախարարությունից «Առավոտին» հայտնեցին, որ Ա. Տերտերյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները կանցկացվեն աշնանը, որոնց ընթացքում, անշուշտ, կներկայացվի նաեւ «Երկրաշարժ» օպերան (բեմադրիչ դիրիժոր՝ Ռ. Ասատրյան, ռեժիսոր՝ Լ. Իվանյան):

Հ. Գ. Հոդվածում օգտագործված են կոմպոզիտորի մասին Երեւանի պետկոնսերվատորիայի ռեկտոր, պրոֆեսոր Ս. Սարաջյանի մտքերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել