Ըստ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանի, սա է անհրաժեշտ Ղարաբաղի հարցի կարգավորման համար
– Ինչո՞ւ Արցախի խնդրի կարգավորմանն առնչվող հարցերում «Օրինաց երկիրը» հատուկ ակտիվություն չի դրսեւորում, նշանակո՞ւմ է սա արդյոք, որ դուք ամբողջովին համամիտ եք այն քայլերին ինչ կատարում է Սերժ Սարգսյանը:
– Անկեղծ ասած, Արցախի խնդրի կարգավորմանն առնչվող հարցերում եւ ՕԵԿ-ը, եւ կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը ցանկացած առիթով հրապարակայնորեն ներկայացրել են մեր մոտեցումները եւ տեսակետները, ավելին, տարբեր միջազգային կառույցներում մեր ներկայացուցիչները հստակ ներկայացրել են ՕԵԿ դիրքորոշումը եւ առաջարկությունները: Բոլորովին վերջերս Եվրամիություն-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի Եվրոպայի մեր գործընկերներին առաջարկեցինք, որպեսզի արձանագրությունում ավելացվի առանձին դրույթ, ըստ որի, անհրաժեշտ է, որպեսզի Արցախի հարցի քննարկումների ժամանակ խմբի աշխատանքներին մասնակցեն նաեւ ԼՂՀ մեր գործընկերները: Առաջարկը ընդունվեց եւ տեղ գտավ համատեղ ստորագրված փաստաթղթում: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը կենսական նշանակություն ունի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ հայ ժողովրդի համար: Այն սերտորեն առնչվում է նաեւ Հայաստանի ազգային անվտանգությանն ու տարածաշրջանային կայունությանը: Մենք գտնում ենք, որ ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միակ ճանապարհը բանակցությունն ու խաղաղ կարգավորումն է եւ այն պետք է հենվի հետեւյալ սկզբունքների վրա. ա) Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը անկախության կամ Հայաստանի հետ վերամիավորման ճանապարհով, չի կարող լինել սակարկության առարկա, բ) Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ պետք է ունենա ցամաքային կապ, գ) Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության միջազգային երաշխիքների ապահովում, դ) անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի ակտիվ ներգրավվածությանը բանակցային գործընթացում, ե) անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչմանը եւ պայմաններ ապահովել դրա իրականացման համար: Հայաստանի նախագահի կողմից Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ լուծման համար վարվող քաղաքականությունը իր մեջ ներառում է վերոշարադրված սկզբունքները, ինչին մենք ականատես ենք լինում բանակցային գործընթացում: Այս ամենը նշանակում է, որ ՕԵԿ-ը համամիտ է եւ պաշպանում է Սերժ Սարգսյանի դիրքորոշումը: Օրերս այս ամենին անդրադարձավ նաեւ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ Ազգային անվտանգության խորհրդի նիստում:
– Հիմա շատ են խոսում այն մասին, որ եթե Թուրքիան սահմանը բացի, ապա Սերժ Սարգսյանը ստիպված կլինի գնալ ֆուտբոլ նայելու, ձեր կարծիքով՝ արժե՞ գնալ Թուրքիա, եթե սահմանը չբացվի:
– Հայ-թուրքական հարաբերությունների վրա որոշակի ազդեցություն ունեցավ Թուրքիայի նախագահի այցը Հայաստան, ինչը տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի հրավերով, եւ ինչը ողջունվեց տարբեր երկրների կողմից, եւ ինչը, կարծում եմ, խթանելու է հայ-թուրքական սահմանի բացմանը: Նկատի ունենալով մեր երկրի նախագահի եւ իշխանությունների կողմից վարվող նախաձեռնողական եւ հավասարակշռված արտաքին քաղաքականությունը՝ մենք լավատեսորեն ենք տրամադրված հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը եւ սահմանի բացմանը:
– Որոշ պատգամավորների անուններ շարունակ շոշափվում են կրակոցների, հրազենային ռազբորկաների հետ կապված, անգամ այս շոգին են կրակում: Որպես կոալիցիայի անդամ, կոալիցիայի շրջանակներում չե՞ք պատրաստվում քննարկել այս հարցերը եւ փորձել կարգի հրավիրել անկարգներին:
– ՕԵԿ-ը մշտապես դատապարտել եւ դատապարտում է մեր երկրում տեղի ունեցող ցանկացած օրինախախտում կամ, ինչպես դուք նշում եք, կրակոցները եւ ռազբորկաները, անկախ նրանից, թե դա ում կողմից է կատարվում: Ցանկացած կարգազանց կամ հանցագործ պետք է պատասխանատվություն կրի օրենքի ամբողջ խստությամբ: Սա է մեր մոտեցումը: Ինչ վերաբերում է անկարգներին կարգի հրավիրելուն, ապա դա ոչ թե քաղաքական ուժերի, այլ իրավապահ մարմինների գործառույթն է: