Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արման Բաբաջանյանը սկսում է կուրանալ

Հուլիս 28,2009 00:00

\"\"Ու չնայած նրա պատժաժամկետը լրանում է սեպտեմբերի 16-ին՝ նրան թեկուզ 1,5 ամիս շուտ չեն ազատում՝ վիրահատվելու համար:

Երեկ ի պաշտպանություն Արման Բաբաջանյանի ակցիայի ընթացքում ՀՀՇ երիտասարդական միության նախագահ եւ ՀՀՇ վարչության անդամ Կարեն Կարապետյանը լրագրողներին հայտնեց, որ «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանն իրեն ասել է. «Իրեն առաջարկ են ներկայացրել արդարադատության նախարարության աշխատակիցները, որ եթե ներման խնդրագիր ներկայացնի, ապա խոստացել են, որ 5 րոպե հետո ազատ կարձակվի»: Ավելի ուշ զրուցեցինք «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում գտնվող Արման Բաբաջանյանի հետ, որը մեր հարցին, թե իրեն իրո՞ք առաջարկել են ներման խնդրագիր գրել՝ ասաց. «Անուղղակի է եղել այդ առաջարկը: Այն եղել է դեռ 7-10 օր առաջ, երբ ինձ նոր էին տեղափոխել «Դատապարտյալների հիվանդանոց»: Մարդկանց, որոնք իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ խոսում էին՝ իրենց ուղղակի ասվում էր, որ եթե էդքան վատ է՝ թող ներման խնդրագիր գրի, 5 րոպեում կազատեն: Դա չեմ էլ կարեւորել»:

Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը հունիսի 22-ին դիմել էր արդարադատության նախարարին՝ խնդրելով բժշկական զննություն կազմակերպել եւ «Արման Բաբաջանյանի առողջության վատթարացման վերաբերյալ մտավախությունը հաստատվելու դեպքում միջոցներ ձեռնարկել նրա առողջական վիճակը բարելավելու նպատակով»: Մեր հարցին, թե այս միջամտությունից հետո ի՞նչ քայլեր են արվել՝ պրն Բաբաջանյանը պատասխանեց. «Օմբուդսմենն ընդհանրապես ոչինչ չի արել, ոչ էլ միջամտել է: Նա ընդամենն ուզել է, որ նորից բուժզննություն արվի: Համենայնդեպս, մենք այսօր ունենք միջուկային տոմոգրաֆիայի պատկերը՝ հուլիսի 24-ին ինձ տարան ուռուցքաբանական հիվանդանոց, որտեղ նեյրոօկուլիստը եւ նեյրովիրաբույժը կոնկրետ արձանագրեցին, որ իմ ուռուցքի հետեւանքով արդեն աչքերիս տեսադաշտը փոքրանում է՝ աջ աջքի 30% անկում կա, այսինքն՝ այդքան չի տեսնում, իսկ ձախ աչքը՝ 40%-ով: Ունենք նաեւ նեյրովիրաբույժ Լեւոն Հարությունյանի խորհրդատվությունը, որ վիրահատությունը կարծես այլընտրանք չունի՝ պետք է վիրահատել»:

Անցած շաբաթ Արման Բաբաջանյանին էր այցելել քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը: «Նրանց խմբում նաեւ բժշկուհի կար՝ Լաուրա անունով, նայեցին փաստաթղթերը եւ հասկացան, թե ինչ վիճակ է»,- պատմեց պրն Բաբաջանյանը: Այցից հետո խումբը գրավոր դիմել էր արդարադատության նախարարին՝ առաջարկելով վաղաժամկետ ազատ արձակել նրան: Պատասխան դեռ չկա: Թեեւ այն, որ Արման Բաբաջանյանն առողջական լուրջ խնդիրներ ունի՝ «Panorama.am»-ին հաստատել են նաեւ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի բաժնից: «Ժամանակի» խմբագրի մոտ ախտորոշվել է «հիպոֆիզի կիստոզ ադենոմա (7.5 մմ), հետտրավմատիկ էնցեֆալոպատիա՝ ցնցումային համախտանիշով, ձախակողմյան հեմիպարեզով: Ներկայումս նրա առողջական վիճակը գնահատվում է անբավարար»:

Իսկ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանն «Ազատություն» ռ/կ-ին երեկ հայտնել է, թե Արման Բաբաջանյանը «Հունիսի 30-ին դիմում էր ներկայացրել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետին՝ խնդրելով չքննարկել իրեն պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցը հիմնարկի վարչական հանձնաժողովի կողմից: Հուլիսի 27-ին Արման Բաբաջանյանը մեկ այլ դիմումով հրաժարվել է իր նախորդ դիմումից եւ խնդրել ընթացիկ ամսում լսել իրեն պայմանական-վաղաժամկետ ազատելու հարցը»: Այս կապակցությամբ «Ժամանակի» խմբագիրն «Առավոտին» պատմեց. «Ինձ այսօր մոտեցել եւ խնդրել են դիմում գրել, որ ներկայացնեն պայմանական-վաղաժամկետ ազատման՝ օգոստոսի համար: Ինչը ենթադրում է, որ եթե նախագահի հրամանագրի համաձայն ընթացակարգով շարժվի անկախ հանձնաժողովը՝ մինչեւ օգոստոսի վերջը ես կշարունակեմ մնալ այստեղ, եւ եթե դրական լինի եզրակացությունը՝ դատարանի որոշմամբ նոր ինձ ազատ կարձակեն: Էլի եմ ասում՝ եթե ընթացակարգով շարժվեն ու ոչ մի բան արագացված կարգով չանեն»: Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանի ազատազրկման ժամկետը ավարտվում է սեպտեմբերի 16-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել