ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ տարածել է հայտարարություն, որը համարում է իր պատասխանը Րաֆֆի Հովհաննիսյանին. «Ես երբեք չեմ հայհոյում, իսկ եթե հայհոյում եմ՝ միայն տղամարդավարի: Չեմ պատասխանում Ր. Հովհաննիսյանին, ներկայացնում եմ փաստեր»: Իսկ Գալուստ Սահակյանի ներկայացրած փաստերը հետեւյալն են. «1992 թ. փետրվարի 28-ին ԵԱՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեն բոլոր ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչների, այդ թվում եւ Հայաստանի ներկայացուցչի համաձայնությամբ (կոնսենսուսով) ընդունեց առաջին միջազգային փաստաթուղթը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Այդ փաստաթղթում տեղ են գտել հետեւյալ ձեւակերպումները.
– Ադրբեջանի Հանրապետության Լեռնային Ղարաբաղի տարածք
– Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններ, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի տեղական իշխանություններ
– Հարգել բոլոր սահմանների անձեռնմխելիությունը՝ լինեն դրանք ներքին կամ արտաքին:
Այդ ձեւակերպումները միանշանակ վկայում են, որ 1991 թ. դեկտեմբերի 10-ի հանրաքվեով անկախացած, դրանից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պառլամենտի կողմից 1992 թ. հունվարին աշխարհի բոլոր պետություններին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը իր անկախությունը ճանաչելու հայտարարությամբ դիմած ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ավագ պաշտոնյաների փաստաթղթով դիտարկվում էր որպես Ադրբեջանի տարածք, իսկ հարցի կարգավորումը՝ Լեռնային Ղարաբաղը պահպանելով-վերադարձնելով Ադրբեջանի կազմ:
1992 թ. մարտի 14-ին ավագ պաշտոնյաների կոմիտեի նիստը կրկին բոլոր մասնակիցների, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցչի համաձայնությամբ վերահաստատեց իր նախորդ՝ 1992 թ. փետրվարի 28-ի որոշումը:
1992 թ. մարտի 24-ին Հելսինկիում կայացավ ԵԱՀԿ Նախարարական խորհրդի հանդիպումը, որտեղ Հայաստանը ներկայացնում էր արտաքին գործերի նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը: Հանդիպման արդյունքում կոնսենսուսով նախարարները եկան մի շարք եզրակացությունների, այդ թվում՝ «նախարարները իրականացրին ԵԱՀԿ շրջանակներում ընթացիկ գործունեության դիտարկում եւ ամբողջապես հավանություն տվեցին ավագ պաշտոնյաների կոմիտեի ընդունած որոշումներին»:
Դրանով իսկ ՀՀ այն ժամանակվա արտգործնախարարը, ինչպես եւ իրեն ենթակա պաշտոնյան համաձայնվել են, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է, եւ հարցի կարգավորումը ենթադրում է ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վերադարձը Ադրբեջանի կազմ:
1992 թ. մարտի 16-ին Թեհրանում ստորագրվեց եռակողմ՝ Իրան, Ադրբեջան, Հայաստան կոմյունիկեն: Հայաստանի կողմից այն ստորագրեց արտգործնախարարի տեղակալ Արման Նավասարդյանը: Այդ կոմյունիկեի առաջին պարբերությունում Ղարաբաղ բառից հետո նշված է Ադրբեջանի Հանրապետություն, ինչը միանշանակ վկայում է, որ կողմերը դիտարկում են Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում»: