Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Չհայտարարված արտակարգ իրավիճակ

Հուլիս 29,2009 00:00

\"\"Երեւան-Վանաձոր մայրուղու հարեւանությամբ է գտնվում Արագածի տարածաշրջանի Ռյա Թազա գյուղը։ Ամռանը այս մայրուղով հանրապետության ղեկավարները պարբերաբար ուղեւորվում են Վանաձոր՝ վայելելու Լոռվա աշխարհի գողտրիկ բնությունը։ Անհնարին է, որ նրանք նկատած չլինեն սելավի երախն ընկած գյուղը։ Բայց հայկական «Վենետիկը» զբոսաշրջիկին չի գրավում: Ջուրը բարձրացել է շենքերից վեր եւ անարգել լցվում է բնակարաններից ներս։ Անգամ թույլ քամիներից ալեկոծվում է ջուրը։ «Մնում է՝ նավակներ պատրաստենք»,– կատակեց տեղի բնակիչներից մեկը։ Սակայն կատակի տակ լուրջ խնդիր կա:

Գյուղի հեղեղման պատճառն ուսումնասիրման կարիք չունի։ Մայրուղու կամուրջները նեղ լինելուց բացի, այս հատվածում անմխիթար վիճակում է ջրահեռացման համակարգը, եթե իհարկե նման համակարգ ընդհանրապես գոյություն ունի, եւ արդյունքում՝ ջուրը ճանապարհը փոխել է դեպի գյուղ։

Խնդիրը լուծում ունի, սակայն ճանապարհները սպասարկող կազմակերպություններն ավելի շատ իրենց սեփական գրպանի մասին են մտածում։ Պետությունը հարցը լուծելու համար գումարներ է տրամադրում, սակայն վիճակը մնում է նույնը։ Ամռանը ջուրը, իսկ ձմռանը ապարանյան դաժան ձնաբքերն են Ռյա Թազայի համար պատուհաս դառնում:

Այս վիճակը նոր երեւույթ չէ։ Տարիներ շարունակ այս վիճակից բողոքող մարդիկ հոգնել են ու համոզվել, որ աղմկելն ու բողոքելն անիմաստ է։ Երեւի ջուրն ու ձյունն ավելի շուտ կմտնեն գյուղացիների դրության մեջ, քան համապատասխան կառույցները։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել