Լրահոս
Օրվա լրահոսը

Ծաղկաձորյան հանդիպում

Հուլիս 28,2009 00:00

«Նախ մտածեք անձնական երջանկության մասին, նոր մյուս գործերի…»,- օրերս 75 դպրոցականների հետ Ծաղկաձորում կայացած հանդիպման ժամանակ խորհուրդ տվեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Հուլիսի 22-27-ը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» (ՀՊՆ) կազմակերպության եւ HSBC Հայաստան ՓԲԸ-ի համատեղ նախաձեռնած ամենամյա ամառային ճամբարի շրջանակներում 75 երեխա իր հանգիստն անցկացրեց Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում: Իսկ ծաղկաձորյան հանգստին արժանանալու համար աշակերտներն ուսումնասիրել էին տնտեսագիտություն եւ հանձնել քննություններ: «Ճամբարին մասնակցում են մարզերի ծայրամասային եւ աղքատ 20 համայնքների տնտեսագիտություն ուսումնասիրած 75 երեխաներ, ովքեր հաջողությամբ հանձնելով տարեվերջյան քննություն տնտեսագիտությունից՝ ձեռք են բերել 5-օրյա ակտիվ հանգիստ Ծաղկաձորում»,- ասաց HSBC Հայաստան ՓԲԸ-ի տնօրեն Թիմ Սլեյթերը:

«ՀՊՆ ամառային ճամբարն առավել քան 14 տարվա պատմություն ունի: Ունենալով տնտեսագիտական ուղղվածություն՝ այնտեղ կազմակերպվում են ամենատարբեր խաղեր եւ միջոցառումներ, որոնք ամրապնդում եւ ընդլայնում են մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները տնտեսագիտությունից. օրինակ՝ բորսա, որեւէ ապրանքի գովազդ, բնական արտադրանքի մրցույթ եւ այլն»,- ասաց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության ծրագրերի համակարգող Անահիտ Մանուկյանը: Նրա փոխանցմամբ, ճամբարը դպրոցականներին հնարավորություն է տալիս հանդիպումներ ունենալ պետական այրերի հետ. «Ճամբարի ուշադրության կենտրոնում երեխաների քաղաքացիական դաստիարակությունն է: Անցկացվում են նախագահական ընտրություններ եւ կառավարության կազմավորում, որի շրջանակներում երեխաները մասնակցում են առօրյա աշխատանքների կազմակերպմանը: Ճամբարի առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ կազմակերպվում են հանդիպումներ պետական բարձրաստիճան այրերի, քաղաքական եւ հասարակական գործիչների, տեղական եւ արտասահմանյան գործարարների հետ, որոնց ընթացքում, աշակերտների եւ հյուրերի միջեւ տեղի են ունենում հետաքրքիր քննարկումներ երեխաներին հուզող հարցերի շուրջ: Այսօրվա հանդիպումը հերթականներից է: Հավաքվածներին հուզում են կրթության թեման, որակը, սպասվելիք փոփոխությունները»:

ԿԳ նախարարը երեխաների հետ հանդիպումը սկսեց փոքրիկ կենսագրական ակնարկով, վերջում էլ պատասխանեց նրանց հուզող բոլոր՝ Հայաստանի կրթական համակարգից մինչեւ անձնական կյանքին վերաբերող հարցերին: Ի դեպ, պարոն Աշոտյանը այդ օրը՝ հուլիսի 25-ին տոնում էր իր ծննդյան 34-ամյակը: «Անկախ նրանից՝ ծնունդ լինի, թե շաբաթ օր, այս հանդիպմանը ես չէի կարող չմասնակցել»,- նշեց Ա. Աշոտյանը: Աշակերտների հարցին, թե ինչպես է երիտասարդ նախարարի դերում լինելը, նա պատասխանեց. «Պատասխանատու: Ասում են՝ ջուրը փոքրինն է, խոսքը մեծինը. այս ասացվածքը շատ խորն է նստած մեր հասարակության մեջ: Այդ կարծրատիպերը դժվար է կոտրել: 34 տարեկան երիտասարդ նախարարից հասարակությունը սպասում է վրիպակներ, սխալներ, բացթողումներ, պատանեկան, երիտասարդական պոռթկումներ: Վստահեցնում եմ, այս տարիքում հասարակությանը ապացուցել, որ ես կարող եմ անել ամեն ինչ, շատ բարդ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել