Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդիում լողավազան չկա

Հուլիս 28,2009 00:00

\"\"Ալավերդիում խորհրդային տարիներից ժառանգություն մնացած երկու լողավազաններն էլ անօգտագործելի են: Թումանյան փողոցի վրա, ոստիկանության բաժնի հարեւանությամբ գտնվող հսկա լողավազանը, որը տարիներ առաջ ամռան տապին եղել է ալավերդցիների ամենասիրած վայրերից մեկը, 1996 թվականից հետո չի օգտագործվում: Լողավազանը սեփականաշնորհված է: Ըստ շրջանառվող լուրերի, սեփականատերը Ալավերդու էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Շաքարյանն է: Չօգտագործվելուց լողավազանում հսկա ծառեր ու խոտ են աճել: Ստացվում է, որ լողավազանի սեփականատիրոջը ոչ այնքան լողավազանն է հետաքրքրել, որքան քաղաքի կենտրոնական հատվածում տարածք ունենալու խնդիրը:

\"\"Ալավերդու մյուս լողավազանը գտնվում է «Արմենիան Քափըր փրոգրամ» ընկերությանը պատկանող «Մետալուրգ» մարզադաշտի տարածքում: Ընկերությունը այս լողավազանը վարձակալությամբ տվել է Ալավերդի քաղաքի բնակիչ Տարոն Աբգարյանին: Լողավազանը նկարելիս նրան հարող տարածքում եւ գետեզրին կանգնած մի քանի ալավերդցիներ, որոնք հավանաբար լողավազանի աշխատակիցներ էին, մեզ հետ զրույցում խնդրեցին իրենց անունները չհրապարակել, սակայն տեղեկացրին, որ Դեբեդից ջուր են լցնելու լողավազան, սակայն ջրի որակը ստուգելուց հետո: Աշխատակիցները դեռեւս երաշխիք չունեին, որ ջուրը սանիտարական պայմաններին կհամապատասխանի: «Եթե թույլատրելի լինի, կաշխատի մի երեք օր հետո, եթե թույլատրելի չլինի, որեմն չի աշխատի»,- ասացին նրանք:

Ստեղծված իրավիճակում Ալավերդիում հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները այրող շոգին զովանում են Դեբեդում, որտեղ թափվող կոյուղաջրերի ու կենցաղային աղբի հսկայական քանակությունը տեսանելի է անգամ անզեն աչքով, եւ առողջության համար անվտանգ ջրի մասին անգամ մտածելն է անտեղի:

Ալավերդու քաղաքապետարանը լողավազանների հարցում դեռ ոչինչ չի ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել