Լրահոս
Օրվա լրահոսը

Ծանրամարտի Եվրոպայի 2011 թվականի երկու առաջնություն՝ Հայաստանում

Հուլիս 28,2009 00:00

Այսօր Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական (մինչեւ 20 տարեկաններ) առաջնությունը, որին մասնակցում են նաեւ Հայաստանի տղաներն ու աղջիկները: Մեր թիմից մրցումների առաջին օրը մրցահարթակ են մտնելու 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանն ու 62 կգ քաշային Ռուբեն Մամոյանը: Մարզիչները մեր բոլոր մարզիկների հետ որոշակի հույսեր են կապում: Համենայնդեպս, մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը մրցավայր մեկնելուց մի քանի օր մեզ հետ զրույցում հույս հայտնեց, որ եթե ամեն բան ընթանա ծրագրվածի պես, մեդալներով տուն վերադառնալու՝ վերջին տարիներին ստեղծված ավանդույթը չի խախտվի:

Մարզասերները տեղյակ են, որ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ ՀԱՕԿ-ը եւ մարզաձեւի մեր ֆեդերացիան արդեն քանի ամիս IWF-ի ու EWF-ի հետ ծանրամարտի Եվրոպայի կամ աշխարհի մոտակա առաջնություններից գոնե մեկը Հայաստանում անցկացնելու նախապատրաստական լուրջ աշխատանք են իրականացրել: Եվ քանի որ Լանդսկրոնա քաղաքում կայանալու էր Եվրոպական միության համաժողովը, երեկ զանգահարեցինք Շվեդիայում գտնվող Սամվել Խաչատրյանին: Ահա, թե նա մեզ ինչ ավետիս բերեց. «Մենք Շվեդիա էինք բերել մի տեսահոլովակ, որում ներկայացված էին բոլոր այն պայմանները, որոնք Հայաստանն ի վիճակի է ապահովել միջազգային բոլոր չափորոշիչների համապատասխան: Ծանրամարտի Եվրոպական միության համաժողովին ներկա էր նաեւ միջազգային ֆեդերացիայի նախագահ դոկտոր Թամաշ Այանը: Մանրամասն քննարկելով բոլոր խնդիրները՝ EWF-ի գործկոմը որոշեց 2011 թվականի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունների կազմակերպումը վստահել Հայաստանին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել