Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԹԵՐՀԱՍ ԵՐԵԽԱՆԵՐ ՈՒՆԵՆԱԼ»

Հուլիս 28,2009 00:00

Ազատամարտիկի երեխաները դպրոց գնալու հնարավորություն չունեն

\"\"
Այս երեխաները մեծանում են առանց ուսում ստանալու

Արցախյան շարժման մասնակից, ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանի 13 հոգանոց ընտանիքն ապրում է Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գտնվող «Անուշ» այգեգործական ընկերությունում: Գագիկի ընտանիքը այստեղ է տեղափոխվել «Հույսի ավան» թաղամասից: Մինչ այդ, նրանք ապրել են Լեռնային Ղարաբաղում: Գագիկի 11 երեխաներից 3-ը ծնվել են Քաշաթաղում:

«Երբ երեխաներս մեծացան, դպրոց գնալու հետ կապված խնդիրներ առաջացան: Որոշեցինք գալ Երեւան, որպեսզի երեխաներս նորմալ կրթություն ստանան: «Հույսի ավանում» մեզ հատկացրին բնակարան, եւ քանի որ ես 2-րդ կարգի հաշմանդամ եմ, որոշ ժամանակ հետո Պաշտպանության նախարարությունից ինձ գումար հատկացրին՝ բնակարան ձեռք բերելու համար: Այդ գումարը բավականացրեց միայն այս տարածքում տուն գնելու, քանի որ մայրաքաղաքի այլ հատվածներում այդ նույն գումարով ես կարող էի միայն շատ փոքր բնակարան գնել, որտեղ 11 երեխա չէին կարող ապրել: Միայն հետո պարզեցի, որ այստեղ էլ երեխաները դպրոց գնալու հնարավորություն չունեն: Դպրոցը մեր տնից 4 կմ հեռավորության վրա է գտնվում, իսկ երթուղային այստեղ չի աշխատում: Իմ 11 երեխաներից 5-ը դպրոցական են, բայց նրանցից ոչ ոք այժմ դպրոց չի գնում»,-«Առավոտի» հետ զրույցում պատմեց Գագիկը: Այս ընտանիքի միակ եկամուտը երեխաներին հատկացվող 75 հազար դրամ նպաստն է եւ ընտանիքի հոր 79 հազար դրամ հաշմանդամության թոշակը:

«Ես ի վիճակի չեմ աշխատել, գլխիս մեջ արկի բեկորներ կան: Երբեմն ցավերն այնքան ուժեղ են լինում, որ ուշքի գալուց հետո ոչինչ չեմ հիշում: Որեւէ պետական մարմնից ուտելու կամ հագնելու բան չեմ խնդրում, իմ երեխաներին ինքս կպահեմ, իմ խնդրանքը միայն այն է, որ տրանսպորտ տրամադրեն, որով ես կկարողանամ ոչ միայն իմ երեխաներին, այլեւ գյուղի մյուս դպրոցականներին դպրոց տանել: Երեխաներիցս յուրաքանչյուրը կրում է իմ զոհված ընկերներից մեկի անունը: Ես ուխտել էի իմ բոլոր զոհված ընկերների անուններով երեխաներ ունենալ, բայց ոչ նրա համար, որ նրանք բոլորը անգրագետ մեծանան: Ես չեմ ուզում երեխաներս թերհաս լինեն»,- ասում է Գագիկը:

Գագիկի կինը՝ Արմենուհի Մանուկյանը, նույնպես գործազուրկ է: Նրա խոսքերով, բնակարանը, որտեղ ներկայումս բնակվում են, չեն կարողանում վաճառել, քանի որ հնարավորություն չունեն ուրիշ տեղ տուն գնելու. «Ոչ տրանսպորտ կա, ոչ գազ, ոչ դպրոց: Մենք ջուր ունենք, բայց գյուղի կեսը դա էլ չունի: Ո՞վ կհամաձայնի այստեղ տուն գնել: Դեռ 2 ամիս առաջ պաշտպանության նախարարը խոստացել էր մեքենա հատկացնել՝ երեխաների դպրոց գնալու խնդիրը լուծելու համար: Մինչեւ հիմա սպասում ենք»,- ասում է տիկին Արմենուհին:

Գագիկի զոհված ընկերները 12-ն էին: Նրա խոսքերով, եթե առողջությունը եւ պայմանները թույլ տան, եւս 1-ը կունենա՝ «Որ ուխտս անկատար չմնա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել