Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Հուլիս 25,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ տասնյոթերորդ

 ՀԱԼԱԾՎԱԾ ԱՌԱՔՅԱԼԸ

 Ու էս անգամ ուրիշների կյանքից փախչելով՝ ապրիլի քսաներեքին ճանապարհվեցի Լաչին, որովհետեւ մտադիր էի Լաչինում ուսուցչությամբ զբաղվել, եւ քանի որ իմ համակուրսեցի Ժիրոն Բերձոր մարզկենտրոնի զույգ դպրոցներից մեկի տնօրենն է, հույս ունեի, որ իր դպրոցում ինձ ժամեր կտա, բայց իմ էդ ցանկությունն ու պատրաստակամությունը Ժիրոյի ու տեղի մանկավարժական իրավասուների համար էնքան անակնկալ էր, որ առանց երկար մտածելու՝ ինձ Ծիծեռնավանք գյուղի դպրոցի տնօրենի պաշտոնն առաջարկեցին, եւ դա միանգամայն բնական ու տրամաբանական էր, մանավանդ որ՝ Ժիրոյի ու կենտրոնի մյուս դպրոցում ուսուցչի թափուր տեղեր չկային, եւ ստիպված ինձ Ծիծեռնավանքի դպրոցի տնօրենի թափուր պաշտոնն առաջարկեցին, եւ էս բարձր ու լավատեսական նոտայով էլ ավարտվեց իմ ուսուցչական առաքելությունն ու առաքյալությունը, քանի որ, ինչպես տեղում պարզվեց, ես Ծիծեռնավանքում տնօրեն աշխատելով՝ պիտի ապրեի Ծիծեռնավանքից կիլոմետրուկես հեռու գտնվող Մելիքաշեն գյուղում, որովհետեւ Ծիծեռնավանքում ազատ բնակելի տարածք չկար, ու իմ դպրոցն էլ հավասարապես սպասարկում էր էդ երկու գյուղերի երեսունի չափ աշակերտությանը, մինչդեռ Ծիծեռնավանքի դպրոցի աշխատանքային կոլեկտիվը երեսունհինգ հոգանոց էր, եւ դա ամենասարսափելին էր, որովհետեւ, ինչպես ինձ թաքուն իրազեկեց էդ երկու գյուղերի համընդհանուր ու նորընտիր գյուղապետ՝ դաշնակցական ու ոչ մեր իմացած Ռուբեն Հովսեփյանը, էդ երեսունհինգից յուրաքանչյուրը՝ ուսմասվարից սկսած ու պահակով վերջացրած, հավակնում էր դպրոցի տնօրենի էդ թափուր պաշտոնին, եւ դա ինձ համար իրոք սարսափելի էր, որովհետեւ իմ նպատակը ոչ թե ինչ-որ մեկի ու մանավանդ էդ երեսունհինգի փափագած տեղը գրավելն էր, այլ՝ Քաշաթաղի էդ գարնանային գունատ արեւի տակ իմ տեղը հայտնաբերելն ու գտնելը, այն՝ ինչն արդեն հայտնաբերել ու գտել էին ջութակահար Ճենտերեջյաններից Աշոտը, իմ ուսանողական ընկեր Ժիրոն, ոչ ձեր իմացած դաշնակցական Հովսեփյան Ռուբենն ու շատ ուրիշներ, եւ երեք օր Ժիրոյի հյուրընկալ օջախում հյուրընկալվելով ու հյուրասիրվելով՝ հընթացս մտածեցի ու հասկացա, որ նպատակս հեչ էլ աննշան չի եւ ուզածս հեչ էլ քիչ բան չի, որովհետեւ Քաշաթաղ ու Բերձոր վերանվանված Լաչինում երեք օր հյուրընկալվելով ու հյուրասիրվելով՝ ոչ միայն կյանք վերադարձա, այլեւ ապրեցի միանգամայն կուլտուրական ու մշակութային կյանքով, որից անհիշելի ժամանակներից էի կտրված՝ չհաշված իմ նկարիչ ընկեր Վրեժի պարտադրած Մոցարտներն ու «Ռեքվիեմները», եւ չնայած Լաչինում էլ էի պարտադրված ներկա գտնվել ջութակահար եղբայրներ Ճենտերեջյանների համերգին, էդ պարտադրվածությունս ընդամենը մի քանի րոպե տեւեց, եւ համերգի սկզբից մի քանի րոպե անց արդեն Բութանիայի Թորամանյան փողոցի իմ մանկության ջեւիկ ընկերներ Արմենն ու Աշոտն իրենց ջութակներով ինձ ու բոլոր ներկաներին արդեն կախարդել ու հմայել էին, եւ Բերձորի երաժշտական դպրոցի համերգասրահի լուսամուտներից ներս լցվող շների հաչոցներն ու հավերի կչկչոցները ոչ միայն չէին խանգարում, այլեւ ձուլվում ու միահյուսվում էին Հալեպից ժամանած Արմենի ու Բերձորում բնավորված Աշոտի համատեղ ցնծությանը, եւ երբ համերգի կեսերին իմ համակուրսեցի ընկեր Ժիրոյի երկու տարեկան թոռն արթնացավ ու ճվճվոցը դրեց, Ժիրոյի որդի Համլետն իր որդուն գրկած՝ դահլիճից դուրս տարավ, մինչդեռ կարելի էր դա չանել, որովհետեւ Ժիրոյի թոռան ճվճվոցն էլ էր միանգամայն ներդաշնակորեն գումարվում Հալեպից ժամանած Արմենի ու Լաչինում բնավորված Աշոտի համատեղ ցնծությանը, եւ վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր նրանք՝ ովքեր երկու հազար ութ թվականի ապրիլի քսանչորսի էդ իրիկուն Բերձորի երաժշտական դպրոցի էդ դահլիճում չեն եղել եւ Ճենտերեջյան զույգի էդ համերգը չեն տեսել ու չեն լսել, կարող են համարել, որ էս կյանքում ահագին բան չեն տեսել ու չեն լսել, եւ ովքեր Ճենտերեջյան եղբայրների էդ օրվա ցնծությունը չեն տեսել, դժվար թե հասկանան՝ ինչ ասել է՝ իսկական երկվորյակ, ու նաեւ չեն հասկանա երկվորյակների վերամիավորման ողջ խորհուրդն ու իմաստը՝ մանավանդ առաջին անջատումից ու բաժանումից հետո, ու էս ասածս էլ է մասնավորապես Ճենտերեջյան երկվորյակներին վերաբերում, որովհետեւ հիսունհինգ տարվա ընթացքում կյանքն ու ճակատագիրն առաջին անգամ էին Աշոտին ու Արմենին իրարից կտրել ու բաժանել՝ Սիրիայի ու Լաչինի հեռավորության չափով իրարից հեռացնելով, եւ ահա՝ երկու հազար ութի ապրիլի քսանչորսին իրենց էդ առաջին բաժանումն առաջին հանդիպման վերածելով՝ իրենց էդ բացառիկ տոնն իրենց էդ օրվա բացառիկ նվագով բոլորինս էին դարձրել, եւ չնայած համերգից առաջ Արմենն ինձ ասաց, որ երկու տարի կլինի՝ իրար հետ չեն նվագել, եւ չնայած Աշոտն ասաց, որ առաջին անգամ են առանց նախավարժանքի համերգ տալու, կարող եմ վկայել ու հաստատել, որ երկու հազար ութ թվականի ապրիլի քսանչորսի քաշաթաղյան էդ համերգն իրենց ու ներկաներիս կյանքում լավագույնն էր, եւ երբ համերգից հետո էդ կարծիքս երկվորյակներին հայտնեցի, իրենք երջանիկ ինձ նայեցին ու միասնաբար ասացին՝ «մենք էլ ենք էդ կարծիքին», եւ Քաշաթաղի հոգեւոր հովիվն էլ էր էդ կարծիքին. ավելին. Քաշաթաղի հոգեւոր հովիվը համերգից հետո չափից ավելի անկեղծանալով ասաց՝ «կյանքիս մեջ առաջին անգամն եմ էս տեսակ փառահեղ հոգեւոր տոնի ներկա գտնվում», եւ չնայած մյուս ունկնդիրները չէին արտահայտվում, բոլորն էին երջանիկ, ու բոլորի աչքերն էին թաց, եւ էդքան երջանիկ ու արցունքաշատ հայ ունկնդիրներ մեկ էլ Լոսում եմ տեսել, բայց, այդուհանդերձ, Լաչինինը մի քիչ ուրիշ էին՝ անհամեմատ համեստ հագուկապով եւ անհամեմատ երջանիկ, բայց, ընդհանուր առմամբ, Լոսի ու Լաչինի ընդհանրություններն ավելի քիչ չեն, քան՝ տարբերությունները. Լաչինում էլ են հայաստանցիք շատ եւ ղարաբաղցիք՝ քիչ, եւ Լաչինում էլ են արդեն ղարաբաղցիների հասցեին քչփչոցներն ընդունված եւ, ըստ ամենայնի, էդ քչփչոցներն առաջիկայում ավելի կշատանան, որովհետեւ արդեն մի քանի ամիս է՝ Լաչինի վարչական տարածքն ընդգրկվել է Ղարաբաղի մեջ, եւ Հայաստանի ու Լաչինի միջեւ արդեն անցակետ կա, եւ Լաչինում էլ են արդեն տարատեսակ պաշտոններ ազատում ղարաբաղցիների համար, բայց, այսուհանդերձ, մանավանդ Ճենտերեջյանների էդ համերգից հետո մեջս Լաչինում մնալու, ապրելու ու աշխատելու անզուսպ ցանկություն առաջացավ, որովհետեւ, էդ պահի դրությամբ, ձեր չիմացած Ռուբեն Հովսեփյան գյուղապետին դեռեւս չէի հանդիպել ու դեռեւս չէի իրազեկվել, որ դպրոցս ու ապրելուս տեղը միանգամայն տարբեր գյուղերում են, եւ չնայած էդ գյուղերն իրարից ընդամենը կիլոմետրուկես էին հեռու, էդ երկու գյուղերի դարուփոս արանքում լիքը գամփռներ կային, եւ, ասում էին, ձմռանը շակալներ էլ են պատահում, եւ դա ամենասարսափելին էր, որովհետեւ, ամեն ինչից բացի, ես նաեւ շներից եմ վախենում, մանավանդ՝ եթե ոհմակներով են ֆռֆռում, իսկ շակալների մասին որեւէ բան չեմ կարող ասել, որովհետեւ մոտիկից շակալ տեսած չկամ՝ գազանանոցում տեսածներս չհաշված, բայց ձեր չիմացած դաշնակցական գյուղապետ Ռուբեն Հովսեփյանն ինձ համոզում էր, որ եթե մի քշած ու էժան ավտո առնեմ, էդ ավտոյով կարող եմ հանգիտս դասի գնալ ու գալ՝ շներից ու շակալներից անվնաս մնալով, ընդ որում՝ էդ մեկուկես հազար դոլարանոց էժան ու ծախու ավտոն կողքի գյուղում արդեն ինձ էր սպասում, եւ ձեր չիմացած դաշնակցական գյուղապետ Հովսեփյան Ռուբոն ինձ մարդասիրաբար բացատրեց, որ եթե մի հինգ հարյուր դոլար էլ թուրքերից ազատագրված էդ փլատակի վրա ծախսեմ՝ չտեսնված տուն կդառնա. այսինքն, լաչինյան էդ իդիլիան եւ հայրենասիրական էդ պոռթկումս ինձ վրա երկու հազար դոլարից շատ ավելի էին նստելու, որովհետեւ թուրքերից ազատված էդ մրապատ սենյակը դզելուց ու փչելուց հետո սանհանգույցի, կահկարասիի ու այլ հարցեր էլ էին առաջանալու, եւ միակ սփոփիչն ու մխիթարիչը հազար հինգ հարյուր քառակուսի մրգաշատ այգին էր, որ չճանաչվելով միջազգային հանրության կողմից՝ անտեղյակորեն ծաղկել էր, եւ ձեր կողմից չճանաչված դաշնակցական գյուղապետ Հովսեփյան Ռուբոն ինձ մի գլուխ հորդորում ու համոզում էր՝ առանց հասկանալու, որ եթե էդքան փող ունենայի՝ հայրենասիրությունս ու անձնազոհությունս առնվազն մի տարով կհետաձգեի, եւ ձեր չիմացած Ռուբեն Հովսեփյան դաշնակցական գյուղապետն ինձ որպես գրող Երեւանից ու Պապլավոկից ճանաչելով՝ ինձ հորդորում ու հույս էր տալիս՝ «մեջքիդ կայնած եմ, Արմեն ջան. հենց մի հատ պրոբլեմ ունենաս, կծնգացնես՝ կհասնեմ» ու էդպես զանազան հույսեր էր տալիս՝ առանց ենթադրելու, որ ոչ միայն ավտոմեքենա, այլեւ բջջային էլ չունեմ ու չեմ էլ ուզում ունենալ, եւ ձեր չիմացած Հովսեփյան Ռուբոն չէր կարող ենթադրել, որ եթե ավտոմեքենայի ու բջջայինի զահլա ունենայի, կյանքի ու շարժման մեջ կլինեի ու կմնայի, ու էդ անակնկալ հայրենասիրությունն ու անձնազոհությունն էլ երբեւէ մեջս չէին ձեւավորվի ու առաջանա, եւ, էդ ամենից էլ բացի, ձեր չիմացած դաշնակցական գյուղապետ Հովսեփյան Ռուբոն ինձ հորդորելով ու համոզելով՝ խոսքի մեջ շարունակաբար նշում ու շեշտում էր, որ էդ երկու գյուղերին հարող շներն անգամ աչք ունեն էդ դպրոցի տնօրենի ազատված տեղի վրա, եւ էդ հանգամանքն էդպես ու էդքան շեշտելով՝ տնօրենի էդ ազատված պաշտոնն էր երեւի ուզում կարեւորել ու նշանավորել՝ առանց հասկանալու, որ եթե ուրիշների տեղերի վրա աչք ունենայի, կմնայի Երեւանում ու մեկնումեկի տեղը կզբաղեցնեի, եւ ձեր չիմացած դաշնակցական գյուղապետ Հովսեփյան Ռուբոն չէր էլ կարող ենթադրել, որ ես իմ իսկ կյանքից ու իմ իսկ տեղից հրաժարվելով՝ եկել ու իր ենթակայության տարածքում եմ բախտս փնտրում, բայց, այսուհանդերձ, իմ էդ հանկարծակի առաքելության խափանման միջոցը հիմնականում էդ գամփռների ու շակալների առկայությունն էր, ինչպես նաեւ՝ ավտոմեքենայի ու մանավանդ բջջային հեռախոսի անհրաժեշտությունը, որովհետեւ Լաչինում ու Ժիրոյի հյուրընկալ օջախում եւս երկու օր մնալով՝ վերջնականապես համոզվեցի, որ առանց բջջային հեռախոսի Երեւանում ապրելն ավելի հնարավոր է, քան՝ Լաչինում, որովհետեւ էդ պահի դրությամբ Լաչինում սովորական հեռախոսներ ընդհանրապես գոյություն չունեին, եւ որպեսզի հստակ պատկերացնեք իմ ու էդ բջջային կոչվածի անհամատեղելիությունը, ստիպված եմ հիշել անցյալ տարվա սեպտեմբերի սկզբներին ինձ հետ տեղի ունեցածը:

Ես լսել էի ու գիտեի, որ Տերյանի դպրոցի իմ համադասարանցի Գագոն ռուսաստաններում մեծահարուստ է դարձել, բայց լսելն ու իմանալը մի բան է, սեփական աչքով տեսնելը՝ միանգամայն այլ, եւ երբ անսպասելի հարստացած իմ համադասարանցի Գագոն անցած տարվա սեպտեմբերի սկզբներին վերջապես բարեհաճեց Երեւան ժամանել, մտքով անցկացրեց՝ մեր դասարանի իր ամենամոտիկներին իրար գլխի հավաքել, եւ երբ պայմանավորված ժամին հանդիպեցինք, նոր Գագոյին տեսնելով՝ մեկից մոռացանք, որ Գագոն մեր դասարանի ամենաթույլ սովորողն էր, ու վերջապես Երեւան ժամանած նոր Գագոյին տեսնելով՝ մեկից նաեւ մոռացանք, որ Գագոն ոչ միայն մտավորապես էր մեզանից թույլ, այլեւ՝ ֆիզիկապես, եւ ճարպկության ու քաջության իմաստով էլ աչքի չէր ընկնում, եւ ահա՝ բոլորիս աչքից տարիներ շարունակ վրիպած Գագոն անցյալ տարվա սեպտեմբերի սկզբներին միանգամայն նոր կերպարանքով Երեւան եկավ եւ մեր դասարանի տղերքից չորսիս «Բելաջիոյում» իր շուրջ բոլորած ու ճոխ սեղանը գցած՝ համարյա չէր խոսում ու ժամանակ առ ժամանակ ընդամենը հարցեր էր տալիս ու մեր պատասխաններն էլ առանձնապես չէր լսում ու մտքով շարունակաբար ուրիշ տեղ էր, ու իր տված հարցերն էլ էին անկապ՝ ոչ մեզ էին առնչվում ու ոչ էլ իրեն, եւ իր մտածածն ինչպես վաթսունականներին էր մեզ անհայտ՝ էդպես էլ հիմա, բայց եթե վաթսունականների իր մտածմունքն էն ժամանակ մեզ բնավ չէր հետաքրքրում, հիմա ինքներս էինք ճգնում հիմիկվա իր մտածածից որեւէ բան կորզել ու հասկանալ, եւ էդ ուղղությամբ որեւէ հաջողության չհասնելով՝ առաջինը ես համարձակվեցի մտածել ու ենթադրել, որ ինքը մեր ճանաչած ու մեր իմացած նույն Գագոն է՝ ոչնչով չի փոխվել, եւ եթե նույնիսկ փոխվել էլ էր, ընդամենը մի քանի րոպե անց հատկապես ինձ համար լրիվ հինն ու նույնն էր, որովհետեւ իր մասին նոր տվյալներն ու մանրամասները հատկապես ինձ էին անհայտ, եւ եթե նույնիսկ փոխվել էլ էր, ընդամենը մի ժամ անց չորսիս ընկերակցությամբ ինքն էլ երեւի արդեն իր փոխվելը չէր զգում, եւ եթե «Բելաջիոյի» մեր հանդիպման ամենասկզբում նոր Գագոյին հանդիպելով ու տեսնելով՝ հնին անմիջապես մոռացանք, ապա ընդամենը մի ժամ անց արդեն նորին չէինք տեսնում ու չէինք նշմարում՝ էնքան որ նույնն էր, եւ ընդամենը մի ժամ անց ինքն էլ արդեն իրենից առանձնապես գոհ չէր, մանավանդ որ՝ ինքը մատուցողին շարունակ ինչ-որ արեւադարձային պտուղների անուններ էր տալիս, ու մատուցողն էլ ամեն անգամ հարցնում էր՝ «էդ ի՞նչ ա», եւ ամեն անգամ Գագոն իրավիճակից, մատուցողից ու ամեն ինչից դժգոհ պատասխանում ու ասում էր՝ «ցիտրուս ա» եւ մատուցողի հեռանալուց հետո զարմացած մեզ էր նայում ու հարցնում էր՝ «էս ո՞ւր եմ ընկել», եւ իր էդ հարցերից մեկին արձագանքելով հարցրի՝ «կարող ա՞ գորտի միս էլ ուզես, Գագո ջան», եւ Գագոն ինձ պատասխանելով ասաց՝ «էդ հասարակ բաները որ չունեն, գորտ ո՞նց կունենան» եւ հարցական ինձ նայեց, մի քիչ մտածեց ու ժպտալով հարցրեց՝ «ասում են՝ գրող ես դառել. ճիշտ ա՞», եւ ես հարցրի՝ «ո՞վ ա ասում», եւ Գագոն ասաց՝ «Վոլգոգրադ մեկի դաչայում ծնունդի էինք, մի հատ կնիկ ասեց», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ կնիկ», եւ Գագոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «մի հատ շատ բոյով կնիկ էր», եւ Գեւորը խնդալով հարցրեց՝ «գոնե հա՞յ էր», եւ Գագոն միանգամայն լուրջ պատասխանեց ու ասաց՝ «ի՞նչ հայ. հայը ո՞նց կարա էդքան բոյով ըլնի», եւ ես կռահելով ասացի՝ «հաստատ մեր կուրսի Տանյան ա էղել», եւ Գագոն զարմացած ասաց՝ «ի՞նչ ձեր կուրս. ասում եմ՝ ռուս էր», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «Արմենը Մոսկվա էլ ա սովորել», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «ճիշտ ա՞ ասում», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «հա» եւ մի քիչ մտածեցի ու ավելացրի՝ «հաստատ Տանյան ա էղել. ինքը համ շատ բոյով էր, համ էլ վոլգոգրադցի էր» եւ մի քիչ էլ մտածեցի ու հարցրի՝ «կարող ա՞ ազգանունը Բրիկսինա էր», եւ Գագոն ասաց՝ «հեչ անունը չեմ հիշում, ուր մնաց՝ ազգանունը հիշեմ», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «մենակ բոյն ա հիշում», եւ ես Գագոյին հարցրի՝ «ինքը բանաստեղծ ա, չէ՞», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «ո՞վ ա բանաստեղծ. էդ բոյլո՞ւղը», եւ ես ասացի՝ «հաստատ ինքն ա էղել. Մոսկվա իրար հետ ենք սովորել», եւ Գագոն հարցրեց՝ «իրար հետ ի՞նչ եք սովորել», եւ Սաքոն ծիծաղելով՝ իմ փոխարեն պատասխանեց ու ասաց՝ «բանաստեղծություն գրել», եւ Գագոն ինձ հարցրեց՝ «էդ բոյի բանաստեղծ ըլնո՞ւմ ա», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ամեն բոյի էլ ըլնում ա, մանավանդ՝ ռուսների մեջ», եւ Սաքոն հռհռալով ինձ հարցրեց՝ «ասում ես՝ էդ բոյովի հետ ոտանավոր գրել ե՞ք սովորել», եւ Գագոն Սաքոյին սաստելով ասաց՝ «էդ բոյովն ընկերոջս կնիկն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «ընենց որ՝ ուրիշ բաներ մի խոսա», եւ Սաքոն ծիծաղելով հարցրեց՝ «որ ընկերոջդ կնիկն ա, ո՞նց անունը չես հիշում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «հեչ պարտադիր չի, որ ընկերոջդ կնկա անունը հիշես» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «շատ հնարավոր ա, որ իրա անունը Տանյա ըլնի, որովհետեւ էդ ծնունդի վախտ որ Պավլիկը հետս ծանոթացրեց, կնիկն անունն ասեց, բայց հետո մտքիցս թռավ», եւ ես հարցրի՝ «Պավլիկն ո՞վ ա», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «էդ բոյովի մարդն ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «հետո որ անունը մտքիցս թռավ, երկրորդ անգամ ամոթ կըլներ հարցնեի», եւ ես հարցրի՝ «մարդն ի՞նչ գործի ա», եւ Գագոն ասաց՝ «Պավլիկը Վոլգոգրադի ամենահարուստ ու ամենահարգված տղերքից ա», եւ ես հարցրի՝ «շատ ա՞ հարուստ», եւ Գագոն պատասխանեց ու ասաց՝ «Աբրամովիչի չափ չի ունենա, բայց Վոլգոգրադի մասշտաբով դեմք ա», եւ Սաքոն ժպտալով Գագոյին հարցրեց՝ «կարող ա՞ Աբրամովիչին էլ ես ճանաչում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «որ ասեմ՝ ճանաչում եմ, պիտի մտածեք՝ գլուխ եմ գովում» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «ոնց որ հիմի ըսենց քու հետ եմ դեմդիմաց նստած, էս նույն ձեւով Պավլիկի դաչայում Աբրամովիչի դեմ եմ նստած էղել» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «Աբրամովիչն իրա կյանքում էդ մի անգամն ա Վոլգոգրադ ոտ դրել», եւ ես ասացի՝ «մալադեց Տանյա. փաստորեն, միլիոնատիրոջ կնիկ ա դառել», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Պավլիկի փողերը չեմ հաշվել, բայց շատ հնարավոր ա՝ մի քանի միլիոն ունենա», եւ ես նորից ասացի՝ «մալադեց Տանյա», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «էդ բոյովն իրա երկրորդ կնիկն ա», եւ ես ասացի՝ «որ սովորում էինք, ինքը ամուսնացած չէր», եւ Սաքոն ժպտալով ինձ հարցրեց՝ «ասում ես՝ գրել էի՞ք սովորում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «լավ է՞ր գրում», եւ Գագոն Սաքոյին սաստելով ասաց՝ «արդեն ուրիշ բաներ ես խոսում, Սաքուլ. ասեցի՝ ընկերոջս կնիկն ա», եւ Սաքոն փռթկացնելով ասաց՝ «գրելու մեջ ի՞նչ վատ բան կա. գրող մարդ են՝ իրար հետ գրել են» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «որ նկարիչ ըլնեին, կասեինք՝ նկարել են», եւ Գեւորը ծիծաղելով ավելացրեց՝ «որ քանդակագործ ըլնեին, կասեինք՝ քանդակել են», եւ մեր համադասարանցի Դերոն՝ որ մինչ էդ լուռ էր, անսպասելի խոսեց ու միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «որ շինարար ըլնեին, կասեինք՝ շինել են» եւ մի քիչ մտածեց ու դեմքի լրջությունը պահելով ավելացրեց՝ «կամ էլ կասեինք՝ շինվել են», եւ Գեւորը հռհռալով ասաց՝ «ամենաճիշտը Դերոն ասեց», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «մենք որ բերինք հասցրինք քանդակելուն՝ Դերոյին արդեն բան չէր մնում», եւ Գագոն Դերոյին ոտից գլուխ չափելով ասաց՝ «ինչքան հիշում եմ՝ մեր դասարանում ամենահամեստը դու էիր», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «լավ չես հիշում», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչը լավ չեմ հիշում», եւ Դերոն ասաց՝ «ինձանից համեստ մեկը կար», եւ Գագոն հարցրեց՝ «ո՞վ էր», եւ Դերոն ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «դու», եւ Գագոն զարմացած նախ մեզ նայեց, հետո նայեց Դերոյին ու հարցրեց՝ «էդ երբվանի՞ց ա համեստությունը վատ բան դառել, որ նեղանում ես», եւ Դերոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «դու ես նեղանում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ես ուրի՛շ բանի համար եմ նեղանում», եւ Դերոն հարցրեց՝ «ի՞նչ ուրիշ բան», եւ Գագոն մի քիչ մտածեց ու նեղսրտած ասաց՝ «նեղանում եմ, որ ընկերոջս կնկա վրով փոստեր եք կապում», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «ա՛յ Գագո, փոխանակ Արմենը նեղանա, դու ես նեղանում», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «Արմե՞նը խի պիտի նեղանա», եւ Սաքոն ծիծաղելով ասաց՝ «փաստորեն, էդ բոյովն Արմենի ընկերուհին ա էղել. իրար հետ ահագին գրել են» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «դու հեչ էդ բոյովի անունն էլ չէիր հիշում», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «ձեր էս ասածներն իմ ընկեր Պավլիկին են կպնում, ոչ թե՝ Արմենին», եւ Գեւորը Գագոյին ասաց՝ «ուզում ես ասես՝ Արմենն ընկերդ չի՞», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «Արմենը որ ընկերս ըլներ՝ իրա մաբիլնիի համարը կիմանայի», եւ ես զարմացած հարցրի՝ «ի՞նչ մաբիլնի», եւ Գեւորն ինձ ասաց՝ «մաբիլնին սոտըվի հեռախոսն ա», եւ ես Գագոյին ասացի՝ «որ սոտըվի չունեմ, ո՞նց պիտի համարն իմանայիր», եւ Գագոն զարմացած նախ ինձ նայեց, հետո նայեց Գեւորին ու հարցրեց՝ «իսկականից չունի՞, թե՞ հանաք ա անում», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «իսկականից չունի», եւ Գագոն նորից հարցրեց՝ «թե՞ հանաք եք անում», եւ Գեւորը նորից պատասխանեց ու ասաց՝ «չունի», եւ Գագոն զարմացած հարցրեց՝ «բա իրան ո՞նց ես գտել», եւ Գեւորն ասաց՝ «զանգել եմ իրանց տուն», եւ Գագոն մի քիչ մտածեց ու ասաց՝ «պարզ ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ինձ հարցրեց՝ «կարող ա՞ գրողները մաբիլնի չեն պահում», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նայած գրող», եւ Դերոն ծիծաղելով ասաց՝ «ասում են՝ Մեսրոպ Մաշտոցն էլ չի պահել» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով ավելացրեց՝ «վայ թե Պարույր Սեւակն էլ սոտըվի չի ունեցել», եւ Գագոն արհամարհանքով նայեց Դերոյին ու ասաց՝ «ուշ-ուշ ես խոսում, բայց որ խոսում ես՝ լավ էլ ստացվում ա», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «ուշ-ուշ ա խոսում, բայց ո՛չ ուշացած», եւ Գագոն արհամարհանքով նայեց Գեւորին ու ասաց՝ «որ գերազանցիկ էիր՝ վերջը ինչի՞ հասար», եւ Գեւորը ժպտալով Գագոյին ասաց՝ «քո՛ւ համեմատ էի գերազանցիկ», եւ Գագոն նորից հարցրեց՝ «բայց վերջն ինչի՞ հասար», եւ Սաքոն ծիծաղելով Գագոյին ասաց՝ «մաբիլնի ունի», եւ Գագոն Սաքոյին ասաց՝ «քեզնից լավ գիտեմ» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «իրա մաբիլնիի վրեն եմ զանգել, որ էսքանիդ իրար գլխի եմ հավաքել», եւ Դերոն Գեւորին հարցրեց՝ «էս ռեստորանի անունն ինչ է՞ր», եւ Գեւորը պատասխանեց ու ասաց՝ «Բելաջիո», եւ Դերոն Գագոյին ասաց՝ «որ մեզ իրար գլխի չհավաքեիր, էս ռեստորանի տեղը դժվար էլ իմանայինք», եւ Գեւորը ժպտալով Գագոյին հարցրեց՝ «ճիշտ եմ ասում, չէ՞», եւ Գագոն հարցրեց՝ «ի՞նչն ես ճիշտ ասում», եւ Գեւորը հիացմունքով Դերոյին նայելով՝ Գագոյին ասաց՝ «ուշ-ուշ ա խոսում, բայց ո՛չ ուշացած», եւ Գագոն մի քիչ մտածեց ու Գեւորին ասաց՝ «Արմենի տեղը դո՛ւ պիտի գրող դառած ըլնեիր», եւ Գեւորը ծիծաղելով ասաց՝ «Արմենի հնարավորություններն ո՞վ ունի. ինքը վերեւներում լիքը ծանոթ ունի, դրա համար էլ ինքն ա գրող դառել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել