Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԵՌԵՎՍ ՈՉԻՆՉ ՉԵՆ ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ»

Հուլիս 29,2009 00:00

\"\"Վստահ է Պարույր Հայրիկյանը

– ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բրայզան Կրակովում հայտարարեց, որ շնորհակալ է Վարդան Օսկանյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, քանի որ նրանց շնորհիվ հնարավոր եղավ ստեղծել մադրիդյան սկզբունքները: Սակայն Վարդան Օսկանյանն ամեն օր քննադատում է ներկայիս իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը եւ մասնավորապես՝ նույն այդ մադրիդյան սկզբունքները: Ինչպե՞ս դա կմեկնաբանեիք:

– Հայաստանյան իրականության մեջ արդեն արմատավորվել է, որ մարդիկ, ովքեր որոշակի գործելաոճի հեղինակ են, ինչ-որ ժամանակ անց դառնում են այդ նույն գործելաոճի ամենասուր քննադատները: Օրինակ, ժողովրդավարության ծիլերը սաղմում ոչնչացնող Լեւոն Տեր-Պետրոսյանը հանկարծ պարզվեց, որ ժողովրդավարության կողմնակից է, կամ՝ մարդ, որը երկար ժամանակ դրսերում թափառում էր, հետո դարձավ բարձր պաշտոնյա, հետո նորից հայտնվեց դրսերում, խոսում է հայրենասիրության մասին:

– Խնդրում եմ կետ առ կետ թվարկեք այն վտանգները, որ տեսնում եք Արցախի հարցի կարգավորման այս փուլում: Այն, ինչ այսօր փորձում են իրականացնել իշխանությունները, դրանում դուք վտանգավոր բան տեսնո՞ւմ եք:

– Իշխանությունները դեռեւս ոչինչ չեն իրականացնում, իշխանությունները ընդամենը փորձում են համաձայնության գալ հարեւանի հետ: Իշխանությունները ամենասկզբից որդեգրել են այդպիսի դիրք: Եկեք չմոռանանք, որ սրանք ժառանգական իշխանություններ են, եւ որքան էլ Ռոբերտ Քոչարյանը փորձի ցույց տալ, թե հակադրվում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, չի արել որեւէ հակադրվող բան: Լեւոն Տեր-Պետրոսյանը դրեց այնպիսի հիմքեր եւ ոչ թե իր, այլ ԿԳԲ-ի դրած հիմքերը ամրագրեց մեր իրականության մեջ, որ մենք մեր արցախակենտրոն մտածելակերպով ակամա դարձանք Արցախի հակառակորդը: Ուրեմն, այսօրվա մեր իշխանությունները կոնկրետ քայլ դեռ չեն արել, այլ փորձ են անում համաձայնության եզրեր գտնել այն շրջանակներում, որոնք իրենց ժամանակին պարտադրել են Լենին-Աթաթուրք պայմանագրով, եւ որը հետո ընդունեց անկախ Հայաստանի իշխանությունը: Այսօր վտանգներ չկան, վտանգները գալիս են հնուց: Մենք ռազմավարություն չունենք, մենք ընտրել ենք մարտավարությունը եւ պարտված ռազմավարության պայմաններում մենք փորձում ենք մարտավարական հաջողությունների հասնել, մինչդեռ ավելի լավ է հարյուրավոր մարտավարական անհաջողություններ ունենալ հաղթած ռազմավարության պայմաններում:

– Դուք անընդհատ խոսում եք Լեւոն Տեր-Պետրոսյանից, բայց մի՞թե մոռացել եք, որ այսօր իշխանությունը Սերժ Սարգսյանն է, ինքն է վարում բանակցությունները, ինքն է նստում Ալիեւի կողքին, եւ եթե ինչ-որ բան էլ ստորագրվի, նա է ստորագրելու:

– Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի կադրերն են, իսկ վերջինս ԿԳԲ-ի կադրն է , դրա համար ես ասացի՝ ԿԳԲ-ի քաղաքականությունը արմատավորված է մեզանում: Մի հասարակ օրինակ բերեմ՝ Հայաստան-Ադրբեջան հակամարտության մասին են խոսում, երբ հակամարտությունը Արցախին եւ Ադրբեջանին է վերաբերվում: Այն պահին, երբ Հայաստանը մտավ այս հակամարտության մեջ՝ որպես անմիջական կողմ, այդ պահից Հայաստանը պետք է խոսեր նաեւ Նախիջեւանի մասին, ոչ թե խոսեր, այլ ասեր՝ Նախիջեւանից մի հատ դուրս եկեք: Հայաստանը Ադրբեջանի հետ ունի շատ ավելի կարեւոր հարց, քան Արցախի հարցն է: Արցախի հարցը հենց իր՝ Արցախի հարցն է: Նախիջեւանը Հայաստանը ներսից պայթեցնող հարցն է:

– Մոտ ապագայում դուք տեսնո՞ւմ եք Արցախի հարցի լուծում, օրինակ՝ ոմանք վստահ են, որ հունվարին լուծումը կլինի:

– Արցախի հարցի լուծումը հետեւյալն է՝ ադրբեջանցինե՛ր, պիտի ճանաչեք Արցախի ինքնորոշումը, որովհետեւ ինքնորոշման իրավունքը չճանաչել չի կարելի: Չճանաչել՝ նշանակում է ճանաչել գենոցիդի իրավունքը: Դուք էլ, արցախցինե՛ր, մի քիչ շատ եք վերցրել, պիտի ինչ-որ բան ետ տաք, եւ դա պիտի արվի այնպես, ինչպես արվեց Սերբիայի պայմաններում, եւ դա պետք է անեն միջազգային ուժերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել