Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՐԱԿ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԻՋԱԿՈՒԹՅՈՒՆՆԵ՛Ր

Հուլիս 29,2009 00:00

\"\"Փաստաբանները հակադարձում են գլխավոր դատախազության եւ Հատուկ քննչական ծառայության ղեկավարներին

2009-ի առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատանքների հուլիսի 27-ի հաշվետվության ժամանակ ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը հայտարարել էր. «Որոշ փաստաբաններ սկսել են մեկտեղել փաստաբանական գործունեությունն ու քաղաքականությունը՝ հանդես գալով քաղաքական տիտղոսներով, միջնորդությունների անվան տակ ներկայացնելով քաղաքական հայտարարություններ»: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը համաձայնել էր. «Ցավոք, մի շարք փաստաբաններ ավելի շատ ուղղակի քաղաքական գործիչներ են, քան պաշտպաններ։ Այս ամենը քրեադատավարական հարաբերություններից, օրենքի կարգավորման ոլորտից դուրս է»։ Փաստաբան Հովիկ Արսենյանը, որը նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ է՝ այս որակումների կապակցությամբ «Առավոտին» ասաց. «Բավական է ընդամենը մի օրինակ բերել՝ ապացուցելու համար, որ սրանք շատ շինծու, արհեստածին արտահայտություններ են: Ինչ ցանել են՝ այն էլ հնձում են: «7»-ի գործով՝ զանգվածաբա՛ր, բոլո՛ր անջատված մասերով տեռոր իրականացվեց վկաների նկատմամբ. երբեւիցե որեւէ պետությունում տեղի չունեցած տեռոր: Ո՞ւմ կողմից էր դա իրականացվում. դատախազությա՛ն կամ նրա հրահանգով ու հանձնարարությամբ՝ ոստիկանության եւ իրավապահ մարմինների կողմից: Նպատակը միանշանակ քաղաքական էր: Եվ հիմա հանկարծ ասում են, թե փաստաբանները քաղաքական գործիչներ են դարձել… Հարգելինե՛րս, ամբողջ 44 հատոր քրեական գործում, ընդունելով, թե իբր այդ մարդիկ հանցագործություններ են կատարել՝ այդպես էլ վեր չհանեցիք կատարված հանցագործությանը նպաստող պայմաններն ու պատճառները: Եվ ահա փաստաբանական խումբը ու հատկապես՝ ես այդ պայմաններն ու պատճառներն էինք վեր հանում: Իսկ դրանք միանշանա՛կ քաղաքական հիմքեր էին՝ ժողովրդավարություն չկա, ընտրություններ տեղի չեն ունեցել, մարդու իրավունքներն ու ազատությունները խախտվում են զանգվածաբար: Այս ամենն էր, որ ժողովրդի ընդվզման պատճառ էր դարձել: Բայց նրանք մինչ այսօր էլ չեն ասում, թե որոնք են եղել այն պատճառները, որ հանգեցրին ընդվզման: Իսկ եթե պաշտպանները կամ փաստաբանները նշում են դրանք՝ հայտարարում են, թե նա քաղաքական գործիչ է: Է՜, քաղաքական հիմքերն են պատճառներն ու պայմանները՝ ասում ենք, եթե կենցաղային հողի վրա լիներ՝ կենցաղային պատճառները կնշեինք»:

Հայաստանի փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը մեր զրույցի ընթացքում նշեց, թե ուշադիր չի հետեւել. «Անձամբ չեմ լսել քաղաքական հայտարարություններ փաստաբանների կողմից: Բայց չեմ բացառում, թե նման բան եղել է: Նաեւ չեմ բացառում, որ եղել է հայտարարություն, որն իր էությամբ քրեադատավարական բնույթի է, բայց ՀՔԾ-ի կողմից ընկալվում է որպես քաղաքական, քանի որ չի համապատասխանում իրենց դիրքորոշմանը, կարծիքին»:

Ռուբեն Սահակյանին առավել զայրացրել էր գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետեւյալ արտահայտությունը. «Ես կուզեի, որ իրականում Հայաստանում որակյալ փաստաբաններ, որակյալ փաստաբանական ծառայություններ, արժանի հակառակորդներ ունենայինք՝ օրենքի սահմաններում աշխատող, իրենց իրավաբանական գիտելիքները դրսեւորող, ոչ թե դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով՝ ցույց տա, թե՝ տեսեք ես ինչ լավն եմ, դուխով պաշտպանում եմ»: Փաստաբանների պալատի նախագահն այս կապակցությամբ ասաց. «Սա այն հատվածն է, որն ինձ ուղղակի վրդովեցնում է: Այսպիսի բան կարող էր ասել միայն շա՜տ որակյալ դատախազը: Այսպիսի բան կարող էր ասել շա՜տ որակյալ քննիչը, դատավորը, բայց միջակությունները նման բան ասելու իրավունք չունե՛ն: Միրզոյան Անդրանիկը գուցե թե որակյալ դատախազ ինչ-որ չափով եղել է, բայց հենց դարձել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար՝ այդ օրվանից որակն ընկել է: Բայց ոչ այն պատճառով, որ գիտելիքներն են պակասել, այլ որովհետեւ աշխատում է կատարել այն, ինչ իրենից պահանջում է գլխավոր դատախազը: Սա իմ անձնական կարծիքն է, բայց ես համոզված եմ ասում դա: Որակ ընդհանրապե՛ս չկա ՀՔԾ-ում: Ու նաեւ որակ չունեն այն դատախազները, որոնք հսկողություն են իրականացնում այդ ծառայության նկատմամբ, եւ այդ բուրգի գագաթին կանգնած է գլխավոր դատախազը: Ես կարող եմ թվարկել ոչ պակաս, քան 273 ապօրինություն կամ խախտում, որ կատարել է ՀՔԾ-ն՝ վերջին 1,5 տարվա ընթացքում: Հիմա կհարցնեք՝ իսկ ինչո՞ւ 273: Եթե նստեմ ու գումարեմ՝ գուցե դառնա 373: Իսկ եթե ինձ հնարավորություն տան իրենց գործերի վարույթներին ծանոթանալ ու այդքան ժամանակ ունենամ՝ այդ թիվը կհասցնեմ 1000-ի: Օրինակի համար եմ ասում 273-ը՝ կարող է 1737 լինեն խախտումները եւ ապօրինությունները: Որակի մասին պետք է խոսի այն անձը, որն ինքն ունի այդ որակը: Ուղղակի վիրավորական է. գլխավոր դատախազը եթե ասում է, թե կուզեր, որ որակյալ փաստաբաններ ունենայինք՝ նշանակում է, թե չունենք: Բայց ես կարող եմ մի քանի տասնյակ փաստաբանների նշել, որոնք իրենց գիտելիքներով, կարողություններով ու օրենքը չխախտելու քաղաքացիական դիրքորոշմամբ բազմապատիկ գերազանցում են թե՛ գլխավոր դատախազին, թե՛ ՀՔԾ պետին»:

Ռուբեն Սահակյանին խնդրեցինք անդրադառնալ նաեւ այն փաստին, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար քրեական հետապնդում է իրականացվում փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի, Արթուր Գրիգորյանի եւ Դիանա Գրիգորյանի նկատմամբ, որոնք որպես բողոքի նշան դատավորի կամայականության դեմ՝ լքել էին դատական նիստերի դահլիճը: Մտավախություն կա, որ մեղադրական դատավճիռների արդյունքում դադարեցվելու է փաստաբանների արտոնագրերի գործողությունը, եւ նրանք զրկվելու են մասնագիտական գործունեությունն իրականացնելու հնարավորությունից: «Իհարկե, նման վտանգ կա, եւ ես դա չեմ բացառում,- հաստատեց փաստաբանների պալատի նախագահը:- Բայց ուղղակի հույս ունեմ, որ ՍԴ-ն ի վերջո կհասցնի որոշել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՔՕ 343 հոդվածի 1-ին մասի՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Ես որեւէ հույս չեմ տածում մեր ընդհանուր իրավասության ու վերաքննիչ դատարանների նկատմամբ: Ձեւականորեն այդ փաստաբանների արարքում կա հանցակազմ՝ բայց ընդամենը ձեւականորեն: ՔՕ-ում այս փոփոխությունը, որ ընդունվել է 2006-ին՝ մի ապուշություն է, հիմարություն: Շուրջ 20 պետությունների քրեական օրենսգրքերն ենք դիտարկել ու ոչ մի տեղ նման նորմ չկա՝ ամեն տեղ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքն առաջացնում է զուտ կարգապահական պատասխանատվություն. միայն չգիտես ինչու՝ մեզ մոտ (հավանաբար Հովիկ Մանուկյանի թեթեւ ձեռքով) այդպիսի փոփոխություն արվեց ՔՕ 343 հոդվածում, եւ փաստաբանը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության: Իսկ ինչու ո՞չ դատախազը՝ ինչո՞ւ նա չի կարող լինել այդ հանցատեսակի սուբյեկտ: Չէ՞ որ բոլորս հավասար ենք՝ թե՛ դատախազը, թե՛ դատավարության այլ մասնակիցները: Այդպես եղավ, քանի որ փորձեցին փաստաբաններին ճնշել: Չե՛ն ճնշվում: Համենայնդեպս՝ փաստաբանների պալատը մինչ օրս որեւէ փաստաբանի՝ նման բնույթի անհարգալից վերաբերմունքի համար պատասխանատվության չի ենթարկել. կարճել ենք նրանց նկատմամբ հարուցված վարույթները, միաժամանակ դիմել Արդարադատության խորհրդին, որ պատասխանատվության ենթարկեն այդ սանկցիաները կիրառող դատավորներին: Իհարկե, արդյունքի չենք հասել: Բայց մենք որակյալ փաստաբաններ ենք, ու մենք ճիշտ ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել