Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԵԶՈՒ ՉԳՏԱՆ

Հուլիս 29,2009 00:00

«Առավոտի» երեկվա համարում «Երբ հողը երկու տեր ունի» հրապարակմամբ անդրադարձել էինք խորհրդային տարիներին այգեգործական հողամասեր ստացած քաղաքացիների խնդրին: Այդ հողամասերից շատերը չեն մշակվել ու արդեն անկախ Հայաստանում հատկացվել են այլ քաղաքացիների: Նույն հողը երկու օրինական տեր ունի: ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանը մեզ տեղեկացրել էր, որ ամեն ինչ արվելու է քաղաքացու՝ այգեգործի եւ ոչ թե այգեգործական ընկերության շահերից ելնելով: Երեկ այգեգործական ընկերությունների ղեկավարները Արտաշես Բախշյանի հետ քննարկում էին նույն հարցը:

Նախքան քննարկման գալը նրանք Արտաշես Բախշյանի դեմ բողոք-նամակ էին գրել՝ Բախշյանի հասցեին վիրավորական արտահայտություններով: Քննարկման հենց սկզբում պարզվեց, որ նամակի տակ ստորագրածների մեծ մասը նամակը չի կարդացել: Հետո բոլորը միասին դժգոհություն հայտնեցին մեր «Երբ հողը երկու տեր ունի» հրապարակումից: Նամակի պատմությունը թույլ է տալիս ենթադրել, որ ոչ բոլորն են կարդացել հոդվածը:

Այգեգործական ընկերությունները միասնական տեսակետ չունեն: Օրինակ, «Նոյ» ընկերության ղեկավարը մեկ բան է ուզում՝ եթե խորհրդային տարիներին հողատերը փոխվել է օրենքի սահմաններում, Հայաստանի Հանրապետությունը օրինական համարի փոփոխությունը: Իսկ Մերձավանի այգեգործական ընկերությունը ուզում էր վերականգնել խորհրդային տարիներին ունեցած իրավունքը՝ հնարավորություն ունենալ փոխել հողատիրոջը:

Քննարկման ժամանակ Արտաշես Բախշյանը մեկ անգամ եւս հայտարարեց, որ այգեգործների իրավունքները պաշտպանվելու են, անգամ, եթե այգեգործական ընկերությունները դժգոհեն: Իսկ դժգոհությունը մեկ պատճառ ունի: Խորհրդային տարիներին այգեգործական ընկերությունները իրավունք ունեին այգեգործից վերցնել հողը, եթե վերջինս երկու տարի հողը անմշակ թողներ: Այգեգործական ընկերությունների մի մասը ցանկանում է այսօր էլ նման իրավունք ունենալ: ՀՀ կառավարությունը դեմ է:

Քննարկման արդյունքում կողմերը ընդհանուր լեզու չգտան: Հիշեցնենք, որ Արտաշես Բախշյանը հույս էր հայտնել, թե մինչեւ 2010-ի գարուն հարցը լուծված կլինի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել