Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Թույլիկ պատասխան էր»

Հուլիս 29,2009 00:00

\"\"Այսպես է գնահատում «Ժառանգության» պատգամավորը ՀՀԿ խմբակցության ղեկավարի հրապարակած փաստերը:

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը երեկ արձագանքելով ՀՀԿ խմբակցության ղեկավարի տարածած փաստերին՝ «Առավոտին» ասաց. «Կարծում ենք, որ Գալուստ Սահակյանն ուղղակի հայտնվել է շատ անհեթեթ վիճակում՝ իր հայտարարությունների պատճառով: Եվ այն փորձը, որ կատարել է՝ պատասխանելու հնչեցված քննադատությանը, ըստ էության՝ տապալված է: Նախ, ի սկզբանե Գալուստ Սահակյանը պնդել էր, թե Րաֆֆի Հովհաննիսյանը ստորագրել է Նախարարների կոմիտեի փաստաթղթի տակ, որում իբր գրված է, թե Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է: Իսկ այժմ իր հրապարակածից պարզ է դառնում, թե դա ոչ թե Նախարարների կոմիտեի, այլ ընդամենը 1992 թ. փետրվարի 28-ին ԵԱՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի փաստաթուղթն է: Մեզ հասած տեղեկություններով, դրա ինչ-որ անդամներ ինչ-որ տեղեկանք են պատրաստել, որի հետ առնչություն չունի Հայաստանի որեւէ պաշտոնյա: Եվ այդ փաստաթուղթը, որից իբր քաղվածքներ են ներկայացրել՝ Գալուստ Սահակյանն ու ՀՀԿ-ն հրաժարվել են տրամադրել լրագրողներին, քանի որ հավաստի աղբյուրների համաձայն՝ դա անստորագիր մի տեղեկանք է»:

Անդրադառնալով Գալուստ Սահակյանի նամակում առկա հիշատակմանը, թե այդ փաստաթուղթը ընդունվել է ԵԱՀԿ անդամ բոլոր երկրների ներկայացուցիչների, այդ թվում եւ Հայաստանի ներկայացուցչի համաձայնությամբ՝ Ստեփան Սաֆարյանն ասաց. «Ակնհայտ է, որ Գալուստ Սահակյանը թաքցնում է նաեւ այդ պաշտոնյայի (եթե այդպիսին կա) անունը: Շատ ավելի ճիշտ կլիներ, որ այս թույլիկ պատասխանի փոխարեն՝ հրապարակեին այդ փաստաթուղթ եւ բարձրաձայն ու համարձակ ասեին Հայաստանի այդ ներկայացուցչի անունը»:

«Ժառանգության» պատգամավորը կասկած հայտնեց, թե արդյոք իրոք ճշգրի՞տ են այդ փաստաթղթին հղումները: Եվ որպես կասկածի հիմք հիշատակեց Գալուստ Սահակյանի կողմից որպես փաստ նշվածը, թե 1992թ. մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ Նախարարական խորհրդի հանդիպման ընթացքում, որտեղ Հայաստանը ներկայացնում էր ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հայտարարվել է, թե նախարարներն «ամբողջապես հավանություն տվեցին ավագ պաշտոնյաների կոմիտեի ընդունած որոշումներին»: Մինչդեռ, ըստ Ստեփան Սաֆարյանի՝ «Այնտեղ չկա ամբողջապես բառը: Գրված է՝ in general, այսինքն՝ հիմնականում, ընդհանուր առմամբ: Սրանից ակնհայտ է, որ հղում արված փաստաթուղթն անգրագետ է թարգմանվել»:

«Ժառանգության» պատգամավորը նաեւ փոխանցեց 1992թ. փետրվարի 28-ին ԵԱՀԿ ավագ պաշտոնյաների կոմիտեի այդ փաստաթղթի վերաբերյալ ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի մեկնաբանությունը՝ «Հելսինկյան խորհրդատվությունների եզրափակիչ հանձնարարականների 79-րդ պարագրաֆի (գլուխ 6-ի) վերաբերյալ»։ Այստեղ մասնավորապես ՀՀ պատվիրակության անունից հայտարարված է. «Հայաստանը տարածքային վեճ չունի Ադրբեջանի հետ», բացի այդ՝ «Հայաստանը, իբրեւ շահագրգիռ երկրորդ կողմ, գտնում է, որ բանակցություններ սկսելը Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական կերպով ընտրված իշխանությունների ներկայացուցիչների եւ Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների միջեւ այս հիմնախնդրի լուծման միակ ճանապարհն է»:

Այս ամենից հետո՝ Ստեփան Սաֆարյանը հարցեր ուղղեց. «Եթե 1992-ին Գալուստ Սահակյանը պայքարում էր Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչման համար՝ ինչո՞ւ 2008-ի ապրիլին դեմ քվեարկեց այդ ճանաչմանը: Եթե 1992-ին իր համար պարզ էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը պատրաստվում է Ղարաբաղը վերադարձնել Ադրբեջանին՝ ինչո՞ւ 1995-ին ինքն ու իր կուսակցությունը մտան «Հանրապետություն» միավորման մեջ, միացան այդ իշխանություններին, ու Գալուստ Սահակյանը դարձավ պատգամավոր։ Մինչդեռ դեռ 1992-ի հոկտեմբերի 16-ին Րաֆֆի Հովհաննիսյանը ինքնահրաժարականի դիմում էր ներկայացրել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել