Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր ու որդի խանգարում են

Հուլիս 28,2009 00:00

Երեկ «Առավոտը» ստացել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրինության հայտարարությունը, որում մասնավորապես ասվում է. «ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եւ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից ստեղծված «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը, որը կոչված է աջակցելու աշխարհի լավագույն բուհերում սովորող հայ ուսանողներին, ձեռնամուխ է եղել ուսանողների դիմումներն ընդունելու եւ կրթաթոշակներ հատկացնելու գործընթացին: Աշխատանքները մոտենում են իրենց հանգուցալուծմանը, եւ շուտով կհայտարարվեն այն ուսանողների անունները, ովքեր դառնալու են «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի կրթաթոշակառուներ: Երեք շաբաթվա ընթացքում «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն ստացել է մոտ 4000 էջ նամակ, որոնք ուսումնասիրվել եւ պատասխանվել են՝ շուրջ 600 էջ ծավալով: Միայն այս թվերը բավական են՝ պատկերացում կազմելու այն ծավալների մասին, որոնց հետ առնչվում է հիմնադրամի նորաստեղծ կրթական ծրագիրը: Սակայն «Լույս»-ի կրթական ծրագիրն իր աշխատանքի ընթացքում միայն այս տեսակի բարդությունների չէ, որ հանդիպում է: Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի մեկ ուսանող՝ Հայկ Իշխանյանը, արդեն մի քանի անգամ ներխուժել է «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գրասենյակ, խանգարել աշխատանքներին եւ սպառնացել աշխատակիցներին: Ինչպես ասացվածքն է ասում՝ «Պտուղը ծառից հեռու չի ընկնում»: Նա իրեն այս ծրագրի հեղինակ հռչակած, այս գաղափարը շարունակաբար սեփականաշնորհել փորձող եւ հասարակական շանտաժի մեջ բավականին մեծ համբավ ձեռք բերած Արթուր Իշխանյանի որդին է: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրն իր աշխատանքներն սկսել է բավականին լուրջ բացասական PR-ի պայմաններում, որը կազմակերպվել էր Արթուր Իշխանյանի կողմից, հավանաբար այն պատճառով, որ նա դիմել էր «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրենի պաշտոնի համար, եւ հանձնաժողովի միահամուռ որոշմամբ՝ ընտրվել էր մեկ այլ թեկնածու: «Լույս» հիմնադրամի կրթական ծրագիրը հայտարարում է, որ հետայսու դիմելու է բոլոր օրինական միջոցներին՝ իր գործունեության հանդեպ այսօրինակ ոտնձգությունները սահմանափակելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել