Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԲ ՀՈՂԸ ԵՐԿՈՒ ՏԵՐ ՈՒՆԻ

Հուլիս 28,2009 00:00

Այգեգործները ցանկանում են սեփական ուժերով լուծել սեփականության իրավունքի հարցերը, իսկ պետական կառույցները դրան դեմ են:

Այս տարվա ապրիլի 23-ին տեղեկացրել էինք, որ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ուսումնասիրություններից պարզվել է, որ Հայաստանում շատ հողեր զավթված են՝ այգեգործները դեռեւս խորհրդային տարիներին տարբեր գերատեսչությունների կայացրած որոշումների հիման վրա տնօրինում են հողակտորներ, որոնք առայսօր սահմանված կարգով գույքի պետական գրանցում չեն ստացել, եւ դեպքեր կան, երբ զավթվել են պատմամշակութային նշանակության հողեր: Հարցը ուսումասիրելու համար ձեւավորվել էր աշխատանքային խումբ ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանի ղեկավարությամբ: Հենց Արտաշես Բախշյանի հետ զրույցում էլ փորձեցինք պարզել, թե ինչ է արվել անցած երեք ամսում:

Ըստ մեր զրուցակցի, «ՀԽՍՀ նախարարների խորհրդի կողմից կայացված որոշումներով՝ տարբեր հիմնարկ-ձեռնարկություններին հողակտորներ են հատկացվել: Ձեւավորվել են այգեգործական ընկերություններ, որոնք էլ դրանք բաժանել են ըստ աշխատողների: Այդ հողակտորներից ոչ բոլորն են տնօրինվել: 90-ականներին՝ հողերի սեփականաշնորհման ժամանակ, այն հողերը, որտեղ չկային փաստացի այգեգործական հողամասեր, ոչ լրիվ ուսումնասիրվելով, ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով հանձնվել են համայնքներին՝ որպես գյուղատնտեսական նշանակության հողեր: Ստացվում է, որ նույն հողերի համար կայացվել է 2 որոշում՝ նախարարների խորհրդի եւ կառավարության: Նույն հողերը, տարբեր նշանակությամբ հանձնվել են մե՛կ հիմնարկ-ձեռնարկություններին, մե՛կ համայնքներին: Այն հողերը, որոնք որպես գյուղատնտեսական նշանակության հողեր, հանձնվել են համայնքներին, կարող էին հանվել եւ որոշ դեպքերում հանվել են աճուրդի: Ինչն էլ հանգեցրել է նրան, որ նույն հողակտորն այսօր կարող է ունենալ երկու սեփականատեր: ՀՀ կառավարության որոշումներով որպես այգեգործական հողեր համայնքներին է փոխանցվել 9 257 հա հողակտոր: Որպես գյուղատնտեսական նշանակության՝ փոխանցվել է 5 763.7 հեկտար հող: Աճուրդով օտարված հողերը կազմել են 1 409. 2 հա: Եվս 121.1 հա գյուղատնտեսական նշանակության հող սեփականաշնորհվել է: Նման իրավիճակի ստեղծման պատճառներից մեկն էլ կարող է լինել իրենց՝ սեփականատեր «այգեգործների» կողմից այդ այգեգործական հողակտորների պատշաճ չտնօրինվելը, որի արդյունքում այդպիսի այգեգործական հողամասեր գոյություն չունեն ֆիզիկապես», պարզաբանեց Արտաշես Բախշյանը:

Ձեւավորված աշխատանքային խումբը այժմ փոր ձում է առավելագույնս հստակեցնել յուրաքանչյուր գործ եւ գտնել լուծումներ, նաեւ պարզել նախկինում որպես այգեգործական տրված հողերի՝ պատմամշակութային արժեք լինելու հարցը: Սրա համար դեռ էլի են ուսումնասիրություններ լինելու: Այսօրվա դրությամբ գույքագրվել են բոլոր մարզերում՝ ըստ համայնքների, առկա այգեգործական հողամասերը, հավաքվել են դրանց կարգավիճակի վերաբերյալ բոլոր տվյալները: «Պատշաճ հիմքեր ներկայացնելու դեպքում, անգամ եթե չկան այգեգործական գրքույկներ, բայց կան իրավական հիմքեր, քաղաքացիների սեփականության իրավունքը անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեն կգրանցի: Ներկայումս, դրան զուգահեռ, գույքագրվում են այն հողակտորները, որոնք երկու սեփականատեր ունեն»,- տեղեկացրեց աշխատանքային խմբի ղեկավարը: Բացի հողակտորների սեփականատերերին հստակեցնելուց, այլ խնդիր էլ կա. այգեգործական ընկերությունները ցանկանում են «մրցակցել» ՀՀ տարածքային կառավարման նախարարության հետ: Ըստ Արտաշես Բախշյանի, այգեգործական ընկերությունները պետք է լինեն հասարակական կազմակերպություններ եւ միավորեն այգեգործներին նրանց ընդհանուր խնդիրների, այդ թվում եւ՝ սեփականությունը գրանցելու խնդրի շուրջ: Բայց այսօր «այս ընկերությունները փորձում են իրենց վրա վերցնել այգեգործական հողամաս կամ այգեգործական հողամասի սեփականությունը հավաստող փաստաթուղթ տրամադրելու գործառույթը, փորձում են իրագործել այգեգործական ընկերությունների «անդամներին» սեփականատեր չունեցող հողակտորներ հատկացնելու իրավասություն, ինչը մենք չենք կարող թույլ տալ», նկատեց Արտաշես Բախշյանը:

Մեր զրուցակիցը հույս ունի, որ այգեգործական հողամասերի խնդիրը կլուծվի մինչեւ 2010-ի գարուն:

Հ. Գ. ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Արտաշես Բախշյանն ու այգեգործական ընկերությունները այսօր կրկին քննարկելու են հողերի հարցը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել