Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐՑԱԽՑԻ ՎԿԱՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Հուլիս 29,2009 00:00

Մեկ տարի շարունակ անհարկի ձգձգվելուց հետո, երեկ շարունակվեց «Մատաղիսի գործը»

\"\"Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին հաջողվեց Արցախից Գյումրի հասցնել այս գործով վկաներին: Հիշեցնենք, որ ամբաստանյալները 3-ն են՝ ժամկետային զինծառայողներ Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը եւ Ռազմիկ Սարգսյանը: Նրանք մեղադրվում են 2003թ.-ի դեկտեմբերի 24-ին Ղարաբաղի Մատաղիս գյուղի զորամասում զինծառայողներ Հովսեփ Մկրտումյանի եւ Ռոման Եղիազարյանի սպանության մեջ, եւ նրանց սպառնում է ցմահ ազատազրկում:

Արդեն մի քանի նիստ է, ինչ դատարանը փորձում է պարզել, թե մթի մեջ ի՞նչ արտառոց ձայներ են հնչել Մատաղիսի զորամասից: Դեռեւս նախորդ դատական նիստին որպես վկա հրավիրվել էր զորամասի մոտ գտնվող խանութի տիրոջ՝ Էդիկ Հարությունյանի ընտանիքը: Խանութի տերն իր ցուցմունքով զարմացրեց դահլիճում գտնվողներին. մի քանի դատական ատյաններում ցուցմունք տալուց հետո, նա թերեւս առաջին անգամ բարձրաձայնեց, որ ձայներ լսելու համար թե նրան, եւ թե անչափահաս դստերը 1 օր պահել են ռազմական ոստիկանությունում, ապա 15-20 օր շարունակ իրեն փակել են մեկուսարանում: Իսկ ի՞նչ ձայներ են լսել նրանք. ըստ վկաների, զորամասից մթի մեջ հնչել է «վայ-վայ մամա ջան, վախ մամա ջան»: Եվ քանի որ այդ զորամասում ծառայել է նաեւ խանութի տիրոջ որդին, նա շարժվել է դեպի զորամաս, սակայն կիսաճամփին տեղեկանալով, որ նա հանգիստ քնած է, ճանապարհն այլեւս չի շարունակել: Մյուս վկան՝ Մատաղիսի դպրոցի ուսուցչուհի Կարինե Գեւորգյանը, շատ ավելի համարձակ էր: Նրա պատմածներից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե Ղարաբաղում ճիշտ ստալինյան ժամանակներ են, որտեղ լսած ասեկոսեների համար անգամ մարդուն տարիներ շարունակ հետապնդում են: «Իմ փոքրիկ երեխաները հինգ-վեց ամիս չեն իմացել ինչ է քունը, քննիչ քննիչի հետեւից, դատախազ դատախազի հետեւից մեր տուն էին այցելում, չհաշված սպառնալիքները, եւ այս ամենը այն պատճառով, որ ես ճանաչել եմ սպանված զինծառայողներից մեկին` Ռոմանին, նա Թալինում եղել է իմ աշակերտը, իսկ Ղարաբաղում ծառայելու ժամանակ տիրություն եմ արել: Մի անգամ էլ ուշ ժամի մեր դուռը քացով մի սպա բացեց ու սպառնաց` եթե Իվանի անունը տաս, զենքս կքաշեմ վրադ: Նույնիսկ մեծ աղջիկս դասի ժամանակ վախից ուշաթափվել էր: Ամբողջ պատմությունն այն է, որ դպրոցում աշակերտներից մեկը` Մարետիկն ինձ ասաց, որ գիշերը զորմասում մի զինվորի էնքան էին ծեծել, որ իր պապան վախից խանութում գամվել էր: Հետո ես այս բառերը հայտնեցի սպա Բաղերյանին, երբ նա ինձ շարունակաբար հարցնում էր՝ ի՞նչ եղան զինվորները, ես էլ պատասխանել եմ՝ միգուցե զորամասու՞մ է ինչ-որ բան եղել: Հետաքրքիրն այն է, որ իմ հարցադրումները իմ դեմ էին օգտագործում, իբրեւ թե ես տեղյակ եմ էս ամեն ինչից: Նույնիսկ երբ մի անգամ հարցրել եմ, թե ինչի՞ համար էդ անմեղ զինվորներին սպանեցիք, ջուրը գցեցիք, զինվորական դատախազ Գ. Ջհանգիրյանին մոտս բերեցին, թե տիկին Կարինեից հարցրեք, թե որտեղից գիտի, որ երեխաներին սպանել, ջուրն են գցել»: Կարինե Գեւորգյանը նաեւ ասաց, որ գյուղացիներն իր մոտ վախեցել են գյուղում պտտվող խոսակցությունները ասել, իսկ հրամանատարի՝ Իվան Գրիգորյանի անունը որպես մարդասպանի տվել է ոչ թե ինքը, այլ Ռոման Եղիազարյանի հորեղբայրը՝ Արթուր Եղիազարյանը:

Երեկվա դատական նիստին որպես վկա հրավիրվել էր Մարտակերտի շրջանի ոստիկանության բաժնի հերթապահ Մանվել Մինասյանը: Վերջինս էլ, խոսելով ոստիկանության կատարած տեղազննությունից, պնդեց, որ ամբաստանյալներն այնտեղ կռիվ չեն արել, քանի որ այնտեղ կռվի հետքեր չկային:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել