2009թ. առաջին կիսամյակում ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվել է 105 քրեական գործ, որոնցից 31-ը՝ 57 անձի նկատմամբ, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ըստ հատուկ քննչական ծառայության ղեկավար Անդրանիկ Միրզոյանի, դատարան ուղարկված քրեական գործերից 12-ը՝ 26 անձի նկատմամբ (12-ը՝ պաշտոնատար անձ), եղել են կոռուպցիոն բնույթի։ Նրանցից ոստիկանության աշխատակիցներ են եղել 6-ը, արդարադատության նախարարության աշխատակիցներ՝ 4-ը /այդ թվում՝ ԴԱՀԿ եւ ՔԿՀ՝ 2-ական), եւ պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարության՝ 1-ական:
Կիսամյակի ավարտված, առավել ուշագրավ գործերի մեջ նշվեցին ՀՀ ՊՆ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վարդան Ասատրյանի, ոստիկանության Ստեփանավանի քննչական բաժանմունքի պետ Վահան Կիրակոսյանի, Թումանյանի բաժնի քննիչ Սամվել Թանդիլյանի, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երեւան քաղաքի ալիմենտների բռնագանձման բաժնի ավագ հարկադիր կատարող Էդգար Ստեփանյանի կողմից առանձին անձանցից տարբեր չափերի կաշառք ստանալու, ոստիկանության Շիրակի մարզային քննչական բաժնի քննիչ Արամայիս Հայրապետյանի կողմից, լիազորությունների չարաշահմամբ եւ սահմանազանցմամբ, կեղծիքներ կատարելու, Գագիկ Ավագյանի եւ մյուսների կողմից, ոստիկանության աշխատակից Սուրեն Սարգսյանի հետ նախնական համաձայնությամբ, խարդախությամբ եւ պաշտոնեական դիրքի չարաշահմամբ ու կեղծիքներով «Երեւան-Լոնդոն» ՍՊԸ ապահովագրական ընկերությունից 7 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական գործերը: Վերջին քրեական գործով դատի է տրվել 6 անձ, իսկ մեկ այլ՝ Սանատրուկ Սահակյանի եւ մյուսների կողմից Տիգրան Աղաբեկյանին ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունելու պատրվակով խարդախությամբ 16000 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ քրեական գործով՝ 9-ը անձ:
Ա. Միրզոյանն ասաց, որ Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում դեռեւս կան որոշակի թերություններ ու չլուծված խնդիրներ: Մասնավորապես շեշտեց, որ «առկա են նախաքննության ժամկետների չպատճառաբանված ձգձգման փաստեր», ծառայության ոչ բոլոր աշխատակիցներն են ապահովված առանձին աշխատասենյակներով, դեռեւս չի լուծվել Հատուկ քննչական ծառայության շենքի հարցը: «Գլխավոր դատախազության շենքում գտնվելու հանգամանքը կարծիք է ձեւավորում, թե քննչական ծառայությունը դատախազությանն առընթեր մարմին է, ու մեզ մինչեւ օրս գրագրություններ են հղում (չեն մոռանում նաեւ շնորհավորել դատախազության կազմավորման օրվա առթիվ)»:
Մեկ այլ խնդիր էլ կապված էր «որոշ կատեգորիայի անձանցից բացատրություններ վերցննելու կամ որպես վկա հարցաքնելու հետ: Որոշ գերատեսչությունների ղեկավարներ սահմանել են կամայական, օրենքից չբխող կարգ, այն է՝ առանց վերադասի գիտության եւ ցուցումի, ստորադաս աշխատակիցներին չի թույլատրվում ներկայանալ հարցաքննության»,- ասաց նա: