Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐՏԻՄԵԿՅԱՆ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԸ ԻՆՔՆԱԲՈՒԽ Է ԵՂԵԼ

Հուլիս 28,2009 00:00

\"\"Սա, ըստ էության, հաստատել է նաեւ ՀՀ փոխոստիկանապետ Ալեքսանդր Աֆյանը

«Առավոտը» արդեն անդրադարձել է այս տարի ընդամենը 3-4 ամիս առաջ «Մարտի 1»-ի իրադարձություններն ուսումնասիրող Փորձագետների փաստահավաք խմբում հյուրընկալված ՀՀ փոխոստիկանապետ, 2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցած եւ ապա Մյասնիկյանի արձանի մոտ մինչեւ ժ. 18:00-ն ոստիկանության գործողությունները ղեկավարած օպերատիվ շտաբի պետ Ալեքսանդր Աֆյանի պարզաբանումներին: Դրանք, բացի այն, որ, ըստ էության, փաստել են հայրենի իրավապահների անկազմակերպ ու անպատասխանատու գործողությունների մասին, այլեւ այդ օրվա իրադարձությունների վերաբերյալ, թերեւս, անկախ պարոն Աֆյանի կամքից, որոշակի օբյեկտիվ նկարագրություն են պարունակել: Հիմնականում Խմբի անդամների հարցերին պատասխանելիս Ալ. Աֆյանը երբեմն խճճվել էր եւ ասել էր բաներ, որոնք, ըստ էության, փաստել էին, որ մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ տեղի ունեցած հանրահավաքը եւ դրան հաջորդած իրադարձությունները ոչ թե կազմակերպված, այլ ինքնաբուխ են եղել: Սա այն է, ինչ ավելի քան մեկ տարի իշխանությունները, իրավապահներն ու ՀՀ հատուկ քննչական ծառայությունը փորձում են հերքել:

Այսպես, ներկայացնելով անցյալ տարի մարտի 1-ին արդեն ֆրանսիական դեսպանատան մատույցներում ծավալված իրադարձությունների սեփական տարբերակը՝ պարոն Աֆյանը հայտարարել էր, թե հրահանգ ստանալով՝ կասեցնել դեսպանատան մոտ մարդկանց կուտակումն ու նրանց առաջխաղացումը, ինքը ժ. 11:30-ի կողմերն արդեն եղել էր տեղում եւ տեսել, որ հավաքվել է շուրջ 300 հոգի, սկսվել է նաեւ Լուսավորիչ փողոցի բարիկադավորումը, մարդիկ քարեր, փայտեր էին սկսել հավաքել եւ շարել իրենց շուրջը: Նախ, հիշեցնենք, որ մինչեւ պարոն Աֆյանի նշած ժամը ոստիկաններն արդեն դեսպանատան տարածքում էին եւ որոշակի գործողություններ էին ձեռնարկել. դեսպանատան մոտ ոստիկանների կողմից արդեն ծեծվել էին հավաքված քաղաքացիներից ոմանք: Այդուհանդերձ, եթե հիմք ընդունենք պարոն Աֆյանի հայտարարությունը, ապա դա փաստում է, որ քաղաքացիները սկսել էին բարիկադավորվել դեռ այն ժամանակ, երբ ընդդիմության որեւէ առաջնորդ, առավել եւս «Յոթի» գործով անցած եւ «զանգվածային անկարգություններ կազմակերպելու» համար մեղադրված որեւէ գործիչ այդ վայրում չկար, չէին եղել նաեւ ոստիկանությանը դիմադրելու կազմակերպչական հրահանգներ: Ավելին, Աֆյանի պնդմամբ, իր՝ դեսպանատան մոտ ժամանելուց հետո 15-30 րոպեների ընթացքում հավաքված մարդկանց թիվը կտրուկ ավելացել էր՝ դառնալով 3000:

Նրա ասելով, Մյասնիկյանի արձանի մոտ հավաքվածների եւ ոստիկանության միջեւ բանակցությունները սկսվել էին ժ. 12-ի կողմերը եւ ընթացել էին իր հրամանատարությամբ: Հիշեցնենք, որ այդ պահից սկսած մինչեւ բանակցությունների ավարտը, իսկ դա, ըստ Աֆյանի՝ եղել է ժ. 15-ի կողմերը, Մյասնիկյանի արձանի մոտ են եղել ոստիկանության բարձրաստիճան սպաներ Հովհաննես Հունանյանը, Աշոտ Գիզիրյանն ու Ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ Գեղամ Պետրոսյանը: Բանակցությունները վարվել էին ԱԺ պատգամավորների, ՄԻ պաշտպանի, նաեւ ընդդիմության ներկայացուցիչներ Դավիթ Շահնազարյանի, Երջանիկ Աբգարյանի եւ Լեւոն Զուրաբյանի հետ: Աֆյանը համաձայնել էր այն դիտարկմանը, թե՝ բանակցություններն անարդյունավետ էին եղել: Թե ինչո՞ւ էին դադարել բանակցությունները, պարոն Աֆյանը երկու տարբեր բացատրություններ էր տվել՝ մե՛կ ասելով, թե դրանք դադարել են այն բանից հետո, երբ մարդիկ այրել էին ոստիկանության մեքենան (խոսքը քաղաքացիներին վրաերթի ենթարկած եւ դեսպանատան մոտ այրված «վիլիսի» մասին է- Ն. Մ.), մե՛կ էլ այն պատճառով, որ «ժողովուրդը չենթարկվեց» եւ Լ. Զուրաբյանի՝ բարձրախոսով արած հայտարարությունից հետո չգնաց Մատենադարանի մոտ: Այս մասով Աֆյանն իրավիճակը ներկայացրել էր այնպես, որ ընդդիմության կողմից բանակցություններ վարողների միջեւ համաձայնություն չի եղել, օրինակ՝ Դ. Շահնազարյանը բարձրախոսով հայտարարել էր, թե համաձայն են գնալ Մատենադարանի մոտ, իսկ Լ. Զուրաբյանը ասել էր, թե ինքն է ընդդիմության կողմից իրավասու բանակցել, եւ հայտարարել էր, թե ոչ մի տեղ էլ չեն գնա: Խմբի անդամներից մեկի հարցին՝ իր տպավորությամբ, ո՞վ էր ղեկավարում ժողովրդին, պարոն Աֆյանը ասել էր՝ «ասում էինք՝ ո՞վ է ղեկավարը, ո՞ւմ հետ գործ ունենք, ոչ ոք կոնկրետ չկար, ոչ ոք չէր ուզում…»:

Ավելի ուշ, սակայն, ի պատասխան Խմբի անդամ Գեւորգ Թովմասյանի հարցին, Աֆյանն ասել էր, թե, իր տպավորությամբ՝ «մյուս կողմը իր գործողությունները համաձայնեցնում էր Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ»: Ի դեպ, Աֆյանի պնդմամբ, բանակցությունների ընթացքում ե՛ւ ընդդիմության, ե՛ւ ոստիկանության կողմից իրավիճակը վերահսկելի էր եղել, իսկ բանակցությունների դադարեցումից, մոտավորապես ժ. 15-ից հետո վերահսկողությունից դուրս էր եկել, ու եղել էին նաեւ կարգազանց դրսեւորումներ: Մեկ այլ դեպքում, որպես բանակցությունների դադարեցման պատճառ, Աֆյանը նշել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ հավաքվածներին ուղղված, իբր, անհնազանդության կոչերը: Նա միայն ճշտող հարցից հետո էր «հիշել», որ Նիկոլի ելույթը եղել էր բանակցությունների ավարտից հետո: Մարդկանց կուտակումը ինքնաբո՞ւխ էր, թե՞ կազմակերպված: Աֆյանի կարծիքով՝ ինքնաբուխ չէր կարող լինել: «Եթե կազմակերպող չլիներ, էդքան մարդ չէր հավաքվի»,- ասել էր Աֆյանը՝ միաժամանակ իր այդ հայտարարությանը հակասող փաստարկ բերելով՝ «մեկը մեկին զանգել են, հավաքվել են»: Սկսած մարդկանց կուտակումից՝ ներառյալ բանակցությունների ընթացքը, նաեւ դրանից հետո որոշակի էքսցեսներ են եղել, դրանց մասնակիցների՝ քաղաքացիական անձանց կողմից անհնազանդության, դիմադրության, ընդհարումների կամ բախումների, պրովոկացիաների դեպքերը զանգվածայի՞ն բնույթ են կրել, թե՞ առանձին օջախներ են եղել: Ըստ Աֆյանի՝ տարբեր տեղերում տարբեր օջախներ են եղել: Դրանք միայն ցուցարարների կողմի՞ց են եղել, թե՞ կարող էին նաեւ սադրիչներ լինել, որոնց նույնիսկ հնարավոր չի պարզել, կամ հնարավո՞ր է պարզել, թե դրանք ում պրովոկատորներն են եղել: Գ. Թովմասյանի այս հարցին Աֆյանը պատասխանել էր. «Ես չեմ կարող ասել՝ պրովոկատորներ եղե՞լ են, թե՞ չեն եղել: Բա, իհարկե, իմ կարծիքով՝ եղել են»: Անձամբ տեսե՞լ եք, որ քաղաքացիների կողմից ոտնձգություն կատարվի ոստիկանի նկատմամբ, եւ քաղաքացիական այլ անձանց կողմից այդ գործողությունները բարձրաձայն դատապարտվեն կամ կանխելու փորձեր արվեն, կամ քաղաքացիական անձանց կողմից այդ կարգազանցները կարգի հրավիրվեն: «Չեմ կարող ասել, իմ ներկայությամբ նման դեպք չի եղել»,- ասել էր պարոն Աֆյանը՝ այն դեպքում, երբ նույնիսկ օպերատիվ նկարահանումներում նման բազմաթիվ վկայություններ կան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել