Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆՈՎ» ԲԱՐԵԽԻՂՃ ՉԵՆ ԴԱՌՆՈՒՄ

Հուլիս 29,2009 00:00

\"\"Անբարեխիղճ հարկատուները ճգնաժամային այս օրերին շարունակում են իրենց բիզնեսը «ծաղկեցնել»՝ պետբյուջեն լցնելով միայն գրոշներով:

Ստվերում գործող հարկատուներին օրինական դաշտ բերելու համար Պետեկամուտների կոմիտեն նույնիսկ սկսեց լոտո խաղալ, որ կարողանա պետբյուջեն ինչ-որ կերպ լցնել: Շահող կտրոնի վիճակահանությունն անցկացնելուց հետո այնպես ստացվեց, որ այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով 300 խոշոր հարկատուների ցանկում ամենախոշոր հարկատուն դարձավ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Սա հարկային մարմինների համար հիմք դարձավ նախագահին զեկուցելու, որ ստվերը կրճատվել է, տնտեսվարողներն էլ սկսել են ավելի լավ վճարել:

Մինչդեռ նոր հրապարակված խոշոր հարկատուների ցանկից պարզ է դառնում, որ մեր խոշոր հարկատու օլիգարխներին ոչ մի կտրոն չի ստիպի գալ հարկային դաշտ. նրանք միշտ վճարելու են այնքան, որքան այդ տարի նախատեսում են:

Սամվել Ալեքսանյանն այս կիսամյակի ընթացքում պետբյուջե վճարել է մոտ 7 միլիարդ դրամ, որից 6,3 միլիարդը վճարել է «Ալեքս-Գրիգը», 736 մլն դրամը՝ «Նատալի ֆարմը»: Հաշվի առնելով, որ այս գործարարին են պատկանում շինանյութերի եւ պոլիէթիլենային պարկերի արտադրությամբ զբաղվող «Լուսաստղ Պլաստ» ընկերությունը, «Բեռլին» մսամթերքի արտադրամասը, «Լուսաստղ» եւ «Երեւան Սիթի» խանութների ցանցը, որոնք հարկատուների ցանկում ընդհանրապես չեն երեւում, պարզ է դառնում, որ Ս. Ալեքսանյանն իրականում բյուջեին լումաներ է վճարում: Հանրապետությունում շաքարավազի եւ կարագի ներկրման բիզնեսում գերիշխող դիրք ունեցող «Ալեքս-Գրիգի» վճարած 6,3 միլիարդ դրամից 5,2 միլիարդը անուղղակի հարկեր են, տասնյակ դեղատնային ցանցեր ունեցող եւ թունաքիմիկատների ներկրմամբ ու իրացմամբ զբաղվող «Նատալի ֆարմի» վճարած 736 մլն դրամից 587 մլնը նույնպես անուղղակի, այսինքն՝ ավելացված արժեքի եւ ակցիզային հարկերն են: Իսկ դա նշանակում է, որ պարոն Ալեքսանյանի՝ պետբյուջե մուծած գումարների մեծ մասը վճարվել է ոչ թե սեփական գրպանից, այլ՝ սպառողների հաշվին:

Հարկերը վճարելու առումով նույն սկզբունքով է առաջնորդվում նաեւ ԱԺ պատգամավոր Խաչիկ Մանուկյանը: Նրա «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկան» հավի ձվի շուկայում գերիշխող դիրք ունի: Չնայած դրան, ավելի քիչ հարկ է վճարում, քան շուկայում առավել զիջող դիրքեր ունեցող «Արաքս թռչնաֆաբրիկան» (279 մլն դրամ): «Լուսակերտը» այս տարվա առաջին կիսամյակում ընդամենը 162 մլն դրամ է վճարել, որից 125,6 մլնը՝ անուղղակի հարկերն են, այսինքն՝ նույնպես սպառողներիս հաշվին են վճարվել:

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը ճգնաժամի այս պայմաններում այնքան մտավ հարկային դաշտ, որ հարկատուների ցուցակից քիչ-քիչ դուրս բերեց իր «Արարատցեմենտը»: Նույնիսկ Միխայիլ Բաղդասարովը, որն առանձնապես չի փայլել հարկ վճարելով, իր «Միկացեմենտի» համար 242 մլն դրամ վճարել է, իսկ «Արարատցեմենտը»՝ 100 մլն դրամից էլ քիչ: Տեսնելով, որ սոցիալական ապահովագրության վճարների ցուցակում «Արարատցեմենտը» մի քանի աշխատող է ցույց տվել ու 88 մլն դրամ սոցվճար կատարել, պարզ է դառնում, որ պարոն Ծառուկյանի ցեմենտի գործարանն այնուամենայնիվ չի լուծարվել: Այս պատգամավորին պատկանող մյուս ընկերություններից «Մուլտի Լեոնը» վճարել է 212 մլն, որից 68,5 մլնը՝ անուղղակի հարկեր, «Երեւանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատն» էլ 121 մլն դրամ է վճարել, որից 72 մլնը՝ անուղղակի հարկեր:

Պատգամավոր Մանվել Ղազարյանի «Վեդի ալկոյի» վճարած 220 մլն դրամի մեծ մասը՝ 209,5 մլնը նույնպես անուղղակի հարկեր են: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում «Վեդի ալկոն» ավելի շատ վճարումներ էր պետբյուջե կատարել՝ 265 մլն դրամ. նվազումը պայմանավորված է ճգնաժամով. տեղական մի շարք ապրանքատեսակներ, այդ թվում նաեւ օղին, արտադրության կրճատում է ունեցել: Պատգամավոր Միքայել Վարդանյանի ընտանեկան բիզնեսը, հավանաբար նույնպես ճգնաժամի հետ կապված, անկում է ապրել: Եթե նախորդ տարի «Մասիս տոբակոն», «Գրանդ Քենդին», «Գրանդ կոմերցը», «Ինտերնեյշնլ Մասիս տաբակը», «Հայհրուշակը», «Մասիսի գոֆրոտարան» եւ «Հ. Մ. Կ.» ընկերությունները միասին 7 մլրդ դրամից ավելի հարկ էին վճարել, ապա այս տարի նրանց վճարումները 6 մլրդ դրամի էլ չեն հասնում: Ընդ որում, «Գրանդ Քենդին» վճարել է ընդամենը 467 մլն, որից 414 մլնը՝ անուղղակի հարկեր են:

Սուքիասյանների ընկերություններից 300 խոշոր հարկատուների ցանկում կա միայն «Հայէկոնոմբանկն» ու «Նարեկը»: Անցյալ տարի «Հայէկոնոմբանկը» 501 մլն դրամ էր վճարել, իսկ այս տարի՝ եռակի պակաս՝ ընդամենը 155 մլն դրամ: Հաշվի առնելով նաեւ «Բջնի» հանքային ջրերի գործարանի առուծախի հետ կապված հայտնի պատմությունները, «Բջնին» եւ «Սիլ կոնցեռնին» պատկանող «Երեւանի ալրաղացը» ցանկում ընդհանրապես չկան: Սա այն դեպքում, երբ նախորդ տարի այդ ընկերությունները միասին վճարել էին մոտ 500 մլն դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել