Լրահոս
Օրվա լրահոսը

Գալստյանը, Հովհաննիսյանն ու ԵԱՀԿ-ն

Հուլիս 28,2009 00:00

Երեկ Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում Մարգարիտա Հարթենյանի նախագահությամբ շարունակվեց Արմեն Գալստյանի հայցի նախապատրաստական փուլը: Դատաքննության մասին դատարանը կտեղեկացնի առաջիկայում:

Ա. Գալստյանն իր ներկայացուցչի՝ Գագիկ Սարդարյանի հետ ներկայացրել էր փաստաթղթեր, որոնցով պահանջում է, որ վարորդների «Աքիլլես» իրավապաշտպան կազմակերպությունն իրեն 2,5 ամիս աշխատացնելու համար վճարի 700 եվրո գումար: Ա.Գալստյանը երեկ դատարանում պնդեց, որ ինքն աշխատել է որպես խորհրդատու, այդ առաջարկն արել է հիվանդանոցում գտնված «Աքիլլես» հասարակական կազմակերպության նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:

Հայցվորն ասաց, որ իր հետ գրավոր պայմանագիր չի կնքվել եւ միջնորդեց, որ իր հետ բանավոր պայմանավորվածությունն ու ԵԱՀԿ գրասենյակի կողմից իրեն տվյալ աշխատանքում ներգրավելն ապացուցելու համար դատարան հրավիրվի վկա Վլադիմիր Ղազարյանը: Դատարանը մերժեց միջնորդությունը:

Էդիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչները՝ իրավաբան Նվեր Բարսեղյանն ու Կառլեն Սահակյանը, դատարանին ներկայացրին մի պամանագիր, որը կնքվել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի եւ ֆիզիկական անձ հանդիսացող Էդուարդ Հովհաննիսյանի միջեւ:

Այն կապակցությամբ, որ «Աքիլլեսը» կապ չունի ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ու այս հայցի հետ, ինչը նաեւ պնդել էր իր առարկություններում, հայցվորն ասաց, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենակը 2005թ-ից սկսած աջակցում է հասարակական կազմակերպությունների կոալիցիային՝ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված ծրագրերի իրականացման գործում: Վարորդների իրավապաշտպան կազմակերպությունը եղել է դրանցից մեկը: Քաղաքացիներն այցելել են Թումանյան-39, բնակարան 1, «Աքիլլեսի» գրասենյակ, եւ Է. Հովհաննիսյանի ու ԵԱՀԿ-ի միջեւ կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր:

Պատասխանողի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ Ա. Գալստյանը «Աքիլլեսում» աշխատել է 2006թ.դեկտեմբերի 1-ից մինչեւ 2007թ. դեկտեմբերի 14-ը, որպես ճանապարհային անվտանգության գծով խորհրդատու: «Աքիլլեսը», ըստ պատասխանողի ներկայացուցչի, Գալստյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, որպես գործատու ժամանակին վճարել է նրա կատարած աշխատանքների դիմաց 1 029 834 դրամ: Պատասխանողը հարցնում էր, թե ինչ հիմքով ու ինչ փաստաթղթով պետք է Ա. Գալստյանին վճարվի 700 եվրո գումարը: Հայցվոր Ա. Գալստյանը պնդում էր, որ տեղի է ունեցել վերահանձնարարություն, ինչից, ըստ հայցվորի, տեղյակ է եղել ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:

Ի դեպ, հայցվորը դատարանին տրամադրեց «Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության հատուկ ծառայության պայմանագրի» հայերեն օրինակը: Ըստ այդ պայմանագրի 6 կետի 3-րդ ենթակետի՝ «Մասնագետից պահանջվում է ցուցաբերել ծայրահեղ զգուշություն ԵԱՀԿ պաշտոնական բիզնեսի բոլոր հարցերում: Առանց ԵԱՀԿ-ի նախնական թույլտվության, Մասնագետը, բացառությամբ իր ծառայություններին վերաբերող տեղեկատվության ձեռբերման հետ կապված դեպքերի, չի փոխանցում իրեն հայտնի դարձած որեւէ տեղեկատվություն որեւէ կառավարությանը կամ իշխանությանը ԵԱՀԿ-ի հետ համագործակցելու ընթացքում, որը ենթակա չէ հրապարակման, ինչպես նաեւ՝ չի օգտագործում նման տեղեկությունը մասնավոր շահերի համար»: Այս հատուկ պայմանագրի 10-րդ կետով էլ «Մասնագետը սույն պայմանագրի համաձայն չի կարող ենթակապալ փոխանցել, նշանակել, գրավադրել, կամ կատարել սույն պայմանագրի կամ որեւէ մասի կամ նրա իրավունքների, պարտավորությունների այլ տեղաբաշխում, եթե այլ բան նախատեսված չէ ԵԱՀԿ կողմից»:

Դատարան ներկայացված փաստաթղթերի թարգմանությունների համար պատասխանողը պահանջեց թոշակառու հայցվորից գումար: Վերջինիս ներկայացուցիչը հիշեցրեց, որ կողմի պարտավորությունն է դատարանին տրամադրել հայերեն փաստաթղթեր, քանի որ դատավարության լեզուն հայերենն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել