Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՊԱՏՐԱ՞ՍՏ Է, ԹԵ՞ ՈՉ

Հուլիս 28,2009 00:00

Ֆասիեն ու Բրայզան փոխհակասող պնդումներ են անում

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Լեհաստանի Կրակով քաղաքում հուլիսի 25-26-ի անցկացրել են աշխատանքային հանդիպում՝ պատրաստելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմք հանդիսացող Մադրիդյան սկզբունքների թարմացված փաստաթուղթը: ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեն «Արմենպրես»-ին հեռախոսով հայտնել է, որ փաստաթուղթն ամբողջովին դեռեւս պատրաստ չէ, իրենք մի քանի այլ աշխատանքային նստաշրջաններ եւս կունենան: Համանախագահները դեռեւս չեն ծրագրել՝ երբ կլինի հաջորդ նստաշրջանը: «Թարմացված փաստաթուղթը կողմերին կներկայացվի այն ժամանակ, երբ ամբողջովին պատրաստ կլինի»,-ասել է Ֆասիեն:

Մինչդեռ ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզան երեկ «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Կրակովում պատրաստել են Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը, ինչը, Մեթյու Բրայզայի գնահատմամբ, հիմք է ստեղծում ղարաբաղյան կարգավորման հիմնարար սկզբունքները ավարտուն տեսքի հասցնելու համար։ Նա հայտնել է. «Կրակովում համանախագահները արդյունավետ եւ ստեղծագործ քննարկումներ ունեցան անցած մի քանի օրերին։ Մենք ամենայն զգուշությամբ կշռադատեցինք 2007-ի նոյեմբերից՝ Մադրիդյան փաստաթղթի ներկայացումից ի վեր երկու կողմերի արտահայտած դիրքորոշումները։ Այնուհետեւ, հիմք ընդունելով 2009-ի հուլիսի 10-ին մեր երեք նախագահների հայտարարությամբ տրված ցուցումը, մենք պատրաստեցինք Մադրիդյան փաստաթղթի նորացված տարբերակը»։

«Մենք երախտապարտ ենք նախագահ Սարգսյանին եւ արտգործնախարար Նալբանդյանին այն զգալի առաջընթացի համար, որին հաջողվեց հասնել բարդ, բայց կառուցողական քննարկումների ընթացքում։ Դրա շնորհիվ մեզ հաջողվեց հետեւում թողնել Մադրիդյան փաստաթուղթը։ Մենք այժմ հնարավորություն ունենք ավարտուն տեսքի հասցնել Հիմնարար սկզբունքները»,- փոխանցել է ամերիկացի համանախագահը։ «Ադրբեջանը նույնպես կառուցողական դիրքորոշում է ունեցել, թեեւ նախագահ Ալիեւը եւ արտգործնախարար Մամեդյարովը պաշտպանում են իրենց ազգային շահը այնպես, ինչպես դա անում են նրանց հայաստանցի պաշտոնակիցները»,- հավելել է Մեթյու Բրայզան։

Սեպտեմբերին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը նախապատրաստելու համար, որը, ըստ Panarmenian.net-ի՝ հավանաբար կանցնի Քիշնեւում ԱՊՀ երկրների նախագահների գագաթաժողովում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել